«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջը (ԵՊԲՀ քոլեջ) միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում»։
Այստեղ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման։ Քոլեջում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։
Ընդունելություն
Քոլեջի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով: Դիմորդը մրցույթին մասնակցում է «Կենսաբանություն» առարկայից գրավոր թեստային քննության գնահատականի, դիմորդի հիմնական կրթության վկայականում կամ ատեստատում ամրագրված «Հայոց լեզու» առարկայի քննական գնահատականի, «Քիմիա» առարկայի գնահատականի և հիմնական կրթության վկայականի կամ ատեստատի բոլոր գնահատականների թվաբանական միջինի գումարային թվանշանով: Ընդունելության մրցույթն անցկացնելիս բոլոր գնահատականները հաշվարկվում են 20 միավորային համակարգով:
2026թ-ի հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը։
Այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացն ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակում՝ թվայնացման նոր հնարավորությունների կիրառմամբ։
Ընդունելության գործընթացը բաղկացած է լինելու երկու փուլից։ Առաջին փուլում ծնողները պետք է գրանցվեն համակարգում, այսինքն՝ նախ նույնականացվեն՝ գրանցվելով my.emis.am հարթակում, որից հետո կկարողանան սկսել բուն ընդունելության հայտագրումը։
- Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով՝ hayt-college.emis.am, համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդունելության քննություն «Կենսաբանություն» առարկայից
Քոլեջի ընդունելության քննությունը «կենսաբանություն» առարկայից անցկացվում է Երևանի պետական բժշկական համալսարանում տվյալ տարվա հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Քննության տևողությունը 60 րոպե է: Յուրաքանչյուր տոմսում առկա է 50 թեստային հարց, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը գնահատվում է 0,4 միավոր:
«Կենսաբանություն» առարկայի քննական թեստերը կազմվում են հիմնական ընդհանուր կամ միջնակարգ լրիվ կրթական ծրագրերին համապատասխան: Քննական տոմսի նմուշին և քննական հարցաշարին կարող եք ծանոթանալ ստորև↓
Գնահատման 10 միավորային համակարգից 20 միավորային համակարգի անցման համար կիրառվում է հետևյալ սանդղակը
| 10 միավորային համակարգ | <10> | <9> | <8> | <7> | <6> | <5> | <4> |
| 20 միավորային համակարգ | <20> | <18> | <16> | <14> | <12> | <10> | <8> |
Ընդունվելու դեպքում դիմորդը ԵՊԲՀ քոլեջ պարտավոր է ներկայացնել.
- 4 լուսանկար (3x4 չափի),
- Կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,
- Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր,սոց.քարտ, ծննդյան վկայական) բնագիրը և պատճենը,
- Անձը հաստատող փաստաթղթի նոտարական թարգմանությունը (Արտերկրացիների համար),
- Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի բնագիրը և պատճենը, (անչափահաս լինելու դեպքում),
- Տեղեկանք բնակության վայրից
- Զինվորական կցագրման վկայական (առկայության դեպքում),
- Զինվորական գրքույկ (առկայության դեպքում),
- Տեղեկանք տեղամասային պոլիկլինիկայից առողջական վիճակի վերաբերյալ (բնագիրը և պատճենը),
- Ծնողների աշխատանքի վայրից տեղեկանք
- Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոնների) դիպլոմները (առկայության դեպքում),
- Տեղեկանք նարկոդիսպանսերում հաշվառված չլինելու մասին (միայն Բուժական գործ մասնագիտությամբ դիմորդների համար /ՊՆ պետպատվեր/)
- Տեղեկանք հոգեբուժարանում հաշվառված չլինելու մասին (միայն Բուժական գործ մասնագիտությամբ դիմորդների համար/ՊՆ պետպատվեր/)
- Տեղեկանք ոստիկանության անչափահասների բաժնում հաշվառված չլինելու մասին (միայն Բուժական գործ մասնագիտությամբ դիմորդների համար/ՊՆ պետպատվեր/):