Պատմություն
Հիմնադրվել է 2011թ.ին (1961թ.):
Ակնաբուժական ամբիոնը ձևավորվել է 1961թ.-ին, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում: Ստեղծման օրից մինչև 1980թ.-ը ամբիոնը ղեկավարել է Եկատերինա Բլավատսկայան: Նա միաժամանակ եղել է ամբիոնի բազայի` 8րդ կլինիկական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավարը։ Եկատերինա Բլավատսկայան առաջինն է մշակել և կլինիկական ակնաբուժությունում ներդրել ինտերլյամիլյար կերատոպլաստիկան: Հրատարակվել է նրա մենագրությունն այդ թեմայով (Օդեսսա):
1968թ.-ին պրոֆեսոր Եկատերինա Բլավատսկայի նախաձեռնությամբ Առողջապահության ազգային ինստիտուտի ակնաբուժական կլինիկայի բազայի վրա ստեղծվել է Հայաստանում առաջին մանկական ակնաբուժական բաժանմունքը, որի կազմում գործել են երեխաների տեսողության պահպանման, օրթոպտիկ և կարճատեսության բուժման կաբինետները: Հետագայում բաժանմունքը դարձել է մանկական ակնաբուժական ծառայության կենտրոն:
1980-1991թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Իրինա Միրզա-Ավագյանը: Նրա ղեկավարության տարիներին զգալիորեն ընդլայնվել է ամբիոնի կլինիկական բազան, կառուցվել է երկու առանձնաշենք, ստեղծվել են նոր լաբորատորիաներ և կաբինետներ:
Պրոֆեսոր Իրինա Միրզա-Ավագյանը էնդօֆտալմիտի, հիֆեմայի վիրահատական բուժման եղանակի (առաջնային խցիկի օղակաձև դրենաժ) հեղինակը և առաջին կիրառողն է ակնաբուժության մեջ: Նրա ղեկավարությամբ հրատարակվել են բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկներ այդ թեմայով:
1991թ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը:
2014թ.-ից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Ահարոն Գաբրիելյանը:
2011թ.-ից ակնաբուժության ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ֆակուլտետի կազմում: Ամբիոնի կլինիկական բազաներն են՝
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժինը,
«Գապեքս» ակնաբուժական կլինիկան (2005թ.-ից),
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժինը:
Բազաներում գործում են վիրահատարաններ, վիրակապարաններ, տեսողական օրգանի հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետներ, որոնք հագեցած են ամենաժամանակակից սարքավորումներով,առկա են լազերային վիրահատարաններ, պլեօպտոօրթօպտիկ բուժման, տեսողական կոնտակտային կորեկցիայի կաբինետներ: Օրդինատորների համար ստեղծվել են ուսումնական սենյակներ, ցուցադրման սարքավորումներով լսարան, հանգստի սենյակ:
Հիվանդանոցի աշխատակիցները տարվա ընթացքում կատարում են մոտ 1500 վիրահատություն, իրականացնում խորհրդատվություններ: Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են մարզային այցերի, որոնց ընթացքում կատարվում են պրոֆիլակտիկ զննումներ, իրականացվում խորհրդատվություններ, որոնց մասնակցում են նաև կլինիկական օրդինատորները:
Ուսուցում
Ամբիոնն իրականացնում է հետդիպլոմային ուսուցում հատուկ մշակված ծրագրով` 3 տարի տևողությամբ: Ծրագիրը ներառում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում`
ակնաբուժության բոլոր բաժինների վերաբերյալ դասախոսություններ,
գործնական և սեմինար դասընթացներ,
մասնակցություն հիվանդների գործնական վարմանը կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,
մասնակցություն վիրահատություններին,
ամբուլատոր վիրահատությունների և մանիպուլյացիաների ինքնուրույն անցկացում:
Ամեն տարի ամբիոնն, ըստ նախագծի, անցկացնում է ակնաբուժության տարբեր բաժինների վերաբերյալ կրեդիտային 4 (7-շաբաթյա) և կարճաժամկետ 5 թեմատիկ վերապատրաստման ցիկլեր՝ ակնաբուժական կաբինետների և ստացիոնարների ակնաբույժների ու բժշկական միջին անձնակազմի համար: Կազմակերպվում են վերապատրաստման կուրսեր ինդիվիդուալ ծրագրով: Կլինիկական օրդինատուրա ընդունելությունն ու ցիկլային ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ-ի կողմից հաստատված կանոնակարգի և ընդունված ժամկետների համաձայն:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում պաշտպանվել են դոկտորական հետևյալ ատենախոսությունները`
«Ներակնային անոթների ռեակտիվության դերն առաջնային գլաուկոմայով հիվանդների բուժման ժամանակ», Հովհաննիսյան Ա.Հ. (Երևան, 1996թ.),
«Հայաստանում գլաուկոմայի տարածվածության ուսումնասիրումն ու սոցիալ-հիգիենիկ գնահատումը», Հայրյան Մ.Ա. (Երևան, 2005թ.),
«Մանկական ակնաբուժական ծառայության կազմակերպման գիտակազմակերպչական մեթոդոլոգիական սկզբունքները», Եղիազարյան Հ.Վ., (Երևան, 2008 թ.),
«ԳԲՀ ակնաբուժությունում (ախտորոշում և բուժում)», Գաբրիելյան Ա.Ռ., (Երևան, 2009թ.):
Ամբիոնում պաշտպանվել են թեկնածուական հետևյալ թեզերը.
«Արցունքի կրիստալոգրաֆիկ պատկերի բնութագիրը տեսողական օրգանի որոշ ախտաբանությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի աշխատողների մոտ», Հակոբյան Լ.Հ., (Երևան, 2005թ.),
«Ցանցենու ախտահարումների գունակոնտրաստային ախտորոշման նոր մեթոդ ու նրա կիրառումը», Մելիքյան Լ.Մ., (Երևան, 2007թ.),
«Վիրահատական բարդությունների պրոֆիլակտիկականկատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիայի ժամանակ պսևդոէքսֆոլեատիվ համախտանիշով հիվանդների մոտ», Բալյան Մ.Գ., (Երևան, 2007թ.,),
«Հիվանդների կատարակտայի էքստրակցիայից հետո առաջացած բորբոքումների կանխատեսության և բուժման նոր մեթոդիկան», Պողոսյան Ռ.Ա., (Երևան, 2009 թ.),
«Գլխուղեղի կեղևի 21b Էքստրա-ստրիար ասոցիատիվ շրջանում տեսողական ինֆորմացիայի վերամշակման նեյրոնային մեխանիզմները», Շարանբեկյան Ա.Բ., (Երևան, 2011թ.),
«Էրիթրոցիտների զգայունությունը ԳԲՀ-ի նկատմամբ ակնագնդի վնասվածքների ժամանակ», Գաբրիելյան Ա.Ռ., (Երևան, 2000թ.),
«Համագործակցված հորիզոնական ուղղաձիգ շլության վիրաբուժական բուժումը հորիզոնական մկանների վիրահատությամբ», Բարսեղյան Մ.Լ., (Երևան, 2013թ.),
«Կոնսերվանտ պարունակող և կոնսերվանտ չպարունակող պրոստագլանդինների ազդեցությունը գլաուկոմայով հիվանդների մոտ», Հարությունյան Մ.Ս., (Երևան, 2015թ.):
Վերջին ժամանակների ընթացքում ամբիոնի կողմից հրատարակվել է գիտական մոտ 450 աշխատանք, այդ թվում՝ հեղինակավոր միջազգային հրատարակություններում, տպագրվել են բազմաթիվ ուսումնամեթոդական հանձնարարականներ ու ձեռնարկներ, ինչպես նաև դասագրքեր: Ամբիոնի աշխատակիցները փորձագիտական ու մասնագիտացված խորհուրդների անդամներ են և ակտիվորեն մասնակցում են միջազգային ֆորումներին:
Ներկայումս ամբիոնի գիտահետազոտական աշխատանքն ուղղված է տեսողական անալիզատորի տարիքային փոփոխությունների պաթոգենետիկ մեխանիզմների բացահայտման, քննարկման և ուսումնասիրմանը, դիաբետիկ ռետինոպաթիայի պրոֆիլակտիկային և բուժմանը:
Համագործակցություն
Ներկայումս ամբիոնում պատրաստվում է աշխատանքային պայմանագիր Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի հետ Մոսկվա: