Պատմություն
Հիմնադրվել է 2011թ.-ին (1963թ.):
Հայաստանում անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի դասավանդումը սկսվել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (հետագայում՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ) 1963թ.-ին, երբ հիմնադրվել է կրծքային վիրաբուժության և անէսթեզիոլոգիայի ամբիոնը:
Հիմնադրման օրվանից մինչև 1990թ.-ը ամբիոնի անեսթեզիոլոգիայի դասընթացը ղեկավարել է դոցենտ Ալեքսանդր Պետրոսյանը:
1991թ.-ին անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնն առանձնացել է, և ամբիոնի վարիչ է նշանակվել պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը:
2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:
Ամբիոնն իր գործունեությունը ծավալում է հետևյալ բուժհաստատություններում`
- «Էրեբունի» բժշկական կենտրոն,
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,
- «Արաբկիր» բժշկական կենտրոն,
- «Շենգավիթ» բժշկական կենտրոն
- «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»,
- «Նաիրի» բժշկական կենտրոնները:
Ուսուցում
Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը կլինիկական օրդինատուրայի եռամյա ծրագրի շրջանակներում պատրաստում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ: Բացի այդ` ամբիոնում իրականացվում է նաև գործող անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների ու անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժիններում աշխատող միջին բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստում՝ կարճաժամկետ (2 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) դասընթացների միջոցով:
Ուսուցումն ամբիոնում հնարավոր է իրականացնել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են`
- հետդիպլոմային կրթության ժամանակակից եղանակների ուսումնասիրությունը անեսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում,
- նոր տեխնոլոգիաների կիրառումը հետդիպլոմային կրթության մեջ,
- գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների բուժման նոր եղանակների ուսումնասիրություն,
- hոգեհուզական կարգավիճակի շտկումը վիրաբուժական հիվանդների մոտ,
- ընդհանուր անզգայացման ազդեցությունը ճանաչողական ֆունկցիաների վրա:
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են տեղական և միջազգային գիտաժողովների, որոնց ընթացքում ներկայացնում են ամբիոնի գիտական գործունեության արդյունքները: Ամբիոնի կողմից հրատարակվել են բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գիտական հոդվածներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հայտնի ամսագրերում:
Համագործակցություն
Ամբիոնը սերտորեն համագործակցում է Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորման հետ, ինչի արդյունքում ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի վերաբերյալ կազմակերպված բոլոր գիտաժողովներին և դասընթացներին:
Ամբիոնն ակտիվորեն համագործակցում է նաև միջազգային մասնագիտական կառույցների հետ: Եվրոպայում անեսթեզիոլոգիայի ասպարեզում ամենախոշոր կազմակերպության` Անեսթեզիոլոգիայի եվրոպական ընկերության հետ սերտ և բազմակողմանի համագործակցությունը, որն արտահայտվում է ինչպես կրթական, այնպես էլ գիտական ասպարեզներում, համակարգվում է ամբիոնի դոցենտ Ա. Վարոսյանի կողմից: Վերջինս երկար տարիներ այդ կազմակերպության անդամն է և ընդգրկված է նրա տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներում, մասնավորապես՝ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննական հանձնաժողովի անդամ է և նույն դիպլոմի առցանց գնահատման հանձնաժողովի նախագահն է: Հենց այս համագործակցության արդյունքում էլ Երևանում հիմնվեցին Անեսթեզիոլոգիայի եվրոպական դիպլոմի քննական և Անեսթեզիոլոգիական կրթության եվրոպական կոմիտեի տարածաշրջանային կենտրոնները: Վերջինս պարբերաբար կրթական տարբեր դասընթացներ է կազմակերպում արտասահմանից հրավիրված բարձրակարգ դասախոսների մասնակցությամբ:
Ամբիոնը համագործակցում է նաև մանկաբարձական անզգայացման միջազգային «Կիբելե» կազմակերպության հետ, ինչի արդյունքում Երևանում և հանրապետության մարզերում կանոնավոր կերպով կազմակերպվում են գիտաժողովներ, դասընթացներ և գործնական պարապմունքներ:
Միջազգային գիտաժողովներ
Ամբիոնն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորման կողմից կազմակերպված բոլոր համագումարներին, գիտաժողովներին և դասընթացներին, ստորև ներկայացված են վերջին տասը տարվա ընթացքում կազմակերպված նման միջոցառումները.
- «Կիբելե» կազմակերպության ծրագրի շարունակական բժշկական կրթության (ՇԲԿ) դասընթաց «Անզգայացումը մանկաբարձության մեջ» (Երևան, 2006թ.),
- «Անզգայացման և ինտենսիվ թերապիայի արդի խնդիրները», ՇԲԿ դասընթաց (Երևան, 2007թ.),
- Երեխաների շնչուղիների կառավարման Հայաստանում առաջին սիմպոզիում (Երևան, 2010թ.),
- «Կիբելե» կազմակերպության ծրագրի գործնական սեմինարներ և գիտաժողով մանկաբարձական անզգայացման վերաբերյալ (Երևան, 2010թ.),
- «Ռեգիոնար անզգայացման ընտրյալ խնդիրները», միջազգային գիտաժողով (Երևան, 2011թ.),
- «Ինտենսիվ թերապիայի արդի հարցերը», միջազգային գիտաժողով (Երևան, 2011թ.),
- «Մանկաբարձական անէեսթեզիոլոգիայի արձանագրերը», միջազգային գիտաժողով և ՇԲԿ դասընթաց (Երևան, 2012թ.),
- «Ռեգիոնար անզգայացման և ցավի բուժման արդի մոտեցումները», ՇԲԿ դասընթաց և գիտաժողով (Երևան, 2013թ.),
- «Անզգայացման առանձնահատկությունները սրտանոթային խնդիրների դեպքում», ՇԲԿ դասընթաց և գիտաժողով (Երևան, 2014թ.),
- «Անհետաձգելի բուժօգնությունը վնասվածքների դեպքում», ՇԲԿ դասընթաց և գիտաժողով (Երևան, 2015թ.)
- «Անզգայացման և ինտենսիվ թերապիայի ընտրյալ խնդիրներ», ՇԲԿ դասընթաց (Երևան, 2016թ.):