«Մի վնասիր» հայտնի սկզբունքի հիմքը մարդու առողջապահական իրավունքն է:
Երևանի պետական բժշկական համալսարանն առանձնահատուկ դեր է հատկացնում ապագա բժիշկների իրավագիտակցության բարձրացման ու զարգացմանն ուղղված կրթական ծրագրերին, հաշվի առնելով բժշկման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ պացիենտի առաջին և հիմնական իրավունքների պաշտպանը պրոֆեսիոնալ բժիշկն է:
Բժշկական համալսարանը կարևորում է նաև առողջապահության ոլորտի այլ մասնագետների իրավագիտակցության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված իրավակրթական ծրագրերի իրականացումը:
Պատմություն
Բժշկական համալսարանում «Իրավունք» առարկան դասավանդվում է 1977 թվականից:
Մինչև 1988 թվականը դասավանդվել է որպես «Խորհրդային իրավունք» առարկա:
1988 թվականից 2012 թվականը դասավանդվել է որպես «Իրավագիտություն» առարկա:
2012 թվականին, առաջինը Հայաստանում՝ Բժշկական համալսարանում ներդրվել է «Առողջապահական իրավունք» առարկան:
Ուսուցում
Բժշկական համալսարանում առողջապահական իրավունք առարկան դասավանդվում է Առողջապահական իրավունքի կրթական խմբի կողմից, որը հիմնադրվել է 2012 թվականին, որպես մասնագիտացված ուսումնագիտական կառույց:
«Առողջապահական իրավունքը»` իրավագիտության որոշակի մաս է, որի մեջ են մտնում իրավունքի տարբեր ճյուղերի մարդու առողջությանը, բժշկությանը, հանրային առողջապահությանը վերաբերող իրավահարաբերությունները: Այն իր մեջ ներառում է սահմանադրական իրավունքի, քաղաքացիական իրավունքի, վարչական իրավունքի, քրեական իրավունքի, կորպորատիվ իրավունքի և իրավունքի այլ ճյուղերի առողջապահությանն առնչվող որոշակի մասեր:
Առողջապահական իրավունքի ուսումնասիրությունների առարկան է՝ առողջապահական իրավահամակարգը, բժշկական գործունեությունը, պացիենտների և բժիշկների իրավունքներն ու պարտականությունները, բժշկական էթիկայի կանոնները, բուժաշխատողների պատասխանատվությունը, առողջապահական կազմակերպությունները, պետության դերն առողջապահության, բժշկական օգնության և սպասարկման հարաբերություններում, առողջապահության կազմակերպման գործում:
Առողջապահական իրավունք առարկան նախատեսված է և դասավանդվում է Բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական, հանրային առողջության ֆակուլտետներում, կլինիկական օրդինատուրայում, ինտերնատուրայում, ասպիրանտուրայում, քոլեջում:
Առողջապահական իրավունք առարկան ամփոփված է դասախոսությունների ժողովածուի մեջ, որը ներառում է հետևյալ դասախոսությունները և թեմաները.
Դասախոսությունների ժողովածու
Դասախոսությունների ժողովածու
Դասախոսություն I. Իրավունքի հիմունքներ
- Առողջապահական իրավունքի առարկա
- Իրավունքի հասկացությունը և իրավական ակտերը
- Սահմանադրական իրավունքի հիմունքներ
- Մարդու իրավունքներ
- Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական ձևերը
- Աշխատանքային իրավունքի հիմունքներ, բուժաշխատողներ
Դասախոսություն II. Բժշկական իրավունք
- Առողջության և բժշկման իրավունքի հիմունքներ
- Առողջապահական և բժշկական իրավահամակարգը
- Պացիենտների իրավունքները և պարտականությունները
- Բժիշկների մասնագիտական գործունեության իրավական կարգավորումները, բժշկական էթիկայի կանոններ
- Առողջապահական կազմակերպություններ
- Բժշկական և առողջապահական միջազգային իրավական կարգավորումներ
Դասախոսություն III. Պատասխանատվությունն առողջապահության ոլորտում
- Բժշկական քրեական իրավունք
- Վարչական պատասխանատվություն
- Պատասխանատվության այլ տեսակներ
Դասախոսություն IV. Առողջապահական իրավական բարեփոխումներ
- Առողջապահական օրենսդրական բարեփոխումներ
- Պարտադիր առողջության ապահովագրությունը որպես առողջապահական բարեփոխումների կարևոր գործոն
Դասախոսություն V. Հակակոռուպցիոն քաղաքականություն
- Կոռուպցիայի հասկացությունը
- Հակակոռուպցիոն գործիքներ:
Առողջապահական իրավունքի կրթական խումբն իրականացնում է նաև իրավունքի լրացուցիչ կրթական ծրագրեր՝ իրավաբանների, փաստաբանների, բուժաշխատողների, առողջապահության կազմակերպիչների և այլ մասնագետների համար:
Դասախոսական կազմ
Առողջապահական իրավունքի կրթական խմբի դասախոսական կազմը ներկայացնում են Մելիք Սողոմոնյանը (ղեկավար), դոցենտ Նաիրա Զոհրաբյանը, ավագ դասախոս Էլլադա Հայրիյանը, դասախոսներ Կորյուն Արևշատյանը, Տիգրան Խաչիկյանը և ասիստենտ Ռուզաննա Մովսիսյանը:
Կրթական խմբի դասախոսական կազմը ներգրավված է առողջապահական իրավունքի ոլորտի և եվրոպական իրավունքի վերաբերյալ հետազոտություններում: