Պատմություն
Հիմնադրվել է 1923 թ:
Ամբիոնի վարիչ՝ Կոստանդին Ղուկասի Մանուկյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ամբիոնը ղեկավարել են պրոֆ. Ա.Ի. Իսահակյանը (1923-51թթ.), պրոֆ. Բ.Գ. Ավետիքյանը (1951-54 թթ.), պրոֆ. Վ.Գ. Միքայելյանը (1954-75 թթ.), դոց. Լ.Ա. Ֆրանգուլյանը (1975-86 թթ.), պրոֆ. Վ.Ա. Շեկոյանը (1986 -2022թթ.):
Ամբիոնի հիմնադիրն է գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աբգար Իսահակի Իսահակյանը (1885-1977թթ.): 1911թ. ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1914թ. զինվորական ծառայության է անցել Հայաստանում: Ակտիվորեն մասնակցել է սանհիգիենիկ գիտահետազոտական և անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտների հիմնադրմանը: Նրա գրչին են պատկանում ավելի քան 40 գիտական աշխատանքներ:
Շուրջ 20 տարի ամբիոնը ղեկավարել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վերգինե Գևորգի Միքայելյանը: 1927թ. առաջին 32 շրջանավարտների թվում ավարտել է Երևանի պետական համալսարանի բժկական ֆակուլտետը և անցել աշխատանքի գործնական առողջապահության համաճարակաբանական ծառայությունում: 1938-44թթ. եղել է բժշկական ինստիտուտի ռեկտոր, 1954-75թթ. ղեկավարել է մանրէաբանության ամբիոնը: 1940թ. պաշտպանել է թեկանածուական, իսկ 1948թ. դոկտորական ատենախոսություններ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 15 թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություն: Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի, Պատվո նշան երկու շքանշաններով և մեդալներով:
1986-2022թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Վլադիմիր Արմենակի Շեկոյանը: Ծնվել է Երևանում 1942թ.: 1964թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը և շուրջ 58 տարի գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում բժշկական համալսարանում՝ մանրէաբանության ամբիոնի ասպիրանտ, ասիստենտ, պրոֆեսոր և ամբիոնի վարիչ: 1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1978թ. Լենինգրադում՝ դոկտորական ատենախոսություններ: 1982թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Հեղինակ է շուրջ 150 ուսումնագիտական հրապարակումների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ դոկտորական և ինը թեկնածուական ատենախոսություններ: 1979-81թթ. աշխատել է ինստիտուտի ԿԳՀԼ-ում որպես իմունաբանության լաբորոտորիայի վարիչ, 1979-82թթ. արհկոմիտեի նախագահ, 1983-91թթ. բուժական ֆակուլտետի դեկան, իսկ 2002-2011թթ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Պրոֆեսոր Վ.Ա.Շեկոյանը ընտրվել է Հայաստանի հանրապետության Բժշկական Գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի դաշնության բնական գիտությունների ակադեմիայի (Հայաստանյան մասնաճյուղի) ակադեմիկոս, պաշտպանական մասնագիտական և մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է:
Բազմամյա ու բեղմնավոր կազմակերպչական և գիտամանկավարժական գործունեության համար 2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մ.Հերացու անվան մեդալով, 2010թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Տարբեր տարիներ ամբիոնում իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել Ա.Հ.Միրզաբեկյանը, Լ.Ա. Ֆրանգուլյանը, Մ.Ի.Ալավերդյանը, Ջ.Հ.Ամյանը, Մ.Հ.Մելքումյանը, Է.Գ.Շեկոյանը, Ջ.Ա.Ահարոնովան, Ռ.Հ.Մանուկյանը, Ն.Պ.Բաբայանը, Վ.Ս.Թովմասյանը, Ն.Ա.Թարվերդյանը, Ս.Ց.Չիլինգարյանը, Կ.Խ.Քալաշյանը, Ս.Յու.Զալինյանը, Վ.Ա.Ասոյանը, Զ.Հ.Գևորգյանը և ուրիշներ:
Ուսուցում
Ամբիոնում դասավանդվում է բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն իմունաբանություն առարկան, որի նպատակն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարն է, ընդհուպ դրանց լիակատար վերացումը մարդկային հասարակությունից։ Ներկայացված նպատակով պայմանավորված, բժշկական մանրէաբանությունը ուսումնասիրում է ախտածին՝ ինֆեկցիոն հիվանդություններ առաջացնող մանրէները, դրանց կառուցվածքը, կենսակերպը և փոխհարաբերությունները շրջակա կենդանի և անկենդան բնության հետ, ինչն էլ ընկած է մանրէաբանության առջև ծառացած կարևորագույն երեք խնդիրների՝ ինֆեկցիոն հիցվանդությունների լաբորատոր ախտորոշում, բուժում, կանխարգելում, լուծման հիմքում։ Դասընթացն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով դասախոսությունների, գործնական և լաբորատոր աշխատանքների ձևաչափով՝ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետներում IV և V կիսամյակներում, դեղագիտական ֆակուլտետում III և IV կիսամյակներում, ինչպես նաև քոլեջում մեկ կիսամյակ։ 2011թ.-ից կազմակերպված է ուսուցում <Մանրէաբանություն> մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար և երկարաժամկետ ու կարճաժամկետ վերապատրաստման և մասնագիտացման դասընթացներ բժիշկ մանրէաբանների (մինչև 2020թ․) և լաբորանտների համար:
Մեծ աշխատանք է կատարվում ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսումնամեթոդական գրականության ստեղծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Ստեղծվել է էլեկտրոնային բանկ, որը ներառում է երեք լեզվով մշակված և ունիֆիկացված դասախոսություններ ու թեստեր, մանրէների մորֆոլոգիան և ուլտրակառուցվածքը ներկայացնող էլեկտրոնային ատլաս, առարկայի տարբեր բաժինները ներկայացնող տեսաֆիլմեր, մուլտիմեդիաներ, լազերային սկավառակներ, պաստառներ և այլ ցուցադրական նյութեր: Թվային տեխնոլոգիաների (Mentimeter, Quizlet) կիրառմամբ անց են կացվում գործնական պարապմունքներ։ Անգլերեն լեզվով դասավանդումը ամբիոնում սկսվել է 2002/03ուս. տարում, որի արդյունավետ կազմակերպման նպատակով պատրաստվել են որակյալ դասախոսներ (դասավանդում են 4 դոցենտ և 4 դասախոս) և ուսումնամեթոդական գրականություն առարկայի բոլոր բաժիններից:
Ամբիոնի կողմից հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզվով հրատարակվել են դասագիրք՝ <Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն> (2009), <Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն> (2015) և ուսումնական ձեռնարկներ՝ <Մեթոդական մշակումներ ընդհանուր մանրէաբանությունից> (2003), <Methodical instructions for practical lessons of common microbiology> (2001), <Methodical Instructions for Practical lessons of special Microbiyology>, (2002), <Viruses. General characteristics of viruses. Viral structure. Taxonomy of viruses. Viral multiplication. Cultivation of viruses. Bacteriophage> (2003), <Microflora of plant drug raw material, phythopathogenic microorganisms, microbial control of drug material, Microbiology and immunology of stomatologic diseases> (2008), <Special microbiology> (2016), <Laboratory manual on medical microbiology> 2019, <Общая микробиология> (2008), <Частная микробиология> (2016): 2022թ․ին կազմվել են ձեռնարկներ «Ընդհանուր մանրէաբանություն» դասընթացից հայերեն և ռուսերեն լեզուներով և «Մասնավոր մանրէաբանութուն» դասընթացից հայերեն լեզվով, որոնք տեղադրվել են բուհի էլեկտրոնային գրադարանում և ներկայացվել են տպագրության։
Ամբիոնում մշտապես գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական աշխատանքներին:
Գիտահետազոտական աշխատանք
Ամբիոնը կազմավորման սկզբնական շրջանում զբաղվել է արևադարձային տեղական վարակների ուսումնասիրություններով՝ պապատաչի տենդ, լեյշմանիոզներ, տզային հետադարձ տիֆ, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակներ և մալթայան տենդ (բրուցելյոզ): Այնուհետև ամբիոնում զբաղվել են ՀՍՍՀ երկրամասային ախտաբանության՝ աղիքային վարակների հարցերով (Բ.Ավետիքյան, Վ.Միքայելյան, Ա.Միրզաբեկյան, Ջ.Ահարոնովա, Լ.Ֆրանգուլյան, Է.Շեկոյան և ուրիշներ): Ուսումնասիրվել են նաև դիֆթերիայի հարուցիչը (Ջ.Ամյան), վերքային ինֆեկցիաների հարուցիչները (Բ.Ավետիքյան, Մ.Ալավերդյան) և պնևմոնիայի միկոպլազմաներով հարուցված հիվանդությունը (Ն.Բաբայան): Հետազոտվել են հակաբիոտիկների, արդյունաբերական թույների, գյուղատնտեսական թունաքիմիկատների ազդեցությամբ օրգանիզմի իմունաբանական տեղաշարժերը, նյարդահումորալ մեխանիզմների դերը օրգանիզմի իմուն պրոցեսների կարգավորման հարցում (Վ.Շեկոյան): Ուսումնասիրվել է նաև էլեկտրոստատիկ դաշտի ազդեցությունը առաջնային իմուն պատասխանի և մակրոֆագերի ակտիվության վրա (Վ.Թովմասյան), կարդիովիրաբուժական միջամտությունների ազդեցությունը իմունակարգավորման օղակի վրա և վերջինիս դերը թարախասեպտիկ բարդությունների առաջացման խնդրում (Լ.Մխեյան), անաէրոբ-աէրոբ մանրէների փոխազդեցության ասոցացված դերը վերքային ինֆեկցիաների պաթոգենեզում (Ն.Թարվերդյան), Երևան քաղաքի երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման և սեռական հասունացման տեմպերի և աղիների նորմալ միկրոբիոցենոզի վիճակը (Մ.Հովհաննիսյան), ռոտավիրուսային գաստրոէնտերիտով հիվանդացությունը Հայաստանում (Կ.Մանուկյան), աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության համաճարակաբնությունը ԼՂՀ-ում (Զ.Ասրիյան):
1986 թվականից բժշկական մանրէաբանության ամբիոնի գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնասիրությանը իմունաբանական գործընթացներում: Առաջին անգամ պարզաբանվել է հիպոթալամուսի մոդուլացնող դերը մակրոֆագերի ֆունկցիոնալ ակտիվության գործում (Վ.Շեկոյան), գամաամինոկարագաթթվի փոքր դոզաների իմունոխթանիչ ազդեցությունը բնական իմունիտետի կարևորագույն գործոնների և առաջնային իմուն պատասխանի վրա (Վ.Շեկոյան, Դ.Մուրադյան): Բացահայտվել է ԳԱԿԹ-ի նպատակաուղղված օգտագործման հնարավորությունը իմուն պրոցեսների կարգավորման նպատակով նորմայում և տարբեր ախտաբանական պրոցեսներում՝ վերքային ինֆեկցիոն պրոցես (Վ.Շեկոյան, Ն.Թարվերդյան, Լ.Մխեյան, Կ.Մանուկյան) իմոբիլիզացիոն սթրես (Վ.Շեկոյան, Վ.Թովմասյան), սակավաշարժություն (Վ.Շեկոյան, Ս.Զալինյան, Ք.Աբգարյան, Գ.Պողոսյան):
Վերջին տարիներին ուսումնասիրվել է 3,7,14,30 օր սակավաշարժության պայմաններում իմունոգենեզի օրգաններում կառուցվածքային և իմունաբանական տեղաշարժերը, ինչպես նաև սպիտակ առնետների հաստ աղու լուսանցքային և լորձային միկրոֆլորան և դրա ներկայացուցիչների հնարավոր տրանսլոկացիան պարենքիմատոզ օրգաններ և արյուն: 2017-22թթ. ընթացքում հրատարակվել են՝ ուսումնական ձեռնարկներ – 5, թեզիսներ – 16՝ այդ թվում 7 միջազգային, հոդվածներ – 26՝ այդ թվում 11 ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, որոշ աշխատանքներ ներկայացվել են միջազգային գիտաժողովներում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն):
Հիմնվելով սեփական հետազոտությունների արդյունքների և գրականության տվյալների վերլուծության վրա, առաջիկա տարիներին պլանավորվում է ուսումնասիրել միզասեռական ուղիներից անջատված լակտոբակտերիաների արտազատած կենսաբանական բարձր ակտիվությամբ նյութերի հակամիկրոբային ազդեցությունը կլինիկայում անջատված դեղակայուն և ոչ դեղակայուն բակտերիաների նկատմամբ, ինչպես նաև ԳԱԿԹ-ի իմունոմոդուլյատոր ազդեցությունը՝ հետագայում որպես պրոբիոտիկ առաջադրելու ակնկալիքով։
Ամբիոնի աշխատակազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Մանուկյան Կոստանդին Ղուկասի | ամբիոնի վարիչ | բ.գ.թ. | դոցենտ |
Շեկոյան Վլադիմիր Արմենակի | պրոֆեսոր | բ.գ.դ. | պրոֆեսոր |
Հովհաննիսյան Մարինե Սերյոժայի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Աբգարյան Քրիստինե Հենրիկի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Մուրադյան Դիանա Մարտինի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Պողոսյան Գայանե Մեսրոպի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Մխեյան Լարիսա Դմիտրիի | ավագ դասախոս | բ.գ.թ․ | դոցենտ |
Գրիգորյան Գոհար Գագիկի | ավագ դասախոս | կ.գ.թ. | |
Սարգսյան Լիլիթ Անդրեյի | դասախոս | ||
Էլբակյան Արաքսյա Վրույրի | դասախոս | ||
Սարգսյան Լուսինե Հունանի | դասախոս | ||
Հարությունյան Հասմիկ Շահենի | ասիստենտ | ||
Մազմանյան Արմինե Ժորայի | ասիստենտ | ||
Ստեփանյան Աննա Արմենի | ասիստենտ | ||
Վարդանյան Մարիամ Սևադայի | ասիստենտ | ||
Պետրոսյան Կարինե Հրանտի | լաբորանտ | ||
Հարությունյան Էլիզաբեթ Միհրդատի | լաբորանտ | ||
Մանվելյան Լիլիթ Անդրանիկի | պրեպարատոր | ||
Հարությունյան Լուսինե Հովհաննեսի | համակարգչային օպերատոր |