Պատմություն
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1974թ.-ին: Ամբիոնում ընդգրկվել են դեղագիտական և թունաբանական
քիմիայի, ինչպես նաև ֆարմակագնոզիայի դասընթացները: Նորաստեղծ ամբիոնում զգալի աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի
կազմակերպման և գիտամանկավարժական կազմի ձևավորման ուղղությամբ:
1980թ.-ին ամբիոնից առանձնացվել է ֆարմակագնոզիայի դասընթացը:
Մինչև 1990թ.-ն ամբիոնում միավորվել են դեղագիտության ֆակուլտետում դասավանդվող քիմիական բոլոր դասընթացները՝
անօրգանական, օրգանական, ֆիզկոլոիդ, անալիտիկ, դեղագիտական և թունաբանական քիմիաները:
1996թ.-ին ամբիոնին են միացվել նաև համալսարանի քոլեջում դասավանդվող ընդհանուր և օրգանական քիմիաների դասընթացները:
Այսպիսով, ստեղծվել է բազմապրոֆիլ մի ամբիոն, որը մեծ ներդրում ունի ՀՀ-ում դեղագետ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի
պատրաստման գործում:
1996թ.-ից ամբիոնում տարվել են գիտահետազոտական աշխատանքներ ուսուցման հարացույցի փոփոխության և ավանդական, այսպես
կոչված` ադապտիվ առարկայական ուսուցման մոդելից զարգացնող կրթական տեխնոլոգիաների անցման ուղղությամբ: 1996-2006թթ.-ին ամբիոնը
ղեկավարել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյանը
2006թ.-ին ամբիոնը բաժանվել է երեք ամբիոնների` անալիտիկ, օրգանական քիմիայի և ֆարմացիայի: Օրգանական քիմիայի ամբիոնին է
միացվել նաև նախապատրաստական բաժանմունքը և ամբիոնի վարիչ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա
Սահակյանը, իսկ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Դավիթի Կարապետյանը,
2011թ.-ին օրգանական քիմիայի ամբիոնին միացավ նաև անալիտիկ քիմիայի ամբիոնը: Նորաստեղծ ամբիոնը կոչվեց դեղագիտական ֆակուլտետի
քիմիայի ամբիոն, որն առ այսօր ղեկավարում է Լիդա Սահակյանը:
Ուսուցում
Ուսուցումը կազմակերպվում է ԵՊԲՀ-ի Քոլեջի, նախապատրաստական ֆակուլտետի և դեղագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի
ուսանողների համար։ Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ուսումնասիրում են՝ առաջին կիսամյակում. ընդհանուր քիմիա,
իսկ երկրորդ կիսամյակում օրգանական քիմիա: Երկրորդ կուրսի ուսանողներն ուսումնասիրում են առաջին կիսամյակում` «Հետերոցիկլիկ
միացությունների քիմիա» և «Օրգանական սինթեզ», «Ֆիզիկական քիմիա», «Անալիտիկ քիմիա (որակական անալիզ)», իսկ երկրորդ
կիսամյակում` «Կոլոիդային քիմիա», «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)» առարկաները:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:
Դասախոսություններն ուղեկցվում են համակարգչային PowerPoint ծրագրով: Ուսուցման ընթացքում կիրառվում են էվրիստիկ և պրոբլեմային
ուսուցման մեթոդները: Գործնական պարապմունքների ժամանակ կատարվում է դասախոսությունների քննարկում` ինտելեկտուալ խաղերի
անցկացմամբ, խաչբառերի, գլուխկոտրուկների, խնդիրների կիրառմամբ, որոնք նպաստում են ուսանողների տրամաբանական մտածողության
զարգացմանը: Գործնական պարապմունքներից բացի ուսանողները կատարում են նաև անհատական լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնում
դասավանդվող յուրաքանչյուր թեմա ավարտվում է յուրացման մակարդակի ստուգումով: Գնահատումը կատարվում է ըստ Համալսարանում
ընդունված կարգի:
ԵՊԲՀ-ի նախապատրաստական ֆակուլտետում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր
ենթաբաժիններով (ընդհանուր, անօրգանական և օրգանական): Որոշ թեմաների առավել լավ յուրացման համար կազմակերպվում են համակարգչային
անիմացիոն սլայդերի ցուցադրություններ։ Կատարվում են լաբորատոր աշխատանքներ` սովորողներին քիմիական լաբորատորիայում աշխատելու
տարրական կանոններին, ընդհանուր սկզբունքներին և պարզագույն չափումներին ծանոթացնելու նպատակով։
2017 թ. ամբիոնին է միացվել քոլեջի դեղագիտական ֆակուլտետը, որտեղ ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր ենթաբաժիններով (ընդհանուր,
անօրգանական և օրգանական):
Վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկները`
- «Անօրգանական քիմիա: Ընդհանուր քիմիա», Երևան, 2005թ.,2015թ
- «Օրգանական քիմիա» Երևան, Տիգրան Մեծ, 2015թ․
- «Oրգանական քիմիա: Հետերոցիկլիկ միացություններ», Երևան, 2009թ.,2015
- «Ընդհանուր և օրգանական քիմիա», Երևան, 2010թ., (անգլերեն),2014
- «Ֆիզիկական և Կոլոիդային քիմիա», Երևան, 2008թ.,
- «Որակական անալիզ (անիոններ)», Երևան, 2008թ.,2018
- «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)», Երևան, 2009թ.,2023
- «Ֆիզիկական քիմիայի լաբորատոր պարապմունքների ձեռնարկ դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար», Երևան, 2008թ.,
(ռուսերեն):
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում կատարվել և կատարվում են գիտահետազոտական հետևյալ աշխատանքները.
- ջրալույծ, կատիոնային մեզո-տետրա-3, 4-պիրիդիլ-արիլպորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզը և հակաուռուցքային,
հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը (կատարվել է), - ծիրանենու տերևների և պտուղների հանուկներում տարբեր գործոնների ազդեցության ներքո հակաօքսիդանտային և հակամիկրոբային
ակտիվության ուսումնասիրումը և ՀՀ-ում տերևների օգտագործման հնարավորության ուսումնասիրումը (կատարվել է), - ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրումը քիմիայի դասավանդման գործընթացում (խնդրահարույց և նխագծային ուսուցում),
- Անօրգանական և օրգանական նյութերի որակական և քանակական որոշումը «Գանգուր ավելուկ» բույսի տարբեր օրգանների հանուկներում,
ակտիվ բաղադրիչների անջատումը, դրանց կենսաբանական ակտիվության որոշումը:
Ամբիոնում պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ հետևյալ թեմաներով. - «Քիմիա» առարկայի նկատմամբ սովորողների անձնական դրական վերաբերմունքի ձևավորման դիդակտիկական համակարգը», Երևան,
2004թ.,դոկտորական, - «Էկոլոգիական կրթության կազմակերպման առանձնահատկությունները բուհում` քիմիայի դասավանդման գործընթացում», Երևան,
2005թ.,թեկնածուական, - «Բնական և սինթետիկ ծագման նոր պորֆիրինների ստացումը և հակաքաղցկեղային, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը»,
Երևան, 2007թ.:թեկնածուական, - «Բնական և սինթետիկ ծագման նոր պորֆիրինների ստացումը, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը», Երևան,
2014թ.:թեկնածուական,
Ծրագրով նախատեսվում է թեկնածուական թեզերի պաշտպանություն: Հեռանկարային պլաններում նախատեսվում է`
- ամբիոնի թեմայի զարգացում,
- թեկնածուական թեզերի պաշտպանություն,
ա) Անօրգանական և օրգանական նյութերի որակական և քանակական որոշումը «գանգուր ավելուկ» բույսի տարբեր օրգանների հանուկներում,
ակտիվ բաղադրիչների անջատումը, դրանց կենսաբանական ակտիվության որոշումը
բ) «Սելեն» միկրոտարրի գեոքիմիան: Օրգանիզմի օքսիդացիոն հավասարակշռության խախտումով պայմանավորված հիվանդությունների
հաճախության կախվածությունը սելենի պարունակությունից՝ ՀՀ տարբեր մարզերի ընդերքում և սննդամթերքում:
- Ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրում:
Համագործակցություն
ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է`
- Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և կենսաբանական ֆակուլտետներ,
- Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի,
- Կենսաքիմիայի ինստիտուտի,
- Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի,
- ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի,
- ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ»-ի ամբիոն
- Դյուկ համալսարանի բժշկական կենտրոնի (Դյուրան, ԱՄՆ` The Department of Radiation Oncology, Duke University Medical
Center US) հետ: