Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեղագործության կառավարման ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2006թ.-ին:

1972թ.-ին ԵՊԲՀ-ում ստեղծվեց դեղագիտական ֆակուլտետը, իսկ 1974թ.՝ դեղագիտական ֆակուլտետի մասնագիտական ամբիոններից մեկը` «Դեղերի տեխնոլոգիայի, դեղագործության էկոնոմիկայի և կազմակերպման» ամբիոնը, որտեղ դասավանդվում էին «Դեղերի տեխնոլոգիա», «Բժշկական ապրանքագիտություն» և «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկաները: Հանդիսանալով «Դեղագործություն» գիտության կարորագույն դիսցիպլիններից մեկը, 2006թ.-ին «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկան առանձնացավ և ստեղծվեց նոր`«Դեղագործության կառավարում» ամբիոնը, որի հիմնական նպատակն է ապագա դեղագետներին տալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ դեղագործական գործունեության կազմակերպման, կարգավորման, դեղագործական մարկեթինգի, էկոնոմիկայի և կառավարման բնագավառներում: 2011թ. ամբիոնին միացավ ՀՀ ԱՆ Առողջապահության ինստիտուտի ֆարմացիայի ամբիոնը: 2016թ. սեպտեմբերից ամբիոնում վերսկսվեց «Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն» առարկայի դասավանդումը:

Ուսուցում

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով՝ դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերում և մագիստրատուրայի ընթացքում: Ուսուցման հիմքում դրված է այնպիսի կարևորագույն հարցերի պարզաբանումը, ինչպիսիք են դեղագործական մարկեթինգը և կառավարումը, տարբեր կազմակերպչա-իրավական տիպի դեղատնային կազմակերպությունների գործունեության կազմակերպումը, դեղատնային գործունեության տնտեսագիտական և ֆինանսական կառավարումը, դեղագործական կազմակերպությունների հաշվապահության հիմունքները, դեղագործական ոլորտի աշխատակիցների կողմից ծառայության մատուցման կազմակերպումը, դեղագործական տեղեկատվությունը, ինքնաբուժման կառավարունը, դեղագործական կազմակերպությունների գործունեության հսկումը և այլն: Դեղը դիտարկվում է որպես յուրահատուկ ապրանք, որն ունի գովազդի, վաճառքի, բրենդինգի, լոգիստիկայի, գրանցման, պետական գնումների, կեղծման և այլ առանձնահատկություններ, որոնք յուրացնում են ուսանողներն այս առարկայի դասընթացների ժամանակ:

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ինտերնատուրայով՝ յուրաքանչյուրը 1տարի տևողությամբ:

Ամբիոնի համար օրդինատուրայի և ինտերնատուրայի բազաներ են հանդիսանում ԵՊԲՀ դեղատները, խոշոր մեծածախ կազմակերպությունները, ինչպես նաև այդ կազմակերպություններին պատկանող դեղատները:

Բացի այդ, ամբիոնում որպես հետդիպլոմային ուսուցում կատարվում է դեղագետների և դեղագործների թեմատիկ որակավորում, մասնագիտացում:

Կլինիկական օրդինատորների մասնագիտացում

  • «Դեղագիտության կազմակերպում» մասնագիտությամբ (1 տարի տևողությամբ)
  • Դեղագետների և դեղագործների թեմատիկ կատարելագործում.
  • «Դեղագիտություն» մասնագիտությամբ համալիր դասընթացի շրջանակներում, (դեղագետների համար` 6 շաբաթ, դեղագործների համար՝ 4 շաբաթ): Ամբիոնը տարեկան անցկացնում է միջինը 14 ցիկլ:
  • Կարճաժամկետ ցիկլեր (2 շաբաթ)՝ դեղագետների համար. «Դեղատնային գործունեության և դեղերի արտադրության արդի հարցերը», «Դեղային ապահովման կառավարում», «Դեղագետի դերը հանրային առողջապահության ոլորտում», «Սոցիալական դեղագիտության արդի հարցերը»:

Ուսումնա-մեթոդական հիմնական սկզբունքներն են.

  • հիմնվել ազգային օրենսդրության և կարգավորող փաստաթղթերի ներկայացրած պահանջների վրա,
  • հիմնվել ժամանակակից մասնագիտական գաղափարախոսությունների վրա. դեղագործական հոգածության փիլիսոփայության և որակի ապահովման գաղափարախոսություններ, ձգտել ազդեցություն ունենալ մասնագիտական աշխարհայացքի վրա, խթանել մոտիվացիան, հաղթահարել բացասական փորձը,
  • հաշվի առնել մասնագիտության զարգացման ժամանակակից մոտեցումները,
  • հաշվի առնել աշխարհում մասնագետների իրազեկության և պահանջարկների դիտարկման իրական մակարդակի արդյունքները,
  • հաշվի առնել հասարակության առաջնահերթային պահանջարկը՝ մասնագիտական գիտելիքների նկատմամբ: