Պատմություն
Հիմնադրվել է 1997թ.-ին: 1996թ-ին ՀՀ-ում սկիզբ առած Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագիրը նախատեսում էր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգում ընտանեկան բժշկության/ընդհանուր պրակտիկայի բժշկության (ԸԲ/ԸՊԲ) համակարգի հաստատում: Դրա համար կարևոր նախադրյալ էր ակադեմիական կառույցների՝ ամբիոնների ձևավորումը: 1997թ-ին նախադիպլոմային և հետդիպլոմային բժշկական կրթական ծրագրերում «Ընտանեկան բժշկություն» առարկայի ստեղծման նպատակով ԵՊԲՀ կազմում հիմնադրվեց ընտանեկան բժշկության ամբիոնը, որը մինչև 2011թ-ը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:
2001թ-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ ԵՊԲՀ և ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոնների աշխատակիցների ջանքերով ստեղծվեց Ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագիրը (ԸԲՄԿԾ), որը սահմանում է մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և մոտեցումների ամբողջությունը, ուսուցման մեթոդներն ու անհրաժեշտ ռեսուրսները: Վերոնշյալ 2 ամբիոնները ստանձնեցին առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների (տեղամասային թերապևտներ, մանկաբույժներ, գյուղական ամբուլատորիաների բժիշկներ)` ընտանեկան բժշկության վերամասնագիտացման մեկամյա ծրագրի իրականացումը: 1999թ-ին ՀՀ ԱՆ հրամանով հաստատվեցին «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությունը և մասնագիտության ձեռքբերմանն ուղղված կլինիկական օրդինատուրայի ծրագիրը: Նույն թվականին ԵՊԲՀ ամբիոնն ընդունեց «ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ առաջին կլինիկական օրդինատորներին: 2000թ-ին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի նախադիպլոմային կրթության ծրագրում ներդրվեց ընտանեկան բժշկության ներածության 5-օրյա դասընթաց, որը հետագայում դարձավ 10- օրյա: 2001-2011թթ-ին ԵՊԲՀ և ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոններում առողջության պահպանման ավելի քան 1300 բժիշկ է վերապատրաստվել: 2007-2011թթ-ին ամբիոնում ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողներին ուսուցանվում էին նաև «Առողջ ապրելակերպ» և «Առաջին օգնություն» դասընթացները: 2011թ-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ կրթական բաղադրիչի ԵՊԲՀ-ին միավորվելու արդյունքում ԱԱԻ և ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնները միավորվեցին: Նորաստեղծ ամբիոնի վարիչի պաշտոնը վստահվեց պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանին, ով ղեկավարեց մինչև 2012թ-ը: 2015-2017 թթ -ին վերականգնվեց «Առաջին օգնություն» առարկայի դասավանդումը: 2012-2017թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Կարինե Մալայանը: 2017-ից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:
Ուսուցում
Ամբիոնում ընթանում են «Ընտանեկան բժշկություն» առարկայի ցիկլային 2 շաբաթյա դասընթացներ ընդհանուր բժշկության և 1 շաբաթյա՝ ռազմաբժշկական ֆակուլտետների 6րդ կուրսի ուսանողների համար: Ամբիոնում ուսուցում է կազմակերպվում նաև «Գերիատրիա», «Պալիատիվ խնամք», «Սնուցում» դասընթացները Հերացի Քոլեջի ուսանողների համար: Ուսուցումն ամբիոնում իրականացվում է եռալեզու: Ուսուցման ընթացքում ուսանողներին և բժիշկներին հնարավորություն է տրվում օգտվելու ամբիոնի հարուստ գրադարանից: Ամբիոնում գործում է նաև ժամանակակից մանեկեններով և մուլյաժներով հագեցած հմտությունների լաբորատորիա և ընտանեկան բժշկի «մոդելային» գրասենյակ: Ուսուցումը կազմակերպվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, ինտերակտիվ և դիդակտիկ մեթոդների զուգակցությամբ: Դասերի ընթացքում ուսանողները հանձնում են հմտությունների տիրապետման ստուգարք: Բոլոր թեմաները ներկայացվում են համակարգչային PowerPoint ծրագրով: Որոշ թեմաների վերաբերյալ ցուցադրվում են նաև տեսաֆիլմեր: Ամբիոնի հմտությունների լաբորատորիայում գործնական պարապմունքների ժամանակ կիրառվում են խնդրի վրա հիմնված ուսուցման (problem based learning PBL) մեթոդաբանություն, բազմազան սիմուլյացիոն մեթոդներ՝ դերախաղեր, կլինիկական սիմուլյացիաներ: Հմտությունների լաբորատորիայում ուսանողները հնարավորություն ունեն զարգացնելու կլինիկական հետևյալ հմտությունները` ընդհանուր բժշկական քննություն, օթոսկոպիա, աչքի հատակի զննում, միզապարկի կաթետերիզացիա, սիրտ-թոքային վերակենդանացում և այլն: Ամբիոնում հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդին տրվող խորհրդատվության հմտությունների զարգացմանը թե լսարանային և թե կլինիկական պայմաններում: Ամբիոնի ուսուցման ծրագրի հիմնաքարերից են կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման և առավել տարածված հիվանդությունների ու առողջական խնդիրների վարումն առողջության առաջնային պահպանման օղակում: Ամբիոնին կից «Հերացի» և «Մուրացան» համալսարանական պոլիկլինիկաներում ուսանողները դիտարկում են հիվանդների վարումը ամբուլատոր պայմաններում, առողջական խնդիրների վարումը կատարվում է հաշվի առնելով ընտանիքի, աշխատանքի և սոցիալական այլ գործոնները: Գիտելիքների գնահատումն իրականացվում է ԵՊԲՀ-ում սահմանված կարգով: Ամբիոնն իրականացնում է նաև հետդիպլոմային ուսուցում՝ «Ընտանեկան բժշկություն»/ «ընդհանուր բժշկական պրակտիկա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա 2 տարի տևողությամբ: Ծրագրի հիմքում ընկած է Ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագիրը (ԸԲՄԿԾ), որը համապատասխանում է աշխարհում ընտանեկան բժշկության/ընդհանուր բժշկական պրակտիկայի միջազգային ավելի քան 30-ամյա փորձի լավագույն ավանդույթներին: Առողջության առաջնային պահպանման բժիշկների և բուժքույրերի շարունակական բժշկության ծրագրի շրջանակներում կազմակերպվում են 1, 2 և 6 շաբաթ տևողությամբ վերապատրաստման հետևյալ դասընթացները` «ԸԲ ընտրված հարցեր», «Ամբուլատոր թերապիա», «Ամբուլատոր մանկաբուժություն», «ԸՊԲ կլինիկական հմտություններ», «Պալիատիվ բժշկություն», «Արդիական թոքաբանություն», «Աուտոիմուն հիվանդություններ» և այլն:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են` ԱԱՊ օղակի բարեփոխումների կլինիկական հարցերը, շնչառական համակարգի հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների վաղ ախտորոշումը և շարունակական վարումը: Ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվելեն 100-ից ավելի գիտական հոդվածներ, սեղմագրեր, որոնք ներկայացվել են հայկական ու միջազգային գիտաժողովներին:
Համագործակցություն
1999թ-ից միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ ամբիոնի աշխատակիցները բազմաթիվ վերապատրաստումներ են անցել արևմտյան համալսարաններում (Նորվեգիա, Էստոնիա, Ավստրիա, Գերմանիա, Անգլիա, ԱՄՆ)` դասավանդման ժամանակակից մեթոդների, կլինիկական ուսուցման ծրագրերի նախագծման, կլինիկական աշխատանքի ժամանակակից չափորոշիչների վերաբերյալ: Արտերկրից ժամանած առաջատար մասնագետներն ամբիոնում զանազան կլինիկական դասընթացներ են կազմակերպել` ամբիոնի աշխատակիցների և առողջության առաջնային պահպանման բժիշկների համար` ապահովելով նաև հետագա շարունակական մեթոդաբանական խորհրդատվություն:
Ընտանեկան բժշկություն/ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությունը պահանջում է կլինիկական այլ մասնագետների հետ սերտ համագործակցություն. ԵՊԲՀ մյուս կլինիկական ամբիոնների համագործակցությամբ և Հայաստանում 2001-2012թթ.-ին աշխատող միջազգային կազմակերպությունների աջակցությամբ (WB PIU, GlobalFund, USAID Projects PRIME II, NOVA, PHCR) ամբիոնի աշխատողներն առողջության առաջնային պահպանման բժիշկների համար մշակել են մի շարք ուսումնական փաթեթներ և կլինիկական ուղեցույցներ:
Ներկայումս ամբիոնի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) HS-STAR (Հայաստանի առողջապահական համակարգի հզորացման) ծրագրի հետ, մասնակցում բուժօգնության որակի վերահսկման, համառոտ կլինիկական գործելակարգերի, հանրակրթական նյութերի մշակման և դասընթացների իրականացման աշխատանքներին:
Ընտանեկան բժշկության վերապատրաստման ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել միջազգային փորձագետների կողմից, իսկ դրա արդյունքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում:
«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպությունը, որպես շարունակական բժշկական կրթության ծրագրի բաղադրիչ, առողջության առաջնային պահպանման բժիշկների համար ամեն տարի կազմակերպում է մեթոդական սեմինարներ և գիտաժողովներ:
Հասարակական կազմակերպությունը համագործակցում է Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ընտանեկան բժիշկների հետ, որոնք տարին երկու անգամ գործնական դասընթացներ են անցկացնում ամբիոնում` «Ընտանեկան բժշկության կլինիկական հմտություններ» թեմայով:
Ընտանեկան բժշկության ամբիոնի կազմ
ԱԱՀ | Պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Միքայել Զախարի Նարիմանյան | ամբիոնի վարիչ | բ․գ․դ.
|
պրոֆեսոր |
Կարինե Լևոնի Մալայան | դոցենտ | բ․գ․թ.
|
դոցենտ
|
Մարինա Ռուդոլֆի Օհանյան
|
դոցենտ
|
բ․գ․թ.
|
դոցենտ
|
Իրինա Էդուարդի Դանիելյան
|
դոցենտ
|
բ․գ․թ.
|
դոցենտ
|
Արմինե Արմիկի Դանիելյան
|
ավագ դասախոս
|
բ․գ․թ.
|
|
Վարդուհի Ռաֆիկի Խաչատրյան
|
ավագ դասախոս | բ․գ․թ. | |
Ալեքսանդրա Արմենի Կարապետյան | ավագ դասախոս | բ․գ․թ. | |
Զարուհի Միշայի Բաբլումյան
|
դասախոս
|
||
Լիլիա Երջանիկի Մուրադյան
|
դասախոս
|
||
Սոնա Նվերի Հայրապետյան
|
դասախոս
|
|
|
Նատալյա Վանուշի Պռոշյան
|
առաջատար մասնագետ | ||
Գոհարիկ Տիգրանի Սարգսյան
|
գործավար
|
|
|
Անգելինա Ալեքսանդրի Հարությունյան
|
լաբորանտ
|
|
|
Ալվարդ Գառնիկի Բադալյան
|
հավաքարար
|
|