Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1985 թ.-ին:

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնը հիմնվել է 1985 թ. (կլինիկական բազան՝ Երևան քաղաքի թիվ 1 հիվանդանոց): Ամբիոնի հիմնադիրն ու շուրջ 23 տարի անփոփոխ ղեկավարն է եղել բ.գ.դ., պրոֆեսոր Ռոմեն Ղուկասի Բորոյանը: Ռ.Ղ. Բորոյանը ավելի քան 200 գիտական հոդվածների, 15 մենագրությունների և դասագրքերի հեղինակ է: Նրա գիտական ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ:
Ամբիոնում ուսումնառություն են անցել և աշխատել բարձր որակավորում ունեցող կլինիկական ֆարմակոլոգներ և կլինիկական դեղագետներ, որոնցից շատերն առայսօր շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը տարբեր գիտաբժշկական հաստատություններում:

Ուսուցում

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է ցիկլային պարապմունքների ընթացքում` դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:
Մագիստրատուրայում գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներն այցելում են հիվանդներին հիվանդանոցներում, կատարում են կլինիկական դեպքերի քննարկումներ, կլինիկադեղաբանական վերլուծություններ:

Որպես մասնագիտական առարկա ռազմաբժշկական և ընդհանուր բժշկության ֆակուլտետների V կուրսում կլինիկական ֆարմակոլոգիայի ուսուցումն անցկացվում է 2-շաբաթյա (90 ժամ), իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետում` 1-շաբաթյա (45 ժամ) ցիկլային պարապմունքի ընթացքում:
Ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի IV կուրսի ուսանողների համար “կլինիկական ֆարմակոլոգիա” առարկայի ուսուցումն անցկացվում է VII կիսամյակում 2-շաբաթյա (90 ժամ), իսկ VIII կիսամյակում` 4-շաբաթյա (180 ժամ) ցիկլային պարապմունքների ընթացքում:
Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայում ուսանողները կլինիկական ֆարմակոլոգիա անցնում են` I կիսամյակում 3 շաբաթ (135 ժամ), իսկ կլինիկական դեղագիտություն` II կիսամյակում 4 շաբաթ (180 ժամ):

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել են առարկայի տարբեր թեմաներին նվիրված ուսումնամեթոդական ձեռնարկներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:
Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են “Բժիշկների և դեղագետների համար դեղաբուժման ձեռնարկի” (Երևան, 2001 թ.) և “Հայկական ազգային դեղամատյանի” (Երևան, 2007, 2008, հայերեն և ռուսերեն լեզուներով) ստեղծմանը:

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում իրականացվում է կլինիկական օրդինատուրայով`

  •  կլինիկական ֆարմակոլոգիա մասնագիտությամբ` 2 տարի տևողությամբ
  •  կլինիկական ֆարմացիա մասնագիտությամբ` 2 տարի տևողությամբ

Հետդիպլոմային ուսուցման ընթացքում որպես հարակից առարկա կլինիկական ֆարմակոլոգիա ուսուցանվում է բժշկական համալսարանի տարբեր մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներին:

Ասպիրանտուրայի տևողությունը` 3 տարի է:

Ամբիոնի կլինիկական բազան է համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական ձեռքբերումներից են դոկտորական ատենախոսության պաշտպանությունը “Փորձարարական ուղեղանոթային խանգարումների դեղաբանական շտկումը ԳԱԿԹ- համազդիչներով” 2009 թ. և թեկնածուական ատենախոսությունները` “Actibiol-Liver պատրաստուկի հեպատոտրոպ ազդեցության փորձարարական հետազոտությունը” 2002 թ., “Շուրջօրյա զարկերակային ճնշման և զարկերակների կարծրության ցուցանիշների փոփոխության գնահատումը հակագերճնշումային դեղերի ազդեցության տակ ԶԳ-ով հիվանդների մոտ” 2008 թ., “2-մեթիլ-6-էթիլ-3-հիդրօքսիպիրիդին հեմիսուկցինատի նյարդապաշտպան ազդեցության ուսումնասիրությունը” 2015 թ.:
Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ “Ուղեղա-և սրտանոթային խանգարումների դեղաբանական շտկումը” թեմայով:

Համագործակցություն

  • ԵՊԲՀ-ի “Կլինիկական ֆարմակոլոգիայի” ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է ՌԴ ԲԳԱԱ Վ.Վ. Զակուսովի անվան ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ:
  • Համագործակցության վերաբերյալ միջբուհական պայմանագրերի արդյունքում հնարավորություն է ստեղծվել կլինիկական օրդինատորների ուսուցման մի մասն անցկացնել արտասահմանյան բարձրակարգ այլ կլինիկաներում.
  • Ուկրանիայի ազգային դեղագիտական համալսարանի “կլինիկական ֆարմակոլոգիա` դեղագիտական հոգածության հետ” ամբիոն
  • Իտալիայի Կամերինոյի համալսարանի “Կլինիկական ֆարմացիայի գծով մասնագիտացված բարձրագույն դպրոց”:

Միջազգային գիտաժողովներ

Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնի ներկայիս աշխատակիցների գիտական աշխատանքների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին`
2007 թ. սեպտեմբեր, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան – Դեղաբանների ռուսաստանյան գիտական միության Ш համագումար,
2008 թ. հոկտեմբեր, Երևան, Հայաստան – “Մարդու առողջություն” ազգային կոնգրես,
2008 թ. դեկտեմբեր, Մոսկվա, Ռուսաստան – “Սրտանյարդաբանություն” I ազգային կոնգրես,
2010 թ. հունիս, Մոսկվա, Ռուսաստան – «Հոգեմետ դեղերի հանդեպ անհատական զգայնության կենսաբանական հիմունքները» 5-րդ միջազգային գիտաժողով,
2012 թ. մայիս, Պոտսդամ, Գերմանիա – 7th International Symposium on Neuroprotection and Neurorepair,
2013 թ. սեպտեմբեր, Վիեն, Աստրիա – XXI World Congress of Neurology,
2014 թ. ապրիլ, Մագդեբուրգ – 8th International Symposium on Neuroprotection and Neurorepair,
2015 թ. նոյեմբեր, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան – Ֆիզիոլոգիայի և բժշկության XI միջազգային գիտաժողով.