Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համաճարակաբանության ամբիոն

Պատմություն

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնը հիմնադրել է 1935թ. ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա.Բ.Ալեքսանյանը: 1935-1971թթ. ամբիոնը ղեկավարել է ակադեմիկոս Ա.Բ.Ալեքսանյանը, այնուհետև պրոֆեսոր Կ.Մ.Դեղձունյանը՝ 1971-1990թթ., 1990-1995թթ.՝ դոցենտ Վ.Հ.Հովասափյանը, 1995-2011թթ.՝ պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյանը, 2011-2014թթ.՝ պրոֆեսոր Հ.Ս.Հովհաննիսյանը, 2014-ից մինչ օրս՝ պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյանը: Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են եղել՝ համաճարակաբանության հրատապ հարցերը և հանրապետության տարածաշրջանային ախտաբանության խնդիրների պարզաբանումը: 1976թ.-ին ամբիոնում կազմակերպվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման առաջին լաբորատորիան Անդրկովկասում, որի գիտական մշակումները մեծ կիրառում են գտել թարախաբորբոքային հիվանդությունների դեմ պայքարի գործում:

Ամբիոնի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել են «Նարինե» կաթնաթթվային միկրոօրգանիզմների և դրանց կենսագործունեության արգասիքների հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային հատկությունները և դրանք կիրառվել տարբեր ոլորտներում՝ թարախաբորբոքային հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով, ինչպես նաև կոսմետիկ միջոցների արտադրությունում (Ա.Ձ.Համբարձումյան): Ամբիոնը մեծապես նպաստել է Ճապոնիային «Նարինե» կաթնաթթվային միկրոօրգանիզմների վաճառքին: Ներկայումս ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների օպերատիվ և ռետրոսպեկտիվ համաճարակաբանական հետազոտությունները, համաճարակային պրոցեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունը նոր սոցիալ-տնտեսական պայմաններում, ինչպես նաև իրականացվում են հետզոտություններ նորագույն մոլեկուլյար համաճարակաբանական մեթոդների կիրառմամբ:

Պրոֆեսոր Ա.Բ.Ալեքսանյանը և պրոֆեսոր Կ.Մ.Դեղձունյանը երկար տարիներ ղեկավարել են հանրապետության համաճարակաբանների և մանրէաբանների գիտական ընկերությունը, որը 2000թ.-ին վերակազմավորվել է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» (նախագահ` պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյան):

Ուսուցում

Ծրագրով նախատեսված ուսուցումը ուսանողների համար ներառում է.

  • ընդհանուր բժշկության ‎ֆակուլտետի V կուրսերի ուսանողներ՝ ընդհանուր և մասնավոր համաճարակաբանության դասընթաց
  • ստոմատոլոգիական ֆակուլտետի IV կուրսերի ուսանողներ՝ համաճարակաբանության դասընթաց
  • ռազմաբժշկական ֆակուլտետի V, VI կուրսերի ուսանողներ՝ ընդհանուր, մասնավոր և ռազմական համաճարակաբանության դասընթաց
  • ընդհանուր բժշկության ‎և ստոմատոլոգիական ֆակուլտետների օտարերկրացի (անգլալեզու և ռուսալեզու) ուսանողներ՝ ընդհանուր և մասնավոր համաճարակաբանության դասընթաց
  • հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրայի I և II կուրսերի ուսանողներ՝ ընդհանուր, մասնավոր և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության դասընթաց

Համաճարակաբանության առարկայի մեկ շաբաթ դասընթացի ցիկլի տևողությունը 30 ժամ է:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ինքնուրույն աշխատանքի ձևով:

Ուսումնական պրոցեսի մակարդակը բարձրացնելու նպատակով օգտագործվում են դիդակտիկ նյութեր, տեսաֆիլմեր, դեպքերի գործնական քննարկումներ:

Ուսանողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպվում է ռեֆերատների, զեկույցների ներկայացմամբ և քննարկմամբ:

Առարկան ամփոփվում է թեստային ստուգարքով և քննությամբ:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է.

  • համաճարակաբանություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայով՝ 1 տարի
  • համաճարակաբանություն մասնագիտությամբ մագիստրատուրայով՝ 1 տարի
  • ասպիրանտուրայով` 3 տարի
  • կլինիկական օրդինատորների համար որպես հարակից առարկա՝ 1 շաբաթ տևողությամբ – 30 ժամ
  • բժիշկների և միջին բուժանձնակազմի կատարելագործման համար անցկացվում են – 1, 2, 5 և 7 շաբաթ տևողությամբ դասընթացներ

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝

  • վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունները Հայաստանում
  • բժշկական միջամտությամբ պայմանավորված վարակների համաճարակաբանական առանձնահատկությունների և կանխարգելման տեղայնացված մոտեցումների մշակում, բազմադեղակայուն շտամների մոլեկուլյար համաճարակաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությունը և դրանց ձևավորման կանխարգելումը
  • կառավարելի վարակների տարածվածության համաճարակաբանական միտումների ուսումնասիրություն և կանխատեսում

Համագործակցություն

ԵՊԲՀ-ի համաճարակաբանության ամբիոնի համագործակցությունը ՝

  • ՌԴ ԲԱ Ն.Ֆ. Գամալեայի անվ. մանրէաբանության և համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտ
  • Լոնդոնի Արևմտյան համալսարանի միկրոկենսաբանության ամբիոն
  • ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ

Պրոֆեսորադասախոսական կազմ

Անուն Ազգանուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1 Մերի Մանուկի Տեր-Ստեփանյան Ամբիոնի վարիչ, պրոֆ. բ.գ.դ. պրոֆեսոր
2 Արմենակ Ձոնիկի Համբարձումյան Պրոֆ. բ.գ.դ. պրոֆեսոր
3 Հասմիկ Սերգեյի Հովհաննիսյան Պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
4 Կարինե Էդուարդի Հարությունովա Դոցենտ բ.գ.թ. դոցենտ
5 Մանիկ Անդրանիկի Մեյմարյան Դոցենտ բ.գ.թ. դոցենտ
6 Կարինե Սաֆարի Պողոսյան Դոցենտ բ.գ.թ. դոցենտ
7 Քրիստինե Թևոսի Գյուրջյան Ավագ դասախոս բ.գ.թ.
8 Նաիրա Ստյոպայի Մելքոնյան Դասախոս
9 Հայկ Դերենիկի Կարապետյան Դասախոս
10 Կուլիյա Գևորգի Օհան Ասիստենտ
11 Սյուզաննա Սամվելի Սահակյան Ասիստենտ