Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հյուսվածաբանության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1922թ.

Վարիչ՝  Կ.Թ. Սահակյան, կ.գ.դ., պրոֆեսոր

Ամբիոնի առաջին վարիչը եղել է Գ.Ս. Հայրապետյանը (1922-1924թթ.), որը տեղափոխվել է Լենինգրադ: Սակայն ամբիոնի իրական հիմնադիր կարելի է համարել Հ.Գ. Չախմախչյանին (1924-1952թթ.), որը երկու անգամ գործուղվել է Գերմանիա և կահավորել է ամբիոնը անհրաժեշտ սարքավորումներով: Հ.Գ. Եփրեմյանից (1952-1970թթ.) և Կ.Հ. Կարապետյանից (1971-1976թթ.) հետո, 32 տարի ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ. պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանը (1976-2008թթ.), ով մեծ ներդրում է ունեցել ամբիոնի կայացման մեջ: Այդ ընթացքում ամբիոնը արդյունավետ աճ է ունեցել ինչպես գիտական, այնպես էլ ուսումնական պրոցեսների ոլորտում: Ամբիոնը վերցրել է նոր գիտական ուղղվածություն, նվիրված երկարատև ճնշման համախտանիշին: Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 33 թեկնածուական և 7 դոկտորական ատենախոսություններ: 2008-2011թթ. ամբիոնը միավորվել է Նորմալ անատոմիայի և կլինիկական անատոմիայի ամբիոնների հետ, վերանվանվել է մորֆոլոգիայի ամբիոն, որը  ղեկավարել է բ.գ.դ., պրոֆ. Գ.Պ. Քյալյանը: 2011թ ամբիոնը տարանջատվել է և 2012թ.-ից առ այսօր այն ղեկավարում է կ.գ.դ., պրոֆ. Կ.Թ. Սահակյանը: Պրոֆեսոր Կարմեն Թելման Սահակյանի  ղեկավարության տարիներին (2011թ.-ից առ այսօր) ամբիոնում ներդրվել է ուսանողների գիտելիքների գնահատման բազմաբաղադրյալ համակարգը, որի արդյունքում ստեղծվել է ուսանողների գիտական խմբակ, լաբորատորիայում անհրաժեշտ պայմաններ՝ ուսանողներին գործնական ունակություններին ծանոթացնելու, իրենց ձեռքով փորձեր կատարելու և հյուսվածաբանական պատրաստուկներ պատրաստելու գործում: Բազմաբաղադրյալ գնահատման եղանակի արդյունքում համալրվել են հյուսվածաբանական պաստառները, անցկացվել է պաստառների մրցույթ, որը կազմակերպվել է ուսանողական խորհրդարանի կողմից: Ամբիոնում հրատարակվել են դասագիրք, ուսումնամեթոդական ձեռնարկներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), ստեղծվել է հայերեն լեզվով տեսադասախոսություն: Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիներին ամբիոնը ձեռք է բերել ժամանակակից մանրադիտակներ: Ամբիոնի վարիչը մեծ նշանակության է արժանացնում երիտասարդ կադրերի ներգրավմանը դասավանդման գործընթացում:

Ուսուցում

Հյուսվածաբանություն առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի և 2-րդ կուրսի 1-ին կիսամյակի ընթացքում: Ուսումնական պրոցեսն ապահովելու նպատակով ամբիոնում առկա են 8 դասասենյակներ, որոնք համալրված են ժամանակակից մանրադիտակներով, հյուսվածաբանական պատրաստուկներով, պաստառներով: Ամբիոնն ունի հյուսվածաբանական լաբորատորիա, որտեղ կատարվում են հյուսվածաբանական պատրաստուկների վերականգնում և գիտական աշխատանքներ:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերը մատուցվում են դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքների ձևով: Ամբիոնն ունի իր կողմից ստեղծած հայերեն լեզվով տեսադասախոսություն և շարունակում է աշխատել նոր դասախոսությունների ստեղծման ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին: Ուսումնական գործընթացի արդյունավետության և առարկայի նկատմամբ հետաքրքրության զարգացման նպատակով ամբիոնում անցկացվում են նաև ուսանողական կոնֆերանսներ, որոնցում մասնակցում են հյուսվածաբանության առարկայի գիտական խմբակի ուսանողները:

Վերջին տարիների ընթացքում ամբիոնում հրատարակվել են հայերեն լեզվով «Ընդհանուր հյուսվածաբանություն» և «Մասնավոր հյուսվածաբանություն» դասագրքերը, «Բջջաբանություն, սաղմնաբանություն, ընդհանուր հյուսվածաբանություն» և «Մասնավոր հյուսվածաբանություն» ատլասները: Հյուսվածաբանության ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ թեսթային հարցումներին և քննություններին պատրաստվելու համար:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները կատարվում են երկու ուղղությամբ`

  • Փորձարարական երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում տարբեր օրգան-համակարգերում կառուցվածքագործառական փոփոխություններն ու դրանց հնարավոր կանխարգելումը:
  • Թիմալինի ազդեցությունը ենթաստամոքսային գեղձի արտազատական և ներզատական ապարատների կառուցվածքագործառույթային վիճակի վրա փորձարարական առաջացրած «ստրեպտոզոտոցինային դիաբետի» և «արգինինային պանկրեատիտի» մոդելների պայմաններում:

Վերը նշված թեմաներով պաշտպանվել է 7 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություններ:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիաների նիստերին:

 

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

  Ազգանուն, Անուն, Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1 Սահակյան Կարմեն Թելմանի ամբիոնի վարիչ, կ.գ.դ. պրոֆեսոր
2 Ավագյան Տաթևիկ Գետևոնի պրոֆեսոր Բ.գ.դ. պրոֆեսոր
3 Թաթոյան Մարինա Ռազմիկի պրոֆեսոր Կ.գ.դ. դոցենտ
4 Կասպարովա Իրինա Սերգեյի դոցենտ Բ.գ.թ. դոցենտ
5 Մկրտչյան Գայանե Լևոնի դոցենտ Կ.գ.թ. դոցենտ
6 Հարթենյան Նազիկ Սամվելի դոցենտ Բ.գ.թ.  
7 Մելտոնյան Գոհարիկ Լևոնի ավագ դասախոս Կ.գ.թ. դոցենտ
8 Ազնաուրյան Անահիտ Զախարի ավագ դասախոս Կ.գ.թ. դոցենտ
9 Միքաելյան Մարիամ Նորիկի դասախոս    
10 Սմբատյան Նելլա Վիգենի ասիստենտ    
11 Հովեյան Ելենա Սուրենի ասիստենտ    
12 Խաչատրյան Էլյա Արմենի ասիստենտ