Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճառագայթային ախտորոշման ամբիոն

Պատմություն

Ճառագայթային ախտորոշման ամբիոնը ստեղծվել է 1927 թվականին խորհրդային և հայ անվանի ռենտգենոլոգ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ  Վ.Ա.  Ֆանարջյանի (1898-1976) կողմից: 1926 թվականին նա կազմակերպել է Հայաստանում առաջին ռենտգենոլոգիական բաժանմունքը, իսկ 1927 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենոլոգիայի ամբիոնը, որը ղեկավարել է շուրջ 50 տարի։ 1946 թ. պրոֆ. Վ. Ֆանարջյանը դարձավ իր կողմից կազմակերպված ռենտգենոլոգիայի և ուռուցքաբանության ինստիտուտի տնօրեն, որը նրա մահից հետո կոչվեց իր անունով։ 1957-ից 1994 թ.թ. ամբիոնը ղեկավարում էր բ.գ.դ. պրոֆ. Հ.Ա. Դանիելյանը։ Մինչև 2007 թ. ռենտգենոլոգիայի կուրսը, ապա ամբիոնը ղեկավարում էր պրոֆ. Ա.Մ. Համբարձումյանը։ 2010 թ. ամբիոնի վարիչն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գ.Ա. Ավետիսյանը, ով շարունակում է նաև ղեկավարել ամբիոնը 2019թ. ճառագայթային և կլինիկական ախտորոշման ամբիոնների միանալուց հետո:

Ամբիոնի կլինիկական բազաներն են համալսարանական հիվանդանոցները («Հերացի» թիվ 1, «Մուրացան» հիվանդանոցային համալիրները, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ), ինչպես նաև Երևանի մի շարք առաջատար բուժհաստատություններ («Էրեբունի», «Աստղիկ», «Նաիրի», «Իզմիրլյան», «Արմենիա», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Սլավմեդ», «Նորմեդ» բժշկական կենտրոններ, Վ.Ա.Ավագյանի անվան ԲԿ, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական ​​կենտրոն և այլն):

Ամբիոնի դասախոսներից մեծ մասը եղել են Հայաստանում բարձր ախտորոշիչ տեխնոլոգիաների մշակման և ներդրման առաջամարտիկները։ Ներկայումս նրանք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ վերոնշյալ բուժհաստատություններում:

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը իրականացվում է ինչպես դիպլոմային («ճառագայթային ախտորոշում» առարկան դասավանդվում է բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետներին առանձին ծրագրերով), այնպես էլ հետդիպլոմային կրթության համակարգում: Ճառագայթային ախտորոշման ամբիոնը բժիշկ ռադիոլոգների պատրաստման միակ  կենտրոնն է հանրապետությունում։ «Ճառագայթային ախտորոշում» մասնագիտությամբ 2 տարվա ընթացքում կլինիկական օրդինատուրա է անցնում միջինում շուրջ 160 օրդինատոր։ Հատկանշական է, որ վերջին տարիներին ամբիոնում կլինիկական օրդինատուրա են անցնում նաև այլ մասնագիտություններով բժիշկներ (երկրորդ օրդինատուրա)։

Ճառագայթային ախտորոշման երկամյա օրդինատուրայի հիմնական և ամենատևողական բաղադրիչը ռենտգենոլոգիան է (11 ամիս): Ամբիոնում ռենտգենոլոգիայի դասավանդման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ  օրդինատորները առանձին բաժիններ (ուռուցքաբանություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, մամոգրաֆիա, մանկաբուժություն) ուսուցում են տարբեր բազաներում առաջատար մասնագետների մոտ: Երկրորդ տարին ներառում է գերաձայնային ախտորոշման, կոմպյուտերային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի, ինչպես նաև ռադիոիզոտոպային ախտորոշման հիմունքների ուսուցում: Ամբիոնում հետդիպլոմային կրթության առանձնահատկությունը ճառագայթային ախտորոշման գրեթե ողջ ուսումնական ծրագրի վերաբերյալ դասախոսություններն են: Բոլոր դասախոսությունները ներկայացվում են պրեզենտացիաների տեսքով, քանի որ առարկայի դասավանդման առանձնահատկությունները հիմնականում պահանջում են պատկերների ցուցադրում:

Ամբիոնում ուսուցում են անցնում տարբեր մասնագիտությունների բժիշկներ։ Մասնագիտացման դասընթացները ենթադրում են  մասնագիտացում նեղ ուղղություններով՝ «Գերձայնային ախտորոշում» և այլն։ Կատարելագործման դասընթացները բժիշկ ճառագայթաբանների համար նվիրված են համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային շերտագրման, ռենտգենոլոգիայի, գերձայնային ախտորոշման (այդ թվում նաև՝ գերձայնային հետազոտության կիրառմանը գինեկոլոգիայում, մանկաբուժությունում, անոթների հետազոտությունում) արդի խնդիրների լուսավորմանը: Հատկանշական է նաև, որ ամբիոնում դասավանդվում է ճառագայթային ախտորոշման ալգորիթմների կիրառումը բժշկության կլինիկական տարբեր ուղղություններում: Ամբիոնում կազմակերպվում են երկարատև (մասնագիտացում) և կարճաժամկետ (կատարելագործում)  դասընթացներ ճառագայթային ախտորոշման բաժանմունքների միջին բուժանձնակազմի համար։ Ամբիոնի աշխատանքը այս ուղղությամբ շատ արդիական է, քանի որ հանրապետությանը ախտորոշիչ ծառայության նոր տեխնոլոգիաներով համալրելու համար անհրաժեշտ են նոր տեխնիկական գիտելիքներով կադրեր (ԿՏ, ՄՌՏ, մամոգրաֆիա և այլն): Այս առումով 2023 թվականին հրատարակված «Ճառագայթային ախտորոշման ընդհանուր հիմունքներ» ուսումնական ձեռնարկը կոչված է լրացնել միջին բուժանձնակազմի համար հայերենով հատուկ գրականության պակասը։

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնը գիտական ​​գործունեությամբ է զբաղվում ճառագայթային ախտորոշման տարբեր ուղղություններով։ Ամբիոնի գիտական ​​ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման նոր մոտեցումերի ուսումնասիրությունը։

Այս թեմայով երկու թեկնածուական ատենախոսություն է պաշտպանվել և հաստատվել՝ “Գերձայնային ախտորոշման դերը վահանաձև գեղձի և լյարդի համակցված ախտահարումների հայտնաբերման գործընթացում” և “Էլաստոգրաֆիայի դերը վահանաձև գեղձի հանգուցավոր գոյացությունների համալիր գերձայնային  ախտորոշման մեջ և դրանց պատկերավորման  առանձնահատկությունները օրգանի դիֆուզ ախտահարման պայմաններում ”.

Ամբիոնի գիտական ​​նոր ուղղությունը մեր Հանրապետությունում բժշկական, մասնավորապես ախտորոշիչ սխալների պատճառների ուսումնասիրությունն է։ Այս թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ գիտատեխնիկական առաջընթացը մի կողմից զգալիորեն հարստացրել է բժշկությունը հետազոտության ​​նոր մեթոդներով, մյուս կողմից՝ ստեղծել է նոր դժվարություններ ու պարադոքսներ։ Շրջակա միջավայրի անընդհատ փոփոխվող գործոնների, բնակչության «ծերացման» հետևանքով առաջացած մի շարք հիվանդությունների կլինիկական և մորֆոլոգիական պատկերի փոփոխությունները, նոր թերապևտիկ միջոցների և թերապիայի մեթոդների հսկայական զինանոցի օգտագործումը պահանջում են այս խնդրի խորը ուսումնասիրություն:

Ամբիոնի աշխատակիցները մշտապես մասնակցում են մեր Հանրապետությունում անցկացվող գիտական ​​միջոցառումներին, հանդես են գալիս զեկուցումներով, ինչպես նաև մեկնում են արտասահմանյան երկրներում կազմակերպվող միջազգային կոնգրեսների  և սիմպոզիումների: Հատկանշական է, որ այս աշխատանքներում ներգրավված են նաև ամբիոնի կլինիկական օրդինատորները։

Համագործակցություն

Ճառագայթային ախտորոշման  ամբիոնը համագործակցում է Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի և Ռադիոլոգիայի հայկական դպրոցի հետ։

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

Ամբիոնի անձնակազմի մեծ մասն ակտիվորեն ներգրավված է կլինիկական գործունեության մեջ։ Ամբիոնի բազմաթիվ աշխատակիցներ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում համալսարանական կլինիկաներում, ինչպես նաև հանրապետության մի շարք առաջատար բուժհաստատություններում։

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Ավետիսյան Գառնիկ Արայի ամբիոնի վարիչ Բ.գ.թ. դոցենտ
Խաչատրյան Գայանե Հրանտի պրոֆեսոր Բ.գ.դ.
Վարդանյան Գոհար Ջանիբեկի պրոֆեսոր Բ.գ.դ.
Խոնդկարյան Կարինե Վալերիի դոցենտ Բ.գ.թ.
Խոնդկարյան Ռուզան Հարությունի դոցենտ Բ.գ.թ. դոցենտ
Հակոբյան Անի Խաչիկի դոցենտ Բ.գ.թ.
Հարությունյան Գրիգորի Արմենի ավագ դասախոս Բ.գ.թ.
Ճզմաչյան Մարինե Սամվելի ավագ դասախոս Բ.գ.թ.
Մինասյան Ինգա Սերգեյի ավագ դասախոս Բ.գ.թ.
Ալոյան Մարինե Ստյոպայի դասախոս
Առաքելյան Իրենա Ռաֆայելի դասախոս
Գալստյան Գայանե Արմենակի դասախոս
Գզոյան Նունե Ալբերտի դասախոս
Եսայան Նունե Կառլենի դասախոս բ.գ.թ.
Էդիլյան Հասմիկ Ռուբենի դասախոս
Խաչատրյան Սաթենիկ Հրանտի դասախոս
Խոջայան Ռուզաննա Լենիստի դասախոս
Կարապետյան Տաթևիկ Աշոտի դասախոս
Հակոբյան Լուսինե Լևոնի դասախոս բ.գ.թ.
Մակարյան Նարինե Սուրիկի դասախոս
Միքայելյան Հասմիկ Հենրիկի դասախոս
Պողոսյան Արմինե Հայկարամի դասախոս
Պորկշեյան Քրիստինա Արտաշեսի դասախոս բ.գ.թ.
Սանաղյան Ալլա Արգամի դասախոս
Սիմոնյան Տիգրան Վիգենի դասախոս
Սիսակյան Վահագն Գեղամի դասախոս
Վարդազարյան Ժաննա Սերժիկի դասախոս
Ֆրանգուլյան Աննա Հակոբի դասախոս
Ադամյան Ելենա Եղիայի ասիստենտ
Աղայան Ռուզան Արմենակի ասիստենտ
Ամոյան Նոնա Տիտալի ասիստենտ
Առուստամյան Ռուդինա Վարդանի ասիստենտ
Ղազարյան Տաթևիկ Արամի ասիստենտ
Մաշուրյան Նունե Ռազմիկի ասիստենտ
Պողոսյան Լուիզա Կարենի ասիստենտ