Պատմություն
Հիմնադրվել է 1925թ.-ին։
Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Գ.Ա. Արեշյանը (1925-52թթ.), Բ.Գ. Սայադյանը (1952-53թթ), Ա.Մ. Ահարոնովը (1954-62թթ.), Բ.Գ. Սայադյանը (1963-70թթ.), Ս.Ա. Ալեքսանյանցը (1970-73թթ.), Կ.Բ. Ակունցը (1973–2000թթ.), Գ.Ա. Բեգլարյանը (2000-2021թթ.), Ա.Գ. Հարությունյանը (2022-ից առ այսօր):
Ամբիոնի հիմնադիրն ու ավելի քան քսան տարիների ընթացքում անփոփոխ ղեկավարն է եղել վաստակաշատ գիտնական, պրոֆեսոր Գ. Արեշյանը, ով ծնվել է 1881թ.-ին Թբիլիսիի մարզի Աղբուլաղ գյուղում: Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1919-ին Գ. Արեշյանը հրավիրվել է Երևան, որտեղ թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բազայի վրա հիմնել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը: 1932-ին նա հիմնադրել է ՀՍՍՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը: Նրա գործունեությունը նվիրված էր մանկաբարձագինեկոլոգիական ծառայության կազմակերպման հրատապ հիմնախնդիրներին, մոր և մանկան առողջության պահպանմանը: Նա հետազոտում էր իգական սեռական օրգանների վրա մալարիայի ազդեցությունը, դրա կլինիկական և բուժական հիմնահարցերը:
2000թ.-ից սկսած ավելի քան 20 տարի ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ. պրոֆեսոր, ՀՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Գիտության վաստակավոր գործիչ, արհեստավարժ մանկաբարձ-գինեկոլոգ Գագիկ Արտաշեսի Բեգլարյանը:Երկար տարիներ հանդիսանալով ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ` հանրահայտ բժիշկը անգնահատելի ավանդ է ունեցել հանրապետությունում մանկաբարձա-գինեկոլոգիական տարբեր ախտաբանությունների ախտորոշման ու բուժման նոր մեթոդների ներդրման մեջ:Գ.Բեգլարյանի գիտական գործունեությունը նվիրված էր առավելապես էնդոմետրիումի հիպերպլազիաներին:
Ամբիոնն ունի 5 կլինիկական բազա` <<Բեգլարյան>> ԲԿ, <<Հայ-ամերիկյան Առողջության կենտրոն>>, <<Արթմեդ>> ԲԿ, <<Աստղիկ>> ԲԿ, <<Էրեբունի>> ԲԿ:
Ուսուցում
Ուսումնառության ընթացքն ընդգրկում է ցիկլային պարապմունքներ դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, ուսումնական պրակտիկա մանկաբարձություն և գինեկոլոգիա առարկայից ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ, 5-րդ և 6-րդ, ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսերում, ինչպես նաև <<Հերացի>> քոլեջի 3-4-րդ կուրսերում : Պարապմունքներն անցկացվում են ամբիոնի հինգ կլինիկական բազաներում, ընդգրկում են տեսական կուրս, աշխատանք հիվանդների ու հղիների հետ: Դասավանդումն իրականացվում է միջազգային առաջատար փորձի և ապացուցողական բժշկության հենքի վրա կազմված կլինիկական ուղեցույցներին համապատասխան:
Գործնական պարապմունքների ընթացքում օգտագործվում է նաև արհեստական բանականության գործիքը /Dr. Lex/,որի օգնությամբ կազմված իրավիճակային խնդիրների լուծումն օգնում է ճիշտ կողմնորոշվելու տարբեր կլինիկական իրավիճակներում: Ամբիոնի բոլոր բազաները հագեցած են համակարգչային տեխնիկայով, լավագույն վարժասարքերով, ցուցապաստառներով և դիդակտիկ նյութերով: Ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ կուրսում դասավանդվում է մանկաբարձություն / ֆիզիոլոգիական մանկաբարձություն, հիմնական մանկաբարձական ախտաբանությունները, դրանց ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները, կեսսարյան հատում/; 7-րդ կիսամյակում առարկան եզրափակվում է համակարգչային քննությամբ, 8-րդ կիսամյակում` բանավոր քննությամբ: 5-րդ կուրսում դասավանդվում է գինեկոլոգիա/ հետազոտության մեթոդները, առավել հաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդությունները/; առարկան ավարտվում է համակարգչային քննությամբ: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում դասավանդվում է մանկաբարձություն և գինեկոլոգիա /հղիություն և արտասեռական ախտաբանություններ,հեշտոցային ծննդալուծող վիրահատություններ նյարդաէնդոկրին համախտանիշներ, օնկոախտաբանություն/, որն ավարտվում է ամփոփիչ ավարտական եռափուլ ատեստավորմամբ /Оsce-ձևաչափով գործնական հմտությունների ատեստավորում, համակարգչային և բանավոր քննության փուլեր/: Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներին դասավանդվում է մանկաբարձություն և գինեկոլոգիա/ առավել հաճախ հանդիպող ախտաբանություները/; ցիկլի վերջում ուսանողները հանձնում են թեստային ստուգարք:
Ուսման ընթացքում ուսանողներն ատեստավորվում են գործնական հմտություններից, ինչպես նաև հաճախում են բուհի սիմուլյացիոն կենտրոն:
Ամբիոնում դասախոսություններ և գործնական պարապմունքներ են անցկացվում նաև ռուսալեզու և անգլալեզու ուսանողների հետ: Նրանց ուսուցման համար տպագրվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ և թեստեր, առկա է լրացուցիչ գրականություն ռուսերեն անգլերեն լեզուներով:
Հետդիպլոմային ուսուցում
Կլինիկական օրդինատուրայում ուսուցման տևողությունը 4 տարի է: Կլինիկական օրդինատորներն ակտիվորեն ընդգրկված են կլինիկական աշխատանքներում, իրականացնում են գիշերային հերթապահություններ, առավոտյան կոնֆեերանսների ընթացքում հանդես են գալիս զեկույցներով: Ամբիոնի մայր բազա հանդիսացող <<Բեգլարյան>> ԲԿ-ի միջնորդությամբ ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի կողմից սահմանվել է Գագիկ Բեգլարյանի անվան կրթաթոշակ, որը շնորհվում է բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն և օրինակելի վարքագիծ ունեցող մեկ կլինիկական օրդինատորի <<մանկաբարձություն և գինեկոլոգիա>> մասնագիտությամբ:
Շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակներում ամբիոնը կազմակերպում է կրեդիտավորված վերապատրաստման դասընթացներ հանրապետության տարբեր կլինիկաներում աշխատող ավագ և միջին բուժանձնակազմի համար:
Գիտահետազոտական աշխատանքներ
Հիմնադրման օրվանից առաջին տասնամյակներում ամբիոնի գիտական աշխատանքները նվիրված են եղել երիկամային ախտաբանությանը, մալարիային, հետագայում` հղիության կրելախախտին, ծննդաբերական վնասվածքներին, իգական սեռական օրգանների նորագոյացություններին: Վերջին տասնամյակներում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը վերաբերվել է էնդոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացներին, սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդություններին, սեռական ոլորտի բորբոքային հիվանդություններին, ուսումնասիրվել է պլացենտայի վիճակը մանկաբարձական, ինֆեկցիոն և արտասեռական պաթոլոգիաների դեպքում:Ներկայումս ամբիոնն ունի հաստատված գիտական թեմա` <<Պուբերտատ հասակի աղջիկների վերարտադրողական համակարգի ձևավորման տարածաշրջանային առանձնահատկությունները>>: Նախատեսվում են կլինիկական հետազոտություններ անցկացնել հակաֆոսֆոլիպիդային համախտանիշով հղիների շրջանում:
Գիտական հետազոտությունների արդյունքները պարբերաբար ներկայացվում են ամբիոնի կողմից կազմակերպվող գիտաժողովների ընթացքում:
Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի 7 աշխատակցի կողմից հրատարակվել է 13 գիտական հոդված ազդեցության գործոնով ամսագրերում:
Ներկայումս ամբիոնում աշխատում են բժշկագիտության 2 դոկտոր, 10 թեկնածու:
Համագործակցություն
Ամբիոնը Նյու-Յորքի բժշկական համալսարանի հետ համատեղ իրականացնում է հանրապետության երիտասարդ կադրերի հետդիպլոմային եռամյա մասնագիտական վերապատրասրման ծրագիր ուրոգինեկոլոգիա մասնագիտությամբ: Բացի այդ, Նյու-Յորքի Բասետի կլինիկայի առաջատար մասնագետներն անցկացնում են մասնագիտական վերապատրաստման օնլայն դասընթացներ մանկաբարձությունից, որին մասնակցում են նաև ամբիոնի դասախոսները:
Ամբիոնի կլինիկական ակտիվություն
Ամբիոնի գրեթե բոլոր դասախոսներն աշխատում են գործնական առողջապահության բնագավառում, ղեկավարում են Երևան քաղաքի առաջատար մանկաբարձա-գինեկոլոգիական բուժհաստատությունների բաժանմունքներ: Նրանցից ոմանք հաստատված ժամանակացույցով մեկնում են հեռավոր շրջաններ, անցկացնում տեղի բնակչության մասնագիտական խորհրդատվություններ, իրականացնում բարդ վիրահատություններ:
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն Անուն
Հայրանուն |
Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Հարությունյան Արմինե Գագիկի | ամբիոնի վարիչ | բ.գ.դ. | պրոֆեսոր |
Բաբլոյան Սյուզաննա Ռուբենի | պրոֆեսոր | բ.գ.դ. | պրոֆեսոր |
Շահվերդյան Նունե Բագրատի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Բեգլարյան Իզաբելլա Գագիկի | դոցենտ | բ.գ.թ. | – |
Պետրոսյան Մարինա Կամոյի | դոցենտ | բ.գ.թ. | – |
Ոսկանյան Մարինե Ալբերտի | դոցենտ | բ.գ.թ. | – |
Նահապետյան Նելլի Արամի | դոցենտ | բ.գ.թ. | – |
Կարապետյան Ինգա Հովհաննեսի | դոցենտ | բ.գ.թ. | – |
Աբգարյան Նելլի Բենյամինի | ավագ դասախոս | բ.գ.թ. | – |
Ավագյան Մելսիկ Էդիկի | ավագ դասախոս | բ.գ.թ. | դոցենտ |
Գասպարյան Անի Արմենի | ավագ դասախոս | բ.գ.թ. | – |
Նավասարդյան Նարինե Ռոմանի | դասախոս | – | – |
Վարդանյան Նաիրա Արշակի | դասախոս | – | – |
Բարեղամյան Հասմիկ Հովհաննեսի | դասախոս | – | – |
Խաչատրյան Ազնար Սահակի | դասախոս | բ.գ.թ. | – |
Տեր-Իսահակյան Տիգրան Գեղամի | ասիստենտ | – | – |