Հիմնադրվել է 1971թ.-ին:
Ամբիոնի վարիչ՝ Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկաբուժական ծրագրերի և նեֆրոլոգիական ծառայության ղեկավար
Պատմություն
Հայաստանում առաջին մանկական հիվանդությունների ամբիոնը ստեղծվել է 1926թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի (ԵրՊԲԻ) բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կազմում, որը մինչ 1946թ. գլխավորել է նշանավոր բժիշկ, հասարակական գործիչ, պրոֆեսոր Հ.Հ. Գաբրիելյանը: Վերջինիս ջանքերով ձևավորվում էին ոչ միայն մանկաբուժական կադրեր, այլև մեծ թափ էր ստանում ազգաբնակչության մանկաբուժական ծառայությունը, այդ թվում և մանկական պոլիկլինիկական օգնության կազմակերպումը: Նշված ամբիոնը հետագա տարիներին ղեկավարել են՝ Գ.Մ. Մարգարյանը (1946-1956թթ.), Ս.Գ. Սլկունին (1956-1960թթ.), Թ.Հ. Գաբրիելյանը (1960-1976թթ.), Ռ.Մ. Մինասյանը (1976-1984թթ.), Ս.Ռ. Իբոյանը (1984-1991թթ.): Սակայն բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կողմից պատրաստվող բժիշկները, չստանալով նեղ մասնագիտական որակավորում, չէին կարող բավարարել մանկական ազգաբնակչության հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ ունեցող հանրապետության պահանջները: Հաշվի առնելով այս հանգամանքը, 1958թ. բժշկական ինստիտուտում հիմնադրվեց մանկաբուժական ֆակուլտետ, որը 1964թ. տվեց իր առաջին շրջանավարտները: Բացի առաջին մանկական կլինիկական հիվանդանոցից շահագործման հանձնվեցին նոր մանկական քաղաքային 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հիվանդանոցները, որտեղ տեղակայվեցին և իրենց գործունեությունը ծավալեցին ԵրՊԲԻ-ի մանկաբուժության նոր կազմավորված ամբիոնները: Մինչ 1963թ. մանկաբուժական ֆակուլտետի ուսանողներին մանկաբուժություն առարկան դասավանդվում էր բուժական ֆակուլտետի մանկաբուժության ամբիոնում: 1963թ. սեպտեմբերից հիմնադրվեց մանկաբուժական ֆակուլտետի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը, որը ղեկավարում էր պրոֆ. Ս.Մ. Գավալովը: Այստեղ դասավանդվում էր մանկական հիվանդությունների պրոպեդևտիկա, ֆակուլտետային և հոսպիտալ մանկաբուժություն առարկաները: Ամբիոնը տեղակայվում էր Երքաղառբաժնի թ.4 նորակառույց մանկական հիվանդանոցում:
1971թ.-ին մանկաբուժական ֆակուլտետի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը բաժանվեց երկու ինքնուրույն ամբիոնների՝ հոսպիտալ մանկաբուժության՝ պրոֆ.Վ.Ա.Աստվածատրյանի, և մանկական հիվանդությունների պրոպեդևտիկայի և ֆակուլտետային մանկաբուժության՝ պրոֆ.Ս.Ռ.Իբոյանի, ղեկավարությամբ:
Այսպիսով, հիմնադրվելով 1971թ.-ին, 1990թ-ին հոսպիտալ մանկաբուժության ամբիոնը դարձավ մանկաբուժության թիվ 1 ամբիոն: 1971-2006թթ.-ը ամբիոնը ղեկավարել է ՌԲԳԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Վ.Ա. Աստվածատրյանը: Ամբիոնի բազաներն էին Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցը (2002թ.-ից` «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ` ԵԴԱԻ) և թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը: 2006թ.-ին մանկաբուժության թիվ 1 և մանկական վիրաբուժության ամբիոնների միավորման արդյունքում ստեղծվեց մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնը, որը 2006-2011թթ.-ին ղեկավարել է պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանը: Նորաստեղծ ամբիոնի բազաները դարձան՝ «Արաբկիր» բժշկական համալիրը – ԵԴԱԻ և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն:
2011թ.-ին, մանկական վիրաբուժության առանձնացումից հետո, ամբիոնը վերանվանվեց մանկաբուժության թիվ 2 ամբիոն: 2011թ-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ. պրոֆեսոր Ա.Ա.Սարգսյանը:
Ուսուցում
Ամբիոնում ուսանում են ընդհանուր բժշկության ֆակուլտետի, ռազմաբժշկական ֆակուլտետի (4-րդ և 5-րդ կուրս), ստոմատոլոգիական ֆակուլտետի (5-րդ կուրս) տեղացի և արտասահմանցի (այդ թվում` ԱՊՀ երկրների) ուսանողներ: Ուսուցումն իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: 2023թ-ից սկսած «Մանկաբուժություն» առարկան ինտեգրացված և անընդմեջ կրթական ծրագրի համաձայն ընդհանուր բժշկության ֆակուլտետում դասավանդվում է 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներին 3 կիսամյակների ընթացքում` ընդհանուր 7 շաբաթ տևողությամբ (1+3+3): 4-րդ կուրսի 1-շաբաթյա ցիկլային պարապմունքները ավարտվում են բանավոր ստուգարքով, 5-րդ կուրսի առաջին կիսամյակի ցիկլային պարապմունքները ավարտվում են համակարգչային թեստային քննությամբ, իսկ երկրորդ կիսամյակում ցիկլային պարապմունքների ավարտից հետո ուսանողները հանձնում են բանավոր քննություն: Ապագայում նախատեսվում է ցիկլի ընդլայնում ևս 1 շաբաթով։ Ռազմաբժշկական ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները ևս առարկան ուսանում են 3 կիսամյակների ընթացքում՝ 5 շաբաթ տևողությամբ (1+2+2)։ Առարկայի ամփոփումը ամեն կիսամյակում յուրաքանչյուր ցիկլից հետո կատարվում է այնպես՝ ինչպես ընդհանուր բժշկության ֆակուլտետի համապատասխան կիսամյակում։ Ստոմատոլոգիական ֆակուլտետում առարկան դասավանդվում է 1 կիսամյակի ընթացքում։ Ցիկլի տևողությունն է 2 շաբաթ, որն ավարտվում է թեսթային թղթաձևային ստուգարքով։ Ամբիոնն ունի թեստային հարուստ բազա` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որն անընդհատ թարմացվում է: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի և ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները ստուգարքին կամ քննությանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար դասերի ընթացքում հանձնում են որոշակի պրակտիկ ունակություններ։
Հետդիպլոմային ուսուցում
Ամբիոնն ապահովում է նաև հետդիպլոմային կրթություն: Ամբիոնը «Մանկաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների պատրաստման բազա է: Ուսուցումը կլինիկական օրդինատուրայում տևում է 3 տարի: Այստեղ պատրաստվում են ոչ միայն ընդհանուր մանկաբույժներ, այլ նաև մանկական նեղ մասնագետներ (նեֆրոլոգ, գաստրոէնտերոլոգ, ռևմատոլոգ, թոքաբան): Ուսուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում կլինիկական օրդինատորների թե՛ տեսական պատրաստվածությանը, թե՛ գործնական հմտությունների ձեռք բերմանը: Նրանք ակտիվորեն ընդգրկվում են բուժական գործունեության մեջ, իսկ առավել ակտիվներն էլ` ամբիոնում տարվող գիտահետազոտական աշխատանքներում: Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագրի համաձայն` ամբիոնում իրականացվում են գործնական պարապմունքներ և դասախոսություններ: Կլինիկական օրդինատորները մասնակցում են հիվանդների ախտորոշման և բուժման վերլուծությանը, ինքնուրույն վարում են հիվանդներ ստացիոնարում և պոլիկլինիկայում, հերթապահում են, մասնակցում գիտաժողովներին, ներկայացնում զեկույցներ: Կլինիկական օրդինատորների տեսական գիտելիքները պարբերաբար ստուգվում են ատեստացիաների, ընթացիկ և ավարտական քննությունների միջոցով:
Ամբիոնում իրականացվում է նաև բժիշկների (մանկաբույժների, մանկական նեֆրոլոգների, դիալիզի մասնագետների) և բուժքույրերի վերապատրաստում, որի ընթացքում նրանք ծանոթանում են ապացուցողական բժշկությամբ հիմնավորված և գործնական նշանակություն ունեցող մանկաբուժական նյութերին, ձեռք բերում նոր հմտություններ:
Շարունակական բժշկական կրթության շրջանակներում ամբիոնի աշխատակիցները Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի հետ համատեղ ավանդաբար իրականացնում են ուսուցողական, խորհրդատվական գործունեություն Հայաստանի բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ունեն տարբեր ուղղվածություն՝
– Պարբերական հիվանդություն – 80-ական թվականներից ամբիոնի գիտական հիմնական ուղղությունն է: Ուսումնասիրվել են պարբերական հիվանդության համաճարակաբանությունը երեխաների շրջանում, ախտածնության տարբեր օղակները, կլինիկական և գենետիկական առանձնահատկությունները, ֆենոտիպ-գենոտիպային կորելացիաները, վաղ մանկական տարիքում դրսևորվող պարբերական հիվանդության դեպքերի առանձնահատկությունները, հիվանդության ծանրության, ընթացքի, բարդությունների զարգացման (հատկապես` երիկամների ամիլոիդոզի) ռիսկի գործոնները և օրինաչափությունները: Մշակվել և գործնականում կիրառվում են բուժման և շարունակական վերահսկողության մոտեցումները: Գիտահետազոտական այդ աշխատանքների արդյունքներն ամփոփված են դոկտորական 2՝ 1996թ., 2010թ. և թեկնածուական 8 ատենախոսություններում՝ 1987-2012թթ.: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման ու այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Ներկայումս գիտահետազոտական աշխատանքները շարունակվում են: Պլանավորված է երեխաների պարբերական հիվանդության ատիպիկ ընթացքի կլինիկագենետիկական առանձնահատկությունների ուսումնասիրումը հետերոզիգոտ գենոտիպով երեխաների շրջանում, ինչպես նաև նրա համակցումը որոշ իմուն հիվանդությունների՝ աղիների բորբոքային հիվանդություններ, ռևմատոիդ արթրիտ, երիկամների ոչ ամիլոիդային ախտահարում, հետ:
– Նեֆրոլոգիայի բնագավառում հետազոտությունների թեմաներն են՝
- Միզաքարային հիվանդություն. ուսումնասիրվել է Հայաստանում երեխաների միզային համակարգի քարերի համաճարակաբանությունը, քարերի կազմը: Տվյալներն ամփոփված են 1 դոկտորական և 1 թեկնածուական ատենախոսություններում:
- Առաջնային և երկրորդային գլոմերուլոպաթիաների մորֆոլոգիական ախտորոշումը. Գիտահետազոտական աշխատանքի արդյունքները ամփոփված են թեկնածուական ատենախոսության մեջ:
- Հեմոլիտիկո-ուրեմիկ համախտանիշ. համաճարաբանական և ծագումնաախտաբանության հարցերը, պերիտոնեալ դիալիզով բուժման մոտեցումների մշակումը:
- Ներկայունս կատարվում են պրոտեինուրիայով և նեֆրոտիկ համախտանիշով երեխաների գենետիկական մուտացիաների հետազոտություններ։
– Շնչառական և ալերգոլոգիական հիվանդություններ՝
- Շնչառական ալերգոզները և ալերգիկ զգայունության սպեկտրը Հայաստանում: Տվյալները ամփոփված են թեկնածուական ատենախոսության մեջ:
- Ռեսպիրատոր-սինտիցիալ վարակի և Գրիպի վարակի տեսակարար կշիռը շնչական վարակների էթիոլոգիկ գործոնների կազմում վաղ հասակի երեխաների շրջանում, նրանց սեզոնայնությունը, կլինիկո-լաբորատոր առանձնահատկությունները, վարումը: Տվյալները ամփոփված են թեկնածուական ատենախոսության մեջ:
- COVID 19 երեխաների շրջանում. կլինիկական բնութագիրը, ընթացքի, ինչպես նաև բարդության՝ բազմաօրգանային բորբոքային համախտանիշի, առանձնահատկությունները երեխաների շրջանում։ Պատրաստվում են 2 թեկնածուական ատենախոսություններ։
– Դեռահասների առողջություն – մասնակցություն դեռահասների առողջության և առողջության վարքագծի ազգային հետազոտության իրականացմանը` միջազգային գիտական կոնսորցիումի համաշխարհային հետազոտության շրջանակներում:
Ամբիոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ կազմակերպվում են գիտական, կլինիկական տեղական և միջազգային գիտաժողովներ բժշկագիտության արդիական թեմաների վերաբերյալ:
Համագործակցություն
Ամբիոնի դասախոսները երկար տարիներ շարունակ համագործակցում են մի շարք երկրների մանկաբուժության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների և բժշկական կենտրոնների հետ, մասնավորապես, մանկական նեֆրոլոգիայի և երիկամի փոխպատվաստման, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի, պուլմոնոլոգիայի և ալերգոլոգիայի, ռևմատոլոգիայի, ինֆեկցիոն հիվանդությունների ևն, գծով՝
- Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոց (Շվեյցարիա)
- Մոսկվայի հետդիպլոմային բժշկական կրթության ակադեմիա (Մոսկվա, Ռուսաստան)
Երեխաների առողջության գիտահետազոտական կենտրոն (Մոսկվա, Ռուսաստան
Ամբիոնի կլինիկական ակտիվությունը
Ամբիոնի գործունեության տարիներին աշխատակիցները մեծ հաջողությունների են հասել թե՛ պրակտիկ բժշկության, թե՛ բժշկագիտության բնագավառում։ Ամբիոնի շատ աշխատակիցներ ամբիոնի գործունեության տարբեր տարիներին եղել և այժմ էլ համարվում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց ճանաչում և հարգում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
Ամբիոնի կլինիկական բազաներն են երկու բազմամասնագիտացված մանկական կլինիկաներ՝ «Արաբկիր» ԲՀ և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ շուրջ 400 մահճակալ ընդհանուր հզորությամբ, որը մշտապես գրեթե ամբողջությամբ զբաղեցված է հիվանդների կողմից։ Կլինիկաներում առկա են մանկաբուժական դիսցիպլինաների մեծ մասը, այդ թվում՝ նորածիններ, կրծքի հասակ, գաստրոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա, շնչառական բժշկություն, ալերգոլոգիա, նեֆրոլոգիա՝ հեմոդիալիզի, սուր որովայնային դիալիզի և երիկամների փոխպատվաստման ծառայություններով, ինտենսիվ թերապիա և վերակենդանացում, ներառյալ պալիատիվ խնամքը: Ամբիոնի վարիչը և ամբիոնի պրոֆեսորը ղեկավարում են վերը նշված կլինիկաները։ Ամբիոնի աշխատակիցները վարում են հիվանդներ։ Հիվանդների քանակը և բազմազանությունը բավարար են ինչպես ուսանողների, այնպես էլ կլինիկական օրդինատորների և ամբիոնում վերապատրաստում անցնող մանկաբույժների համար բազմաբովանդակ ուսումնական պրոցես կազմակերպելու համար։
Ամբիոնի աշխատակազմը
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
1. Սարգսյան Աշոտ Ալեքսանդրի | ամբիոնի վարիչ | բ.գ.դ. | պրոֆ. |
2. Ամարյան Գայանե Գևորգի | պրոֆ. | բ.գ.դ. | պրոֆ. |
3. Սարգսյան Սերգեյ Գերասիմի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
4. Սարգսյան Հասմիկ Գուրգենի | դոցենտ | բ.գ.թ | դոցենտ |
5. Մկրտչյան Նունե Գևորգի | դոցենտ | բ.գ.թ. | |
6. Պետրոսյան Անահիտ Արգամի | ավագ դասախոս | բ.գ.թ | դոցենտ |
7. Շահվերդյան Նաիրա Արարատի | դասախոս | ||
8. Շահինյան Տաթևիկ Մուշեղի | դասախոս | բ.գ.թ. | |
9. Մամյան Իրինա Անդրանիկի | դասախոս | ||
10. Սարգսյան Ստելլա Վախթանգի | ասիստենտ |