Պատմություն
Հիմնադրվել է 1965թ.-ին:
1965-1975թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Էմմա Սերգեյի Մարտիկյանը:
1975-1997թթ.-ին ամբիոնի վարիչը եղել է պրոֆեսոր Ալբերտ Անդրանիկի Վանյանը:
1997թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Արա Սայենի Բաբլոյանը:
Տարբեր տարիներին ամբիոնում աշխատել են պրոֆեսորներ Ա. Մինասյանը, Գ. Մհոյանը, դոցենտներ Ռ. Պետրոսյանը, Է. Դավթյանը, Ս. Կարապետյանը, բժշկական գիտությունների թեկնածուներ Ա. Գևորգյանը, Վ. Գևորգյանը, Ա. Թումյանը և այլոք: Ամբիոնի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակում հանրապետությունում ներդրվել և աստիճանաբար լայն կիրառություն են ստացել մի շարք բարդ ու եզակի վիրահատություններ:
Ամբիոնի գործունեության տարիների ընթացքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ մանկական վիրաբուժության տարբեր ուղղություններում:
- Մանկական հասակի թոքային վիրաբուժությունում, որի հիմնադիրը պրոֆեսոր Ա.Վանյանն է, մշակվել են մի շարք նոր հետազոտություններ` բրոնխոսկոպիա, բրոնխոգրաֆիա, սուր շնչական խանգարումների ախտորոշում ու բուժում բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների ժամանակ: Դրանք հաջողությամբ օգտագործվում են «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնում
- Աբդոմինալ վիրաբուժությունում 60-ական թվականներից ներդրված մշակումները վերջին տարիներին ընդլայնվել, արդիականացվել ու կատարելագործվել են ինչպես ախտորոշման, այնպես էլ վիրաբուժական բուժման և հիվանդների վարման տակտիկայի հարցերում:
- Կատարելագործվում են պորտալ հիպերտենզիայի դեպքում կերակրափողի երակների վարիկոզ լայնացման սկլերոթերապիայի (արյունահոսությունների ժամանակ), հաստ աղու վրա կատարվող վիրահատական միջամտությունների մեթոդները:
- Մեծ քայլ է արվել մանկական հասակի ուրոլոգիական ախտաբանության ոլորտում: Առաջին անգամ հաջողությամբ կատարվել է երիկամի փոխպատվաստում երեխաների մոտ, միզասեռական համակարգի հիվանդությունների բուժման ընթացքում կատարվում և ներդրվում են էնդովիրաբուժական միջմաշկային մորֆոլոգիական հետազոտություններ: Լայնորեն կիրառվում են պլաստիկ վերականգնողական վիրահատություններ երիկամների և միզուղիների զարգացման արատների ժամանակ:
- Մեծ առաջընթաց է ապրել նորածինների վիրաբուժությունը, ախտորոշումը, մինչև հետվիրահատական խնամքը, պահպանողական և վիրահատական բուժման ձևերը: Զգալի դրական տեղաշարժ է նկատվում կերակրափողի, անոռեկտալշրջանի, աղիների, որովայնի առաջնային պատի զարգացման արատների և հիվանդությունների բուժման մեջ:
Մեծ աշխատանք է տարվում մանկական հասակի վնասվածքաբանության և ոսկրաբուժության կլինիկայում: Մշակվում, կատարելագործվում և ներդրվում են հենաշարժական համակարգի բնածին խանգարումների և հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ: Կիրառվում են խոշոր հոդերի էնդովիրաբուժական (արթրոսկոպիա), ծանր վնասվածքների գնոտոբիոլոգիական մեկուսացման եղանակները: Մեծ տեղ է տրվում հաշմանդամների վերականգնողական բուժման, պրոթեզավորման հարցերին:
Ամբիոնի բազաներն են`
- «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը,
- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը,
- «Մուրացան» հիվանդանոցային համալիրը, ԵՊԲՀ:
Ուսուցում
Առարկան հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասավանդվում է համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին` դասախոսությունների, սեմինարների և գործնական պարապմունքների ձևով: Ընդգրկում է մանկական կրծքային և որովայնային վիրաբուժության, ուրոլոգիայի, զարգացման բնածին արատների, թարախաբորբոքային հիվանդությունների, ինչպես նաև անհետաձգելի վիրաբուժության բաժինները:
Գործնական պարապմունքներին ուսանողները ծանոթանում են վիրաբուժական հիվանդությունների ախտորոշիչ մեթոդներին, մասնակցում առավոտյան համայցերին և հիվանդների վիրակապություններին։ Ներկա են լինում վիրահատություններին` անմիջապես վիրահատական սեղանի շուրջ մասնակցելով դասավանդվող նյութի` գործնական օրինակներով քննարկմանը:
Դասախոսությունները կարդացվում են համակարգչային ցուցադրական սլայդերի կիրառմամբ: Պարապմունքների տևողությունը 2 շաբաթէ: Առաջին շաբաթն ավարտվում է թեստային հարցմամբ, իսկ ցիկլի վերջում ուսանողները հանձնում են թեստային քննություն:
Ուսանողների գործնական հմտությունների ուսուցման նպատակով ամբիոնում առկա են տարբեր ուղղվածության մուլյաժներ` միզապարկի կաթետերիզացիայից մինչև մաշկի կար:
Հետդիպլոմային կրթություն
Կլինիկական օրդինատուրա
Ամբիոնում հետդիպլոմային կրթության շրջանակներում պետպատվերով և վճարովի հիմունքներով մասնագիտանում է 13 կլինիկական օրդինատոր (10- ը ուսուցման երկրորդ տարում, 3-ը` երրորդ ավարտական տարում): Բոլոր կլինիկական օրդինատորներն, ըստ ուսումնական պլանում ընդգրկված ռոտացիոն սկզբունքի, պարբերաբար փոխում են ուսուցման բազային բուժհիմնարկը, մասնագիտանում վիրաբուժական բոլոր ուղղություններով:
Ասպիրանտուրա
Ամբիոնում հետդիպլոմային կրթության շրջանակներում մասնագիտանում և գիտական գործունեություն է իրականացնում մեկ ասպիրանտ, ով սովորում է ավարտական երրորդ կուրսում և սույն ուսումնական տարվա վերջում պատրաստվում է պաշտպանել թեկնածուական թեզը:
Բժիշկների և բուժքույրերի կատարելագործում
Ամբիոնը հավատարմագրված է բժշկական համալսարանի կողմից: Կազմակերպում է կատարելագործման դասընթացներ` բժշկական տարբեր մասնագիտական ոլորտների ներկայացուցիչների և միջին բուժանձնակազմի համար:
Ամբիոնում իրականացվում է վերապատրաստում հետևյալ մասնագիտություններով`
- մանկաբույժ,
- մանկական վիրաբույժ,
- մանկական նեֆրոլոգ,
- ուրոլոգ,
- էնդոսկոպիստ,
- շտապօգնությանբժիշկ,
- բուժքույր:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի կողմից գիտական աշխատանքներ են տարվում հետևյալ թեմաներով.
- «Հայաստանում երեխաների բնածին և ժառանգական հիվանդություններ»,
- «Երիկամների փոխպատվաստման վիրաբուժական ասպեկտները»,
- «Թարախաբորբոքային հիվանդությունների վիրահատական բուժման ասպեկտները»:
Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է ավելի քան 10 գիտական աշխատանք:
Համագործակցություն
Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիան մասնակցում է Եվրոպայի մանկական բժշկական ասոցիացիաների ընկերության աշխատանքներին:
Ամբիոնը համագործակցում է`
- «Արաբկիր» բժշկական համալիրի,
- «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի,
- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի,
ԵվրոպայիուԱՄՆ-ի տարբեր կլինիկաների և անվանի մասնագետների հետ:
Ամբիոնի աշխատակիցներն ուսման, փորձի փոխանակման նպատակով գործուղվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր կլինիկաներ, արտասահմանյան մասնագետների հետ համատեղ անցկացնում խորհրդակցություններ, գիտագործնական համաժողովներ` մանկական վիրաբուժության արդիական հարցերի շուրջ:
Ամբիոնի աշխատակիցների և բազային հիվանդանոցների բժիշկների համատեղ ուժերով լույս են ընծայվում գիտական հոդվածներ, թեզիսներ, ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ` հանրապետության մարզերի բուժհիմնարկների աշխատողների համար: