Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոն

Պատմություն

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի կազմավորումը կապված է 1954թ.-ին Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնին կից գործող ուրոլոգիայի դասընթացի հետ: Դասընթացի, և ընդհանրապես Հայաստանում ուրոլոգիայի հիմնադիրն էր դոցենտ Ավետիք Ավետիքի Միդոյանը, ով այն ղեկավարեց մինչև 1991թ-ը: 1991թ.-ից դասընթացի ղեկավար նշանակվեց դոց. Յուրի Գեորգիի Զոհրաբյանը, ով ղեկավարեց մինչև 2003թ.-ը: 1978թ-ին Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնին կից ուրոլոգիայի դասընթացին զուգահեռ բժիշկների կատարելագործման ինստիտուտում (բժիշկների վերապատրաստման նպատակով) ստեղծվեց ուրոլոգիայի ամբիոն, որի ղեկավար նշանակվեց դոց. Իվան Գերասիմի Աղաջանյանը: Այս տարիները առանձնահատուկ եղան հանրապետությունում ուրոլոգիայի զարգացման համար թե՛ կադրային, թե՛ գիտական և թե՛ տեխնիկական առումով: Այս ընթացքում հրապարակվեցին 2 տասնյակից ավել գիտական աշխատություններ: 2003թ.-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Արմեն Աբգարի Մուրադյանի անմիջական ջանքերով, ստեղծվեց ուրոլոգիայի ամբիոն: Ամբիոնի աշխատակիցները հիմնականում երիտասարդ մասնագետներ էին, որոնց անձնուրաց աշխատանքի շնորհիվ ստեղծվեցին ժամանակակից ուսումնական ծրագրեր ինչպես ուսանողների, այնպես էլ կլինիկական օրդինատորների համար: Ամբիոնի աշխատակիցների եռանդուն աշխատանքի շնորհիվ աննախադեպ հետաքրքրություն առաջացավ ուսանողների շրջանում ուրոլոգիա առարկայի հանդեպ, ինչի ապացույցը դարձավ այն փաստը, որ ամբիոնը 2 անգամ ճանաչվեց լավագույնը ուսանողների գնահատմամբ, ինչպես նաև այն որ տարեց տարի ամբիոն ընդունվող կլինիկական օրդինատորների քանակը աճում էր։ Պրոֆ. Ա․ Ա․ Մուրադյանը ամբիոնը ղեկավարեց մինչև 2011թ.-ը։ 2011թ.-ին Ս. Խ. Ավդալբեկյանի անվան բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի ամբիոնը, որը զբաղվում էր հետդիպլոմային ուսուցմամբ միավորվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնին։ Արդյունքում համալսարանի ղեկավարության և Ա․ Ա․ Մուրադյանի գլխավորած ամբիոնի աշխատակիցների աշխատանքային անհամաձայնության պատճառով որոշվել է պրոֆ. Ա․ Ա․ Մուրադյանի ղեկավարած ամբիոնը փակել, լուծարել և ուրոլոգիայի դիպլոմային և հետդիպլոմային ուսուցման հարցերով զբաղվելու պարտականությունները դնել Ի.Գ. Աղաջանյանի վրա, ով ամբիոնը ղեկավարեել է մինչև 2014թ-ը: 2014թ-ին ուրոլոգիայի ամբիոնը վերակազմավորվեց ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի՝ իր մեջ ներառելով նաև անդրոլոգիայի կուրսը: Ամբիոնի վարիչ նշանակվեց պրոֆ. Ա. Ա. Մուրադյանը, ով ամբիոնը ղեկավարում է մինչ օրս:

Ուսուցում

Ամբիոնում դասավանդվում է ուրոլոգիա և անդրոլոգիա առարկան։ Ուսուցումը անցկացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և օտերարկարցի ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ ցիկլային պարապմունքների ձևով, երկու շաբաթ տևողությամբ։ Ուսուցումը անցկացվում է գործնական պարապմունքների, դասախոսությունների, ինտերակտիվ քննարկումների ձևով։ Ուսումնական նյութը ներկայացված է հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ուսումնական ձեռնարկի տպագրված տարբերակով։ Ցիկլային պարապմունքների վերջում ուսանողները հանձնում են կենտրոնացված համակարգչային քննություն։ 2003թ-ից մինչ օրս ամբիոնում ուսանել են շուրջ 8000 ուսանող ընդհանուր բժշկության, ռամաբժշկական և օտարալեզու ուսանողների ֆակուլտետներից։ Հետդիպլոմային ուսուցումը ամբիոնում ներկայացված է ուրոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայով երեք տարի տևողությամբ։ Կլինիկական օրդինատորների ուսումնական պրոցեսը ներառում է ժամանակակից, ապացուցողական բժշկության վրա հիմնված տեսական գիտելիքների ձեռքբերում՝ արդի բժշկական գրականության միջոցով, գործնական հմտությունների ձեռքբերում և ամրապնդում հիվանդների վարման, վիրահատությունների անմիջական մասնակցության և հիվանդանոցային հերթապահությունների միջոցով։ Կլինիկական օրդինատորների գիտելիքները ստուգվում են ամենամյա քննությունների և ավարտական պետական ատեստավորման մեթոդներով։ 2003թ-ից մինչ օրս ամբիոնն ավարտել է 97 կլինիկական օրդինատոր։ Ամբիոնում անցկացվում է նաև հետդիպլոմային ուսուցում վերապատրաստման դասընթացների ձևով՝ բժիշկ մասնագետների և միջին բուժանձնակազմի համար։ Մշակված են և պարբերաբար թարմացվում են վերապատրաստումների ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից միջազգային պահանջներին։

Գիտահետազոտական աշխատանքներ

2003թ-ից սկսած ամբիոնում տպագրվել է 8 մեթոդական ձեռնարկ, մեկ դասագիրք ուսանողների, կլինիկական օրդինատորների, բժիշկ մասնագետների համար, շուրջ 320 գիատական հոդվածներ, որոնցից ազդեցության գործակից ունեցող 27 հոդված։ 2003թ-ից մինչ օրս ամբիոնն ունեցել է 5 ասպիրանտ։ Ամբիոնում պաշտպանվել է բժշկական գիտությունների դոկտորի 3 և թեկնածուի 6 ատենախոսություն։ Ամբիոնի ձևավորման սկզբնական փուլերում գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառել է ուրոդինամիկ հետազոտությունների և դրանց փոփոխությունների ուսումնասիրությունը ուրոլոգիական տարբեր հիվանդությունների ժամանակ և դրանց բուժման ընթացքում, շագանակագեղձի տարածված քաղցկեղի բուժման մեթոդների բարելավման կլինիկոկենսաբանական հիմունքների ուսումնասիրությունը, միզաքարային հիվանդության բուժման ոչ ինվազիվ մեթոդների հետազոտությունը։ Ավելի ուշ շրջաններում հետազոտական աշխատանքներ են իրականցվել վարիկոցելեի վիրահատական բուժման մեթոդների բարելավման, շագանակագեղձի բարորակ գերաճի բուժման նորագույն մեթոդների կիրառման համեմատության, ինֆրավեզիկալ օբստրուկցիայի ժամանակ դետրուզորի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունների, միզաքարային հիվանդության դեպքում հեռահար քարափշրման և բուժման նոր մեթոդների արդյունավետության գնահատման ուղղությամբ։ Վերջերս, հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված տարբեր հիվանդությունների հիվանդացության և դրանց կլինիկական ընթացքի փոփոխությունների ի հայտ գալը, հետազոտական աշխատանքներ են սկսել իրականցվել նաև COVID-19-ով պայամանավորված ուրոլոգիական հիվանդությունների ընթացքի առանձնահատկությունների ուսումնասիրության ուղղությամբ։

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի բոլոր աշխատակիցները ընդգրկված են կլինիկական աշխատանքներում։ Ամբիոնը տեղակայված է 6 կլինիկական բազաներում։ Հիմնական բազան «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրն է։ Բոլոր բազաների ղեկավարները նաև հանդիսանում են այդ կլինիկաների ղեկավարները։ Կլինիկական աշխատանքները ներառում են ինչպես կոնսերվատիվ այնպես էլ վիրահատական բուժման մեթոդները։ Իրականացվում են միզասեռական համակարգի ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների, ստորին միզուղիների ախտանիշների, անպտղության, սեռական դիսֆունկցիայի կոնսերվատիվ բուժում։ Կլինիկաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և ապահովում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ։ Ամբիոնի կլինիկական բազաներում իրականացվում են միզային համակարգի բոլոր օրգանների բարորակ և չարորակ ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ վիրահատություններ, միզաքարային հիվանդության բուժման բոլոր, այդ թվում էնդոսկոպիկ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատական միջամտություններ, լազերային սարքավորումների կիրառմամաբ տարբեր ծավալի էնդոսկոպիկ միջամտություններ, արական անպտղության կապակցությամբ վիրահատական միջամտություններ, պլաստիկ-ռեկոսնտրուկտիվ վիրահատություններ։ Բոլոր կլինիկակակն բազաները աշխատում են 24 ժամյա գրաֆիկով՝ հնարավորություն ստեղծելով անհետաձգելի ուրոլոգիական բուժօգնության կազմակերպում և շտապ օգնության ծառայության սպասարկում։

 

 

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1.    Մուրադյան Արմեն Աբգարի ամբիոնի վարիչ բ.գ.դ պրոֆեսոր
2.    Բաբլումյան Արեն Յուրիի պրոֆեսոր բ.գ.դ պրոֆեսոր
3.    Գրաբսկի Արթուր Մկրտչի պրոֆեսոր բ.գ.դ պրոֆեսոր
4.    Ֆանարջյան Սերգեյ Վիկտորի պրոֆեսոր բ.գ.դ պրոֆեսոր
5.    Սահակյան Միքայել Ռաֆիկի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
6.    Բադալյան Ռաֆայել Ռոբեսպիերի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
7.    Շահսուվարյան Վարուժան Հայկի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
8.    Երզնկյան Գրիգորի Էդուարդի ավագ դասախոս բ.գ.թ.  
9.    Դանիելյան Շահեն Բորիսի ավագ դասախոս բ.գ.թ.  
10.  Մադաթյան Արտակ Հուսիկի ավագ դասախոս բ.գ.թ.  
11.  Միրզոյան Կորյուն Սամվելի ավագ դասախոս բ.գ.թ.  
12.  Պետրոսյան Հրաչիկ Հովիկի դասախոս    
13.  Մարտիրոսյան Արմեն Լենիկի դասախոս    
14.  Դվոյան Համլետ Ալեքսանդրի դասախոս    
15.  Ջավախյան Մհեր Ռաֆայելի դասախոս    
16.  Կիրակոսյան Երվանդ Աշոտի ասիստենտ    
17.  Քոչարյան Արթուր Արմենի ասիստենտ    
18.  Շադյան Գոռ Գրիգորիի ասիստենտ    
19.  Մարտիրոսյան Դավիթ Արմենի ասիստենտ    
20.  Պարսամյան Լիլիթ Սարգսի մասնագետ