Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմադաշտային թերապիայի ամբիոն

Պատմություն

Ռազմադաշտային թերապիայի ամբիոնը ստեղծվել է 1998թ․-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ առանձնանալով ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժության և ռազմադաշտային թերապիայի ընդհանուր ամբիոնից:

Ռազմադաշտային թերապիայի նորաստեղծ ամբիոնի պետ է նշանակվել բ.գ.դ., բ/ծ գնդապետ Ս.Գ. Գալստյանը:

Ամբիոնի ձևավորման և ուսումնական գործընթացի իրականացման գործում իրենց ավանդն են ունեցել ամբիոնի առաջին դասախոսներ, բ.գ.թ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Ն.Ռ. Արզումանյանը, բ.գ.թ., դոցենտ, բ/ծ մայոր Ա.Գ. Դանիելյանը և բ.գ.թ., դոցենտ բ/ծ մայոր Ք.Մ. Սահակյանը:

2002թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (ԿԿԶՀ) ստեղծվել են պրոֆիլային կլինիկաներ, բ.գ.դ., բ/ծ գնդապետ Ս.Գ. Գալստյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ կլինիկայի ղեկավար:

2007թ.-ին ամբիոնում ստեղծվել է կլինիկական թունաբանություն դասընթաց՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանական կենտրոնի բազայով:

2012 թվականից ամբիոնը ղեկավարում է բ/ծ գնդապետ, բ.գ.դ., դոցենտ Վ.Վ. Ծատուրյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2015 թ-ին ՌԴԹ ամբիոնի կազմի մեջ է մտցվել ռազմական թունաբանության ցիկլը՝ ավագ դասախոս բ.գ.թ., բ/ծ մայոր Լ.Գ. Հովհաննիսյանի և դասախոս Ռ.Հ. Խաչիկյանի մասնակցությամբ:

2020թ․–ից ամբիոնում ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին դասավանդվում է ավիացիոն բժշկություն առարկան։

Ուսուցում

Ներկայում ամբիոնում դասավանդվում են ռազմադաշտային թերապիա, ռազմական պոլիկլինիկական գործ, թերապևտիկ օգնությունն արտակարգ իրավիճակներում (արտասահմանցի ուսանողների համար), ռազմական թունաբանու­թյուն, ճառագայթաբանու­թյուն և բժշկական պաշտպանություն (ՌԹՃԲՊ), կլինիկական թունաբանություն, ավիացիոն բժշկություն:

Առարկաները դասավանդվում են եռալեզու ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին, ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին, արտասահմանյան ուսանողներին և բժշկական քոլեջի սաներին:
Ամբիոնը հետբուհական կրթական համակարգում ակտիվ ներգրավված է ինտերնատուրայի և կլինիկական օրդիանատուրայի մասնագետների պատրաստման գործընթացում:

Որպես ուսումնական նյութեր ծառայում են ռազմադաշտային թերապիայի ռուսալեզու դասագրքերը («Ներքին հիվանդություններ։ Ռազմադաշտային թերապիա, Ուսումնական ձեռնարկ Ա. Ռակով, Ա Սոսյուկին, Սանկտ-Պետերբուրգ 2003թ.», «Ռազմադաշտային թերապիա, դասագիրք, Յու․ Օվչիննիկով, Յու․ Շալիմով, Սանկտ–Պետերբուրգ 2016թ․»), ինչպես նաև վերջիններից թարգմանված և վերամշակված հայերեն ուսումնական նյութերը՝ դասախոսությունների և առանձին բաժինների տեսքով, ամբիոնում մշակված ուսումնական ձեռնարկները («Կլինիկական թունաբանություն», «Ճառագայթային ախտահարումներ», «Internal medicine in emergency situations») և այլն։

Աշխատանքներ են տարվում ռազմադաշտային թերապիայի հայերեն նոր դասագրքի մշակման ուղղությամբ, հրատարակման են պատրաստվում ավիացիոն բժշկություն թեմայով երկու ուսումնական ձեռնարկ։

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են զինծառայողների և վիրավորների ներքին օրգանների հիվանդությունների ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման առանձնահատկությունների ուսումնասիրությունը, բարձր լեռնային պայմանների ազդցությունը մարդու օրգանիզմի վրա, քրոնիկական միկրոալիքային ախտահարումները, ծանր մետաղների ազդեցությունը, ռազմաբժշկական փորձաքննության հիմնահարցերը, ռազմական և կլինիկական թունաբանության հիմնախնդիրները, զորքերում ահետաձգելի թերապևտիկ օգնության կազմակերպման ասպեկտները:

Ամբիոնը ունի մեծ և ուրույն ավանդ ՀՀ զինված ուժերում թերապևտիկ օգնության կազմակերպման, ռեակտիվ արթրիտների, գլոմելունեֆրիտների, նեյրոցիրկուլյատոր ասթենիայի, թոքաբորբերի կանխարգելման և բուժական գործընթացի, դրանց ուղեցույցերի ստեղծման հարցերում:

Առանձնահատուկ է ամբիոնի դերը ՀՀ ԶՈՒ–ում վարակիչ հիվանդությունների, տուբերկուլոզի կանխարգելման, բարձր լեռնային պայմաններում զինծառայողների բուժապահովման կազմակերպման, մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրման, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման հարցերում:

Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, մենագրություններ, ուղեցույցներ, ուսումնական ձեռնարկներ:
Ամբիոնում պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

Ամբիոնի դասախոսական կազմը լայնորեն ընդգրկված է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ կլինիկայի և այլ բուժհաստատությունների կլինիկական աշխատանքներում։ Դասախոսական կազմն ակտիվորեն մասնակցում է համայցերին, ստացիոնար հիվանդների վարմանը, ամբուլատոր ընդունելությանն՝ ըստ նեղ մասնագիտությունների, ամբիոնի դասախոսները առանցքային պաշտոններ են զբաղեցնում ԿԿԶՀ–ում, «Մուրացան» համալսարանական բժշկական համալիրում և այլ բուժհաստատություններում (առաջատար թերապևտ, թերապևտիկ բաժանմունքի պետ, մանկական վերականդանացման և թունաբանական կլինիկայի ղեկավար և այլն):

 

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն, Անուն, Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Ծատուրյան Վարդան Վիկտորի Ամբիոնի պետ Բ․գ․դ․ դոցենտ
Գալստյամ Սամվել Գալուստի Պրոֆեսոր Բ․գ․դ․ պրոֆեսոր
Սահակյան Քրիստինե Մելսի Ավագ դասախոս Բ․գ․թ․ դոցենտ
Հովհաննիսյան Լուսինե Գագիկի Ավագ դասախոս Բ․գ․թ․  
Քոչարյան Անի Սեյրանի Ավագ դասախոս Բ․գ․թ․  
Սարգսյան Մարգարիտա Վրեժի Դասախոս Բ․գ․դ․ դոցենտ
Գրիգորյան Մարինա Ռոբերտի Դասախոս Բ․գ․թ․  
Գրիգորյան Կարեն Վանիկի Դասախոս    
Խաչիկյան Ռուզան Համլետի Դասախոս    
Զորյան Սոֆիա Լևոնի Դասախոս    
Պետրոսյան Լուսինե Պավելի Դասախոս    
Խաչատրյան Արտաշես Կարապետի Դասախոս