Պատմություն
Ստոմատոլոգիան բժշկության ամենաերիտասարդ ճյուղերից է: Նախախորհրդային Հայաստանում ազգաբնակչության ստոմատոլոգիական օգնությունը գտնվել է ծայրահեղ անմխիաթար վիճակում, ավելի ճիշտ՝ բոլորովին գոյություն չի ունեցել, եթե հաշվի չառնենք մի քանի հատուկենտ ատամնաբույժների, որոնք մասնավոր կարգով աշխատել են Երևանում և Ալեքսանդրապոլում: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո բացվեցին մի շարք պետական բժշկական հաստատություններ, որոնց կից սկսեցին գործել նաև ատամնաբուժական կաբինետներ: 1925 թ. Թիֆլիսում հրավիրվել է օդոնտոլոգների առաջին Անդրկովկասյան Համագումարը, որտեղ Ալեքսանդր Մաշուրը զեկուցեց Հայաստանում կատարվող աշխատանքերի ընթացքի մասին: Ստոմատոլոգիայի զարգացումը ՀՍՍՀ-ում պայմանավորված է Մաշուրի նախաձեռնությամբ 1929 թվականին Երևանում առաջին ատամնաբուժարանի բացմամբ, որտեղ աշխատում էին 34 ատամնաբույժներ և ատամնատեխնիկներ: Ատամնաբույժների շարքերը համալրվում էին մյուս հանրապետություններից հրավիրված մասնագետներով: Նշված մասնաճյուղը կադրերով ապահովելու համար ԱՌԺՈՂԿՈՄԱՏԸ 1932 թվականին կազմակերպել է ատամնաբուժական և ատամնատեխնիկական կուրսեր 6 և 9 ամիս տևողությամբ, որտեղ ընդունվել են գլխավորապես 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող բուժակներ: 1933 թվականին այդ կուրսերը ավարտել են 35 ատմնաբույժներ և 26 ատամնատեխնիկներ: Ստոմատոլոգիայի զարգացման մեջ մեծ դեր է խաղացել Սեդա Մարգարյանը, ով ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ վերապատրաստվեց Մոսկվայի և Լենինգրադի առաջատար ստոմատոլոգիական կլինիկաներում և անցավ աշխատանքի Երևանում:
1936 թվականին հիմնադրվել է ատամնաբուժական դպրոցը, որը գործել է մինչ 1949 թվականը: 1937 թվականին դպրոցը լայնացնում է շրջանակները` բացելով ատամնատեխնիկական կուրս, որտեղ առաջին տարին սովորել է 40 ուսանող: 1937 թվականին դպրոցի բազայի վրա բացվել են մեկ տարվա ստոմատոլոգիական կուրսեր, որտեղ վերապատրաստվել են 26 ատամնաբույժներ: Այդ կուրսերը սկիզբ դրեցին Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացմանը:
1946 թվականին Երևանի օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում բացվեց դիմածնոտային վիրաբուժության կլինիկա` 25 մահճակալով, որը գործեց մինչև 1965 թվականը, որտեղ վիրաբուժական ստոմատոլոգիա է դասավանդել Ա. Սահակյանը, 1956 թվականից՝ Գ. Եղիյանը։ 1946 թվականին բժշկական ուսումնարանում բացվեց ատամնաբուժական բաժին՝ 3 տարվա ուսման տևողությամբ:
1949 թվականին Երևանի ատամնաբուժական դպրոցը փակվեց: Հասունացել էր առավել բարձրակարգ մասնագետների նախապատրաստման անհրաժեշտությունը: Մինչև 1958 թվականը ստոմատոլոգիական բուժօգնությունը Հայաստանում ետ էր մնում Միության մի շարք հանրապետություններից ու մարզերից, որի հիմնական պատճառը բարձրագույն բժշկական կրթությամբ ստոմատոլոգ մասնագետների պակասն էր և ստոմատոլոգիական հաստատությունների ցանցի դանդաղ աճը:
Ստոմատոլոգիական ծառայությունը Հայաստանում լիարժեք սկսվեց ձևավորվել 20-րդ դարի 60 –ական թվականներից սկսած:
Բարձրագույն կրթությամբ բժիշկ-ստոմատոլոգներ պատրաստելու և հանրապետության ազգաբնակչությանը բարձրակարգ ստոմատոլոգիական մասնագիտական ծառայություն ապահովելու նպատակով 1961թ.-ին Խորհրդային միության Մինիստրների խորհրդի և Առողջապահության նախարարության համատեղ որոշմամբ Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետ:
1961-1962 ուսումնական տարում հայտարարվեց առաջին ընդունելությունը, որի արդյունքում ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվեց 48 հոգի:
1963 թվականից կազմավորվեց ստոմատոլոգիական, սանիտարահիգիենիկ և մանկաբուժական ֆակուլտետների միացյալ դեկանատ՝ դոցենտ Կ.Հ. Կարապետյանի ղեկավարությամբ:1963 թվականին ձևավորվեց ստոմատոլոգիայի ամբիոնը Գ.Մ Եղյանի ղեկավարությամբ: Այն որակյալ կադրերով համալրելու նպատակով ասպիրանտուրայում սովորելու համար Մոսկվա են ուղարկվել Իվետա Պետրոսյանը, Էդուարդ Կիլիկյանը, Էդուարդ Գևորգյանը: 1963թ.-ին Աննա Մինալյանը դարձել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտը` Գեորգի Եղիյանի ղեկավարությամբ:
1969-1970 ուսումնական տարում` հաշվի առնելով <<Ստոմատոլոգիա>> մասնագիտության առանձնահատկությունները, որպես գիտության զարգացող նոր ճյուղ, նպատակահարմար է համարվել կազմավորել առանձին ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ դեկանի պաշտոնում նշանակվել են պրոֆեսորներ Մ. Ս. Գավալովը և Գ. Գ. Նիկողոսյանը: Հետագայում դեկանի պաշտոնը ստանձնել են դոցենտ Լ. Ա. Ֆրանգուլյանը, դոցենտ Միքայել Իսրայելի Հովհաննիսյանը, դոցենտ Իվետա Գրիգորիի Պետրոսյանը, պրոֆեսոր Վալերի Գուրգենի Տատինցյանը, պրոֆեսոր Մարգարիտա Զավենի Բախշինյանը, բ․գ․դ․Արամազդ Պարգևի Քանքանյանը, պրոֆեսոր Մարինա Միտուշի Մարգարյանը, դոցենտ Կարինե Մինասի Բարոյանը, իսկ 2011 թ. սեպտեմբերից ֆակուլտետի դեկանն է պրոֆեսոր Լազար Կարլենի Եսայանը:
1972թ.-ին հիմնադրվել է հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկան: 1987թ.-ին Հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկային կից բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստոմատոլոգիական կենտրոնը:
1966-67 ուստարում ստոմատոլոգիական ֆակուլտետն ավարտել է առաջին 47 շրջանավատը: Նրանցից 39-ը տեղացի ուսանողներ էին, իսկ 8-ը՝ սփյուռքահայեր:
Այժմ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում սովորում է շուրջ 1000 ուսանող: Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվում է «բժիշկ-ստոմատոլոգի» որակավորմամբ դիպլոմ: Ֆակուլտետն ունեցել է բազմաթիվ անվանական կրթաթոշակառուներ և գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներ: Նրանցից շատերը մասնագիտանում են ՌԴ, Եվրոպայի և ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում, հաջողությամբ աշխատում թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում: Ներկայումս <<Ստոմատոլոգիա>> մասնագիտությամբ բազային կրթությունն իրականացվում է 5-ամյա անընդհատ և ինտեգրացված ծրագրով: Բազային կրթությանն հաջորդում է կլինիկական օրդինատուրայի ուսուցումը՝ 1,5-3 տարի տևողությամբ: Համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում (ՀՍՊ 1, ՀՍՊ 2, ՀՍՊ 3, ՀՍՊ 4) իրականացվում են նաև բժիշկների կատարելագործման դասընթացներ: Ֆակուլտետում ստոմատոլոգիական մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է թերապևտիկ ստոմատոլոգիայի, օրթոպեդիկ ստոմատոլոգիայի, մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի, վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոններում և ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում:
Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող բուհերի հետ` ոչ միայն ուսումնամեթոդական ու կլինիկական ոլորտներում փորձի փոխանակմամբ, այլ նաև գիտական ասպարեզում համատեղ լուրջ հետազոտությունների, գիտահետազոտական բազմաթիվ աշխատանքների հրապարակումների և այլ ձեռքբերումների շրջանակներում:
Ուսուցումը
Ուսուցումը
Ստոմատոլոգիական ֆակուլտետի բազային կրթությունը կազմակերպվում է ինտեգրացված կրթական ծրագրով՝ 5 տարի տևողությամբ, որին հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ 1.5-3 տարի տևողությամբ: Ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների ինքնուրույն աշխատանքին, որն իրականացվում է դասախոսի անմիջական ղեկավարությամբ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ստոմատոլոգիական ուսումնական ֆանտոմներ, դիդակտիկ նյութեր:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվում է «բժիշկ-ստոմատոլոգի» որակավորմամբ դիպլոմ:
Ֆակուլտետն ունեցել է բազմաթիվ անվանական կրթաթոշակառուներ և գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներ: Նրանցից շատերը մասնագիտանում են ՌԴ, Եվրոպայի և ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հիմնական մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է`
- թերապևտիկ ստոմատոլոգիայի,
- մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի,
- վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության,
- օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոններում
և ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում։
Միջազգային ծրագրերին և չափանիշներին համապատասխան` ֆակուլտետում եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) ուսուցման ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Ստոմատոլոգիական կրթության գործնական ունակությունների կատարելագործման կենտրոնում գործնական պարապմունքներն իրականացվում են ժամանակակից մուլյաժների, սիմուլյատորների, ֆանտոմային սարքերի, անհրաժեշտ նյութերի և գործիքների ներգրավմամբ:
«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագիր
«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագրով բազային կրթությունն իրականացվում է 5-ամյա անընդհատ և ինտեգրացված ծրագրով: Սահմանված 10 կիսամյակներից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և կլինիկական հարակից առարկաներ: Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում /կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական/, կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ համալսարանի սիմուլյացիոն կենտրոններում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում /«Մուրացան» և «Հերացի», «Միքայելյան»/, պոլիկլինիկաներում /«Մուրացան» և «Հերացի»/, նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում, համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում (ՀՍՊ 1, ՀՍՊ 2, ՀՍՊ 3, ՀՍՊ 4) և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կլինիկական ամբիոններում դասավանդող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:
Դասավանդվող դասընթացների ցանկն՝ ըստ կուրսերի
I կուրս
Տեսական դասընթացներ՝ ընդհանուր քիմիա, կենսաօրգանական քիմիա, բժշկական կենսաբանություն, բժշկական ֆիզիկա, հյուսվածաբանություն, անատոմիա, լատիներեն, հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն, հայ ժողովրդի պատմություն, բժշկության պատմություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ֆիզ.դաստիարակություն:
Կլինիկական դասընթաց՝ 1-ին բուժօգնություն
II կուրս
Տեսական դասընթացներ՝ տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն, հյուսվածաբանություն, նորմալ ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բժշկական հոգեբանություն, ստոմատոլոգիական նյութաբանություն, ԲԾԿՄ, մանրէաբանություն, փիլիսոփայություն, բիոէթիկա, կենսաքիմիա, քաղ.պաշտպանություն, հետազոտության հիմունքներ, սեքսալոգիայի հիմունքներ:
Կլինիկական դասընթացներ՝ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում, թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, ուսումնական պրակտիկա
III կուրս
Տեսական դասընթացներ՝ մանրէաբանություն, ախտաբանական անատոմիա, ախտաֆիզիոլոգիա, ֆարմակոլոգիա, առողջապահական իրավունք, հանրային առողջություն, գլխի և պարանոցի ախտաբանական անատոմիա, գլխի և պարանոցի ախտաֆիզիոլոգիա
Կլինիկական դասընթացներ՝ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում, թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա, թերապևտիկ ստոմատոլոգիա, օրթոպեդիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա, ճառագայթային ախտորոշում, ուսումնական պրակտիկա
IV կուրս
Կլինիկական դասընթացներ՝ թերապևտիկ ստոմատոլոգիա, օրթոպեդիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, մանկական ստոմատոլոգիա, նյարդաբանություն, ներքին հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ, ԼՕՌ հիվանդություններ, համաճարակաբանություն, էնդոկրինոլոգիա, մաշկաբանություն և վեներաբանություն, հոգեբուժություն, դատական բժշկություն, վարակիչ հիվանդություններ, ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա, հիգիենա և էկոլոգիա, աղետների բժշկություն, ուսումնական պրակտիկա
V կուրս
Կլինիկական դասընթացներ՝ թերապևտիկ ստոմատոլոգիա, օրթոպեդիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, ՌԴԴԾՎ, հեմատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, աչքի հիվանդություններ, կլինիկական ֆարմակոլոգիա, ֆթիզիատրիա, ԱԻԲ, ուռուցքաբանություն, ռեանիմացիա և ինտենսիվ թերապիա, օրթոդոնտիա, մանկական ստոմատոլոգիա, մանկաբուժություն, ստոմատոլոգիական հիվանդությունների ֆիզիոթերապիա: