Պատմություն
ԵՊԲՀ հետբուհական սրտաբանության ամբիոնը հիմնադրվել է 2011թ.-ին: 2011-2018թթ ընթացքում ամբիոնը ղեկավարել է ակադեմիկոս Կ․ Գ․ Ադամյանը։ 2018թ.-ից ամբիոնի վարիչն է պրոֆեսոր, բ․գ․դ․ Հ․ Գ․ Հայրապետյանը: Հ․ Գ․ Հայրապետյանը Եվրոպական սրտաբանության ընկերության պատվավոր անդամ /FESC/ է, միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրերի խմբագրական կոլեգիայի և խորհրդի անդամ, Էրեբունի ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիայի նախագահ(2021թ.-ից):
ԵՊԲՀ հետբուհական սրտաբանության ամբիոնը համարվում է առաջատար կենտրոն թե պրակտիկ սրտաբանության ոլորտում և թե ուսումնական ծրագրերի իրականացման գործընթացում՝ հետդիպլոմային շարունակական և մասնագիտական կրթության ոլորտում։ Ամբիոնի կազմում ներգրավված են 15 մասնագետներ, ովքեր դասավանդում են սրտաբանության կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագիրը, ինչպես նաև իրականացնում Երևան քաղաքի և մարզերի բժիշկների ՇՄԶ կրեդիտավորված կատարելագործման և հետդիպլոմային ենթամասնագիտական կրթության ծրագրերը։ Ամբիոնում իրենց կլինիկական օրդինատուրան և վերապատրաստումներն են անկացրել բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից:
Ամբիոնն ունի երկու կլինիկական բազա՝ Էրեբունի և Երևան բժշկական կենտրոններ, որոնց կազմում գործում են անհետաձգելի սրտաբանության բաժանմունքներ՝ ինտենսիվ թերապիայի բլոկով, առիթմոլոգիական բաժանմունքներ, ինտերվենցիոն սրտաբանության ծառայություններ։ Բազաները հագեցած են սիրտ-անոթային հիվանդությունների /ՍԱՀ/ ախտորոշման ժամանակակից հնարավորություններով, այդ թվում լաբորատոր և գործիքային ախտորոշման մեթոդներ։ Վերոնշյալ բաժանմունքներում բուժվում են սուր և խրոնիկ իշեմիկ հիվանդությամբ, զարկերակային գերճնշումով, սուր և խրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտի ռիթմի խանգարումներով, սրտի ոչ իշեմիկ հիվանդություններով պացիենտներ։ Այստեղ կատարվում են սիրտ-անոթային տարբեր ինվազիվ միջոցառումներ․ կորոնարանգիոգրաֆիկ հետազոտություն, կենտրոնական և պերիֆերիկ անոթների անգիոգրաֆիա, կորոնար ներմաշկային միջամտություններ, թոքային զարկերակի, նրա ճյուղերի, ինչպես նաև պերիֆերիկ անոթների ստենտավորում և բալոն դիլատացիա, աորտայի փականի ինվազիվ պրոթեզավորում, ներքին օրգանների /լյարդ, արգանդ, շագանակագեղձ/ քիմիոէմբոլիզացիա, առիթմոլոգիական ինվազիվ միջամտությունների ամբողջ սպեկտորը։
Ուսուցում
Ամբիոնը հայտնի է Հայաստանում և նրա սահմաններից դուրս` իր ՍԱՀ ախտորոշման, բուժման և կանխարգելման ժամանակակից մեթոդների և կրթական ծրագրերի նորագույն մոտեցումների ներդրմամբ։ Դասավանդումն իրականացվում է ոչ միայն դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով առկա պայմաններում, այլև կիրառելով դասավանդման նորագույն գործիքներ, ինչպիսիք են օնլայն սեմինարները /ZOOM/ և յութուբյան հարթակում տեղադրված տեսադասախոսությունները։ «Սրտաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի տևողությունը 3 տարի է: Հաստատվել են սրտաբանների մասնագիտացման եռամյա ծրագիրը և բժիշկների ու միջին բուժաշխատողների կատարելագործման ՇՄԶ կրեդիտավորված դաընթացների ուսումնական պլանները։ Մասնագիտացման և կատարելագործման դասընթացների պլաններում ընդգրկվել են սրտաբանության մեջ ընդունված հիմնական ախտորոշիչ մեթոդների (էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, Հոլտեր քննություն, ֆիզիկական և դեղորայքային ծանրաբեռնվածության թեստեր, ինչպես նաև հետազոտման ինվազիվ մեթոդներ), սիրտ-անոթային համակարգի պաթոֆիզիոլոգիայի և սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող դեղորայքային խմբերի կլինիկական ֆարմակոլոգիայի ուսումնասիրման փաթեթները: Ամբիոնի գործունեության ընթացքում մասնագիտացում են անցել հարյուրավոր կլինիկական օրդինատորներ, վերապատրաստվել են հազարավոր բժիշկ-սրտաբաններ, թերապևրտներ, ընտանեկան բժիշկներ, ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետների բժիշկներ, միջին բուժաշխատողներ, ովքեր աշխատում են Երևանի և ՀՀ մարզերի ստացիոնարներում, պոլիկլինիկաներում, գյուղական ամբուլատորիաներում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ապահովելով որակյալ սրտաբանական օգնություն։
Ամբիոնում իրականացվում է նաև բժիշկների հետդիպլոմային ենթամասնագիտացում հետևյալ ուղղություններով․ Ինտերվենցիոն սրտաբանություն, Ինտենսիվ սրտաբանություն, Ինվազիվ առիթմոլոգիա, Էխոսրտագրություն։
Ամբիոնը հաջողությամբ իրականացնում է նաև կրթական միջոցառումներ ՀՀ մարզերում՝ կանխարգելիչ սրտաբանության, սրտի սուր և խրոնիկ իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների լուսաբանմամբ։ Կատարվում են ուսումնական ձեռնարկների մշակման, միջազգային ուղեցույցերի թարգմանության և ադապտացման աշխատանքներ։ Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ուղղություններն են.
- Սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ սրտային անբավարարության զարգացման պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներ (Կ.Գ.Ադամյան, Ա.Լ.Չիլինգարյան, Լ․Գ․Թունյան),
- Սրտամկանի ինֆարկտի պրոգնոստիկ նոր մարկերների մշակում և ներդրում /կլինիկական և ԷխոՍԳ/ (Հ․Գ․Հայրապետյան, Կ․ Գ․ Ադամյան, Ի․Ա․Առաքելյան, Մ․ Լ․ Թադևոսյան)
- Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ինտերվենցիոն միջամտության ստրատեգիայի ընտրության հարցերի թարմացում (Հ․Գ․Հայրապետյան, Վ․Ռ․Տեր-Գրիգորյան, Ա․Ա․Ծատուրյան)
- Խրոնիկական սրտային անբավարարության ախտորոշման և բուժման նոր մոտեցումների մշակում (Հ․Գ․Հայրապետյան, Ֆ․Ի․Մուրադյան, Կ․Կ․Ազարյան)
- ԽԵՀ-մբ սրտամկանի ինֆարկտով հիվանդների վարման առանձնահատկություննրի և պրոգնոստիկ մարկերների մշակում (Հ․Գ․Հայրապետյան, Ֆ․Ի․Մուրադյան)
- Մեթեորոլոգիական ցուցանիշների ազդեցությունը սիրտ-անոթային պարամետրերի վրա (Հ․Գ․Հայրապետյան, Ա․Ռ․Տավարացյան)
- Նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ թոքային երակների մեկուսացման ուսուցման կորի և անվտանգության ասպեկտների գնահատում (Մ․Դ․Մարտիրոսյան)
- Նախասրտերի ֆիբրիլյացիա․ սրտի ռեմոդելավորման առանձնահատկությունները և ախտորոշիչ դերը, բորբոքային մարկերների և ֆիբրոզի դերը նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ, ախտածագման և բուժման նոր մոտեցումներ (Ս.Վ. Գրիգորյան,Կ․Գ․Ադամյան,Լ.Գ.Հազարապետյան),
- Սրտի փորոքային ռիթմի խանգարումների ախտածագումնային մեխանիզմներ՝ բորբոքային և իշեմիկ (Ս.Վ.Գրիգորյան),
- Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ մասնակցում են Եվրոպական սրտաբանության ընկերության (ESC) միջազգային ուղեցույցների մշակման աշխատանքներին, որպես Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներ․
- Պրոֆեսոր Հ․ Գ․ Հայրապետյանը՝ «Սուր կորոնար համախտանիշի ախտորոշման և բուժման ուղեցույց 2023», «Թոքային հիպերտենզիայի ախտորոշման և բուժման ուղեցույց 2022», «Սուր և խրոնիկական սրտային անբավարարության ախտորոշման և բուժման ուղեցույց 2021», «Առանց կայուն ST էլևացիայի սուր կորոնար սինդրոմով պացիենտների ախտորոշման և բուժման ուղեցույց 2020», «Սուր թոքային էմբոլիզմի ախտորոշման և բուժման ուղեցույց 2019», «Սրտամկանի ինֆարկտի IV ունիվերսալ սահմանման ուղեցույց 2018», «ST սեգմենտի կայուն էլևացիայով սրտամկանի սուր ինֆարկտնով պացիենտների վարման ուղեցուց 2017», «Նախասրտերի ֆիբրիլյացիայի վարման ուղեցույց 2016»,
- Պրոֆեսոր Ա․ Լ․ Չիլինգարյանը՝ «Ինֆեկցիոն էնդոկարդիտի ախտորոշման և բուժման ուղեցույց, 2016»,
- Պրոֆեսոր Ս․ Վ․ Գրիգորյանը՝ «Վերփորոքային տախիկարդիաների վարման ուղեցույց, 2019» և « Մեծահասակների մոտ սրտի արատների վարման ուղեցույց, 2020»,
- Դոցենտ Լ.Գ. Հազարապետյանը՝ «Սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ, 2023թ»
- Ամբիոնի աշխատակիցները իրենց մասնակցությունն են բերում բազմաթիվ լոկալ և միջազգային բազմակենտրոն կլինիկական հետազոտությունների (սուր և խրոնիկական կորոնար հիվանդություն, սրտամկանի սուր ինֆարկտ, սուր և խրոնիկական սրտային անբավարարության, զարկերակային հիպերտենզիա, խրոնիկական երիկամային հիվանդություն)։
- Ամբիոնի գիտական աշխատանքները, հոդվածները լայնորեն ներկայացված են միջազգային ինդեքսավորված ամսագրերում:
- Ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունենում Եվրոպայի սրտաբանների միության/ESC/, ինչպես նաև HFA, ACVC, EHRA, EAPC և այլ միջազգային հեղինակավոր գիտաժողովներին, այդ թվում ներկայացնելով պոստեր պրեզենտացիաներ և բանավոր ելույթներ։
Համագործակցություն
Ամբիոնի աշխատակիցները գիտա- բժշկական համագործակցություն ունեն․
- Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալի սրտաբանության բաժանմունքի հետ
- ՌԴ ակադեմիկոս Ե․Ի․Չազովի անվան սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ
- ՌԴ Ա․Վ․Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ
- Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիայի հետ
- European Heart Journal-ի հետ
- Միջազգային մասնագիտական ընկերությունների հետ․ ESC, ESH, EHRA, EAPC, ACVC, HFA, EACVI
- ՀՀ սրտաբանների ասոցիացիայի հետ․
- Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ․ Գ․ Հայրապետյանը(FESC) այդ ասոցիացիայի նախագահն է 2021թ․-ից մինչ օրս։ Նա միաժամանակ ղեկավարում է «Սուր սրտային պաթոլոգիաների» աշխատանքային խումբը։
- Ամբիոնի պրոֆեսոր Ա․ Լ․ Չիլինգարյանը(FESC) ղեկավարում է «Սրտի պատկերավորման մեթոդների» աշխատանքային խումբը։
- ՀՀ սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամներ են Հ․Գ․ Հայրապետյանը,Ա․Լ․Չիլինգարյանը,Ս․Վ․Գրիգորյան,Լ․Գ․Հազարապետյան, Լ․ Գ․ Թունյան։