Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վիրաբուժության թիվ 1 ամբիոն

Պատմություն

Ամբիոնը ձևավորվել է 1928թ.-ին` Երևանի քաղաքային 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բազայի հիման վրա: Ամբիոնի հիմնադիրը և առաջին ղեկավարը (1928-1936թթ.) եղել է պրոֆեսոր Արտեմ (Հարություն) Գրիգորիի Միրզա-Ավագյանը: Նա ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը, վերապատրաստվել է Ֆրանսիայում, եղել է հանրապետության առաջավոր վիրաբույժներից մեկը: 1936-1952թթ. ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Գասպար Հովակիմի Մելքոնյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 2 ատենախոսություններ: 1952-1979թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Իվան Քրիստափորի Գևորգյանը (ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, հանրապետության գլխավոր վիրաբույժ): Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 10 և թեկնածուական 30 ատենախոսություններ: 1979-1998թթ. ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 2 և թեկնածուական 12 ատենախոսություններ: Հեղինակ էր նորարարական 20 առաջարկությունների: Հայաստանում թորակալ, կերակրափողի, էնդոկրին վիրաբուժության հիմնադիրներից մեկն է: Հայաստանի առողջապահության մեջ ներդրել է էխինոկոկոզի բուժման դեպքում հակահելմինթային դեղորայքային թերապիան: Եղել է հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժը: 1998-2008թ.թ. ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Ստեփան Սուրենի Հովհաննիսյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 1 դոկտորական և 9 թեկնածուական ատենախոսություններ՝ նվիրված էնդոկրին վիրաբուժությանը, անաէրոբ ինֆեկցիայի հետազոտմանը, կլինիկայում ներդրել է էնդոսկոպիկ վիրաբուժությունը: 2008թ.-ից ամբիոնի վարիչն է պրոֆեսոր Սուրեն Աղոյի Ստեփանյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 2 ատենախոսություններ: Նրա կողմից կլինիկայի աշխատանքում ներդրվել են մի շարք լապարասկոպիկ վիրահատություններ: 2018թ.-ից հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատուն ընդհանուր վիրաբուժության գծով:

2018թ.-ից ամբիոնի հիմնական կազմը ուսումնական, գիտական և բուժական գործունեությունը ծավալում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում: Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքներին: Ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվել են հոդվածներ ազդեցության գործոնով հեղինակավոր ամսագրերում: Կլինիկական աշխատանքներում ներդրվել են վիրահատությունների նոր մեթոդներ, ավելացել է օնկոլոգիական և լապարասկոպիկ վիրահատությունների մասնաբաժինը: Ամբիոնի աշխատակիցները վերապատրաստումներ են անցել արտերկրի առաջավոր բժշկական կենտրոններում:

Ուսուցում

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ցիկլային պարապմունքներով: Դասավանդումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքերը, ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ, մասնակցում են համայցերին, կլինիկայի գործնական աշխատանքին, կատարվում է իրավիճակային խնդիրների հետ աշխատանք արհեստական ինտելեկտի կիրառմամբ:

Ամբիոնում ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողներին դասավանդվում են վիրաբուժական հիվանդություններ երեք լեզուներով:

Ուսանողների գիտելիքների գնահատումն իրականացվում է թեստային հարցման, թեստային և բանավոր քննությունների միջոցով:

Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են ստոմատոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի և ընդհանուր բժշկության 4-րդ, 5-րդ կուրսերի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 12 ձեռնարկների հրատարակմանը, «Վիրաբուժական հիվանդություններ» հայերեն լեզվով դասագրքի 2 հատորների ստեղծմանը:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` 3 տարի տևողությամբ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցը (Կլինիայի ղեկավար` պրոֆ. Ս.Ա. Ստեփանյան), «Արթմեդ» բժշկական կենտրոնը (Ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի վարիչ պրոֆ. Ա.Մ. Սահակյան), ՛՛Նորք-Մարաշ՛՛ բժշկական կենտրոնի կարդիովիրաբուժության բաժանմունքը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.

Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման հարցերի հետազոտություն,
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ  ռեֆլյուքսհետազոտում,
Լեղաքարային հիվանդության և նրա բարդությունների բուժում,
Որովայնի արտաքին ճողվածքների լապարասկոպիկ բուժման մեթոդների ուսումնասիրություն,
Որովայնի օրգանների էխինոկոկոզի և ալվեոկոկոզի ախտորոշման և բուժման հարցերի ուսումնասիրություն,
Օնկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բիոքիմիայի ինստիտուտի հետ համատեղ:

Համագործակցություն

Ամբիոնն ուսումնական և գիտական կապերի մեջ է.

— Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բիոքիմիայի ինստիտուտի հետ,

— Գերմանիայի Դաշնության Մեմմինգեն քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի հետ (կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Կարստեն Ն.Գուտտ):

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

Ամբիոնի հիմնական կազմն ընդգրկված է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Որովայնային և էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում: Բաժանմունքի կողմից կատարվում են տարեկան 1000-ից ավելի վիրահատական միջամտություններ: Վիրահատությունների մեծ մասը կատարվում են մարսողական ուղու, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի, վահանագեղձի, մակերիկամների հիվանդությունների, որովայնի արտաքին և ներքին ճողվածքների կապակցությամբ: Վիրահատությունների զգալի մասը կատարվում են որովայնի օրգանների, վահանագեղձի օնկոլոգիական հիվանդությունների կապակցությամբ: Կլինիկական աշխատանքում կիրառվում են որովայնի արտաքին ճողվածքների, ստոծանիական ճողվածքների, խթաղու ախտահարումների, լեղաքարային հիվանդության, լյարդի, փայծաղի ախտահարումների կապակցությամբ լապարասկոպիկ միջամտությունները:

Ամբիոնի աշխատակիցներն ընդգրկված են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի անհետաձգելի բուժական գործունեության մեջ, այդ աշխատանքում ներդրվել են 12 մատնյա աղու թափածակված խոցի, որովայնի կպումային հիվանդության, սուր ապենդիցիտի կապակցությամբ լապարասկոպիկ վիրահատությունները: Ամբիոնի աշխատակիցների կողմից կլինիկական աշխատանքում ներդրվել է միջմաշկային դրենավորումների նվազինվազիվ մեթոդը, խրոնիկ վերքերի բուժման ապարատային ասպիրացիայի մեթոդը:

Ամբիոնում միաժամանակ ուսուցում են անցնում ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կլինիկական օրդինատորներ, որոնք ընդգրկված են պլանային և անհետաձգելի վիրաբուժական գործունեության մեջ: Կլինիկական օրդինատորների ուսումնական գործընթացում ընդգրկված է «Արթմեդ» բժշկական կենտրոնի Ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքը (բաժանմունքի վարիչ պրոֆ. Ա.Մ. Սահակյան): Կլինիկական օրդինատուրայի ավարտից հետո ամբիոնի սաները ինքնուրույն բուժական գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում:

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

ԱԱՀ Զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Ստեփանյան Սուրեն Աղոյի Ամբիոնի վարիչ

 

բ.գ.դ. պրոֆեսոր
Սահակյան Արթուր Մուշեղի Ամբիոնի  պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Պետրոսյան Արեգ Արտակի դոցենտ, ուսումնական մասի վարիչ բ.գ.թ.  
Մուրադյան Ռուդոլֆ Գրիգորիի դոցենտ բ.գ.դ. դոցենտ
Բատիկյան Հովհաննես Խաչատուրի դոցենտ բ.գ.թ.  
Մեսրոպյան Ռաֆայել Նորիկի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Փափազյան Կարեն Տիգրանի դոցենտ բ.գ.թ.  
Հակոբյան Վահե Մկրտչի դասախոս    
Եղիազարյան Հայկ Հենրիկի դասախոս    
Ալեքսանյան Անդրանիկ Յուրիի դասախոս    
Սաֆարյան Հայկ Հովհաննեսի դասախոս    
Բաբայան Անի Մեսրոպի դասախոս    
Շմավոնյան Հակոբ Հայկի ասիստենտ    
Խաչատրյան Արամ Արտաշեսի ասիստենտ    
Ռուսլան Արիստակեսյան Մարտիկի ասիստենտ    
Ավդալյան Հովհաննես Սուրենի

 

ասիստենտ