Պատմություն
Հիմնադրվել է որպես առանձին բաժին 1957 թ-ին:
1972 թ-ին վերակազմավորվել է որպես դեկանատ:
2023 թ–ին վերակազմավորվել է որպես Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտ:
Առաջին արտասահմանցի ուսանողները եղել են սփյուռքահայեր Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եթովպիայից, Իրանից, Իրաքից, Կիպրոսից, Հունաստանից և Բուլղարիայից: 1985 թ-ին կազմակերպվում է օտարազգի և հայազգի արտասահմանցի ուսանողների ուսուցում ռուսաց լեզվով՝ հնդիկ, արաբ, պարսիկ, ռուս և այլ ազգերի ներկայացուցիչների համար: 2000 թ.-ից ուսուցումը ԵՊԲՀ-ում օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է նաև անգլերեն լեզվով:
Ներկայումս օտարերկրացիների ուսուցման դեպարտամենտում ուսանում են 1562 ուսանողներ, ովքեր հանդիսանում են 32 երկրի ներկայացուցիչ: Օտարերկրացիների 3/4-ը ուսանում է անգլերեն լեզվով: Մեր ուսանողները Հնդկաստանի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Հորդանանի, Լիբանանի, Շրի Լանկայի, Ղազախստանի, Իսրայելի, Իրաքի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Պորտուգալիայի, Եգիպտոսի,Շվեդիայի, Ֆիլիպինների, Նիդերլանդների, Աբխազիայի,Կիպրոսի և Վենեսուելայի քաղաքացիներ են: Մինչ օրս դեպարտամենտը տվել է ավելի քան 3500 անգլալեզու և ավելի քան 2000 հայալեզու և ռուսալեզու շրջանավարտ:
Սփյուռքահայ ուսանողների բաժինը երկար տարիներ ղեկավարել է Կարո Դեղձունյանը: Արտասահմանցի ուսանողների դեկաններ են եղել Վ.Պ. Հակոբյանը, Ա.Թ. Թադևոսյանը, Մ.Ի. Հովհաննիսյանը, Գ.Ա.Նավասարդյանը, Ե.Ս. Սահակյանը, Ս.Ա. Ավետիսյանը, Մ.Մ. Մելքոնյանը, Գ.Ֆ. Ավետիսյանը, Ա.Ջ. Հարությունյանը:
Ուսուցում
Օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով հետևյալ ֆակուլտետներում`
- ընդհանուր բժշկության
- ստոմատոլոգիական
- դեղագիտական
Ուսումնառությունը իրականացվում է առկա ձևով: Որպես կանոն ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ներառում է 2 կիսամյակ՝ համապասխանաբար 20 և 22 շաբաթ տևողությամբ:
Ուսման տևողությունը ընդհանուր բժշկության ֆակուլտետում 6 տարի է, շրջանավարտները ստանում են բուժական գործ մասնագիտությամբ բժշկի որակավորում, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի. շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, դեղագիտական ֆակուլտետում ուսուցումն իրականացվում է երկաստիճան՝ բակալավր – 4 տարի և մագիստրոս-1 տարի. շնորհվում է համապատասխանաբար դեղագետի բակալավրի և մագիստրոսի որակավորում:
Օտարերկրացիների ուսուցումը համալսարանում իրականացվում է բարձրագույն բժշկական կրթության պետական և միջազգային չափորոշիչներով: Այն կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, որոնք համահունչ են Բոլոնյայի գործընթացի հիմնական դրույթներին: Ուսումնական դասընթացները չափվում են կրեդիտներով, մեկ տարվա ուսումը համարժեք է ուսանողի 1800 ժամ բեռնվածությանը և սահմանվում է 60 կրեդիտ: Կրեդիտային համակարգը համադրելի է Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի (ECTS) հետ:
Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական առարկաներ: Հատուկ ուշադրություն է դարձվում համալսարանի սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանական, քաղաքային և հանրապետական կլինիկաներում և լաբորատորիաներում ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: Դասերի ընթացքում լայնորեն օգտագործվում են ուսուցման տեխնիկական ժամանակակից միջոցներ:
Դեպարտամենտն աջակցում է օտարերկրյա ուսանողների ինտեգրմանը ներբուհական ուսանողական միջավայրին, ձևավորում է միջազգային հաղորդակցության հանդուրժողական և ընկերական մթնոլորտ: Օտարերկրյա ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի գիտական, կրթական, մշակութային և այլ միջոցառումների: Դեպարտամենտն աջակցում է օտարերկրյա ուսանողների ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպմանը:
Օտաերկրացիների ուսուցման դեպարտամենտը ծավալում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և այլ գործունեություն, համակարգում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքը։