Պատմություն
Հիմնադրվել է 1977թ.-ին:
Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1977 թվականին, մինչ այդ առարկան դասավանդվել է նախ՝ ստոմատոլոգիայի (1963-68թթ.), ապա թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիաների (1968-78թթ.) միացյալ ամբիոնում:
Ամբիոնը ղեկավարել են անվանի բժիշկ-ստոմատոլոգներ դոցենտ Է. Մ. Գևորգյանը (1977-1986թթ.), դոցենտ Է. Ա. Կիլիկյանը (1986-1988թթ.), դոցենտ Է. Մ. Գևորգյանը (1988-1989թթ.), պրոֆեսոր Վ. Ա. Մելքումովը (1989-1990թթ.), պրոֆեսոր Վ. Պ. Կիրակոսյանը (1990-2006թթ.), դոցենտ Վ. Լ. Բակալյանը (2006-2010թթ.), դոցենտ Մ.Ս.Պետրոսյանը (2010-2019թթ.):
2019-ից ամբիոնի վարիչի պարտականությունները իրականացնում է դոցենտ Աննա Ռուբենի Վարդանյանը:
Ամբիոնի նշանավոր երախտավորներից է Հրաչ Աբրահամյանը: Ամբիոնի աշխատակիցների և Վաշինգտոնի առողջապահական հայկական միության ջանքերով 1998թ.-ին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ստեղծվել է դիմածնոտային բարդ պրոթեզավորման՝ տարածաշրջանում միակ կլինիկան: Կլինիկան մինչ այժմ հանդիսանում է նաև կլինիկական բազա:
Ամբիոնի երախտավորներից են Հենրի Հովնհաննիսյանը, Անդրանիկ Հակոբյանը, ովքեր հայ-ֆրանսիական ատամնատեխնիկական քոլեջի (որը 1997թ.-ից գործել է ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի կազմում) համահիմնադիրներն են:
1997թ.-ից ամբիոնի տարածքում բացվեց նաև ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ իրականացվում էին բազմապիսի օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստում:
2006թ.-ին օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի տարածքում բացվեց համալսարանական թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկան (ՀՍՊ 3), որը միաժամանակ հանդիսանում է որպես ամբիոնի կլինիկական բազա, ինչպես նաև ամբիոնը համալրվեց 3 ֆանտոմային սենյակներով, որոնք հնարավորություն են ստեղծում ուսանողների համար՝ վարժասարքերի միջոցով ձեռք բերել բազմապիսի գործնական հմտություններ:
2020թ.-ին ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծվեց «Օրթոպեդ ստոմատոլոգների ասոցիացիան»։
Ուսուցում
Օրթոպեդիկ ստոմատոլոգիան՝ ստոմասոլոգիայի մի ճյուղ է, որն ուսումնասիրում է ատամնածնոտային համակարգի, դիմածնոտաին շրջանի փափուկ և կարծր հյուսվածքների, ինչպես նաև քունք-ստործնոտային հոդի՝ փոփոխությունները, անկանոնությունների յուրահատկությունները, ֆունկցիայի վերականգնումը ու ախտաբանական վիճակների կանխարգելիչ մեթոդները՝ տարբեր տեսակի բուժիչ ապարատների և պրոթեզների պատրաստման միջոցով:
Ամբիոնում ուսանում են ստոմատոլոգիական ֆակուլտետի՝ տեղացի և արտասահմանցի ուսանողները՝ սկսած երկրորդ կուրսից (ներառյալ «Ստոմատոլոգիական նյութագիտություն» առարկան): Ուսուցումն իրականացվում է եռալեզու և դասավանդվում է ամբիոնի աշխատակիցների կողմից կազմված ուսումնական ձեռնարկներով: «Ստոմատոլոգիա» մասնագիտության նորացված կրթական ծրագիրը և ուսումնական պլանը մշակվել, և առարկայական նկարագրերը համապատասխանեցվել են ՀՀ Որակավորման ազգային շրջանակին (ՈԱՇ):
2020թ.-ին իրականացվել է «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» առարկայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկի մշակում, կազմում և տպագրում, որը ներառում և մեկտեղում է անհրաժեշտ մասնագիտական նյութը՝ հանդիսանալով կոլեկտիվ աշխատանքի արդյունք:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքներն անց են կացվում՝ դասասենյակներում (կիրառվում են տարբեր դիդակտիկ նյութեր, ստոմ. նյութեր և սարքավորումներ), ֆանտոմային սենյակներում (հատուկ վարժասարքերի վրա՝ կատարվում են ատամների հղկում և դրոշմի ստացում), «Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում» (կատարվում են ատամների հղկում, դրոշմների ստացում և լրիվ շարժական պրոթեզների պատրաստման հետ կապված տարբեր աշխատանքներ), ատամնատեխնիկական լաբորատորիայում (ուսանողները տեսնում են ատամնապրոթեզների պատրաստման լաբորատոր աշխատանքները և կարող են մասնակից լինել դրանց), ինչպես նաև կլինիկական սենյակներում (որտեղ ուսանողները տեսնում են պացիենտների հետ տարվող կլինիկական աշխատանքները):
Հետդիպլոմային ուսուցումն կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում 3-ական տարի է: Կլինիկական օրդինատուրայի ընթացքում՝ օրդինատորները կատարում են պացիենտների բժշկական հետազոտություն, կազմում լաբորատոր, ֆունկցիոնալ և գործիքային հետազոտությունների պլան, և կատարում են պրոֆիլակտիկ, ախտորոշիչ և բուժիչ միջոցառումներ՝ մասնագիտացված օրթոպեդիկ օգնության ծավալով, ինչպես նաև մասնակցում են ամբիոնի գիտական աշխատանքներում՝ տարբեր զեկուցումների ու քննարկումների միջոցով: Ամսագրային ակումբում պարբերաբար կազմակերպվում են կլինիկական դեպքերի քննարկումներ, որոնք նպաստում են վիճարկելի հարցերի պարզաբանմանը:
Կլինիկական օրդինատուրայի բազաներ են հանդիսանում ԵՊԲՀ-ի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը, ՀՍՊ 3-ը, ԿԿԶՀ-ի կազմում գտնվող դիմածնոտային պրոթեզավորման բաժանմունքը:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են նաև ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքներին՝ «Մասնակի և լրիվ անատամության բուժման ժամանակակից մոտեցումները, եղանակները՝ շարժական և անշարժ կոնստրուկցիաների կիրառմամբ, հնարավոր սխալներն ու բարդությունները, դրանց կանխարգելումը: Դիմածնոտային համակարգի հոդամկանային դիսֆունկցիան (ախտածնություն, ախտաբանություն, կլինիկա, ախտորոշում, բուժում և կանխարգելում)» թեմայի շրջանակներում:
Թեմայի շրջանակներում իրականցվող հետազոտության նպատակն է պրոթեզների տարբեր կառուցվածքներով ատամնածնոտային համակարգի արատների ու դեֆորմացիաների կանխարգելման և բուժման առավել արդյունավետ մեթոդների մշակումը, համակարգումն ու դրանց ազդեցության ուսումնասիրումը ատամնածնոտային համակարգի հետագա գործնեության վրա, ինչպես նաև զանազան կոնստրուկցիաներով օրթոպեդիկ բուժման ընթացքում և դրանից հետո հնարավոր սխալների ու բարդությունների հայտնաբերումը, վերացումն ու կանխարգելումը:
Թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանվել հետևյալ թեմաներով`
- «Վերին անատամ ծնոտի պրոթեզավորման ռացիոնալ մեթոդ»,
- «Օրթոպեդիկ բուժման բիոմեխանիկական հիմնավորումը ատամների անոմալ դիրքի ժամանակ»,
- Դիմածնոտային անոմալիաների օրթոպեդիկ բուժում մեծահասակների մոտ
- «Երիտասարդների մոտ ծամողական ատամների օրթոպեդիկ բուժման կլինիկաֆունկցիոնալ հիմնավորում»,
- «Խորը կտրիչային վերածածկով մեծահասակ հիվանդների համալիր բուժման առանձնահատկությունները»,
- «Պերիօդոնտի սենսոր ապարատի ձևաբանական և ֆունկցիոնալ բնութագիրը ատամների էնդոդոնտիկ բուժման և ատամնաշարերի անշարժ պրոթեզավորման ժամանակ»,
- «Ժամանակավոր անշարժ կամրջաձև պրոթեզների ներբերանային պատրաստման նոր եղանակի կիրառման հիմնավորումն ու արդյունավետության համեմատական գնահատումը»:
- «Պրոթեզավորման առանձնահատկությունները պրոգնաթիկ կծվածքի ժամանակ»:
- Ատամնա-պարօդոնտային համակարգի վիճակը՝ տարբեր մետաղական անշարժ կոնստրուկցիաներով պրոթեզավորելիս
- «Պարօդոնտի հյուսվածքների կլինիկո-լաբորատոր վիճակի համեմատական գնահատումը մետաղական և ցիրկոնիումի օքսիդի հենքերով կոնստրուկցիաների կիրառման դեպքերում»
- «Ատամ-պարօդոնտային համալիրի վարակի օջախի ազդեցությունը հղիության ելքի վրա»
Համագործակցությունը արտասահմանյան բուհերի հետ
Ամբիոնի հրավիրյալ դասախոսներ են՝ Ստոմատոլոգների միջազգային քոլեջի հիմնադիր-տնօրեն, Ավստրալազիայի օրթոպեդների ակադեմիայի անդամ, Ավստրալազիայի դիմածնոտային վիրաբուժության բաժնի անդամ, Specialist Stream-ի օրթոպեդիկ բաժնի անդամ՝ պրոֆեսոր Սարկիս Նալբանդյանը, և ՌԴ Եվդոկիմովի անվան ստոմատոլոգիական համալսարանի դիմածնոտային ծառայության ղեկավար՝ Արտավազդ Խարազյանը (ով երկար տարիներ կենտրոնական զինվորական հոսպիտալում ղեկավարել է դիմածնոտային բարդ պրոթեզավորման բաժանմունքը):
Ամբիոնը սերտ համագործակցություն ունի արտասահմանյան բուհերի հետ, մասնավորապես՝ Պորտուգալիայի Պորտոյի Համալսարանի(University of Porto), Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա Համալսարանի (USC UNIVERSIDADE DE SANTIAGO DE COMPOSTELA), Ալմաթիի Ասֆենդիյարովի անվան Ղազախստանի Ազգային Բժշկական Համալսարանի (КазНМУ им. Асфендиярова):
Կլինիկական ակտիվություն
Ամբիոնի տարածքում 2006թ.-ից գործող ՀՍՊ 3-ում մատուցվում են ծառայություններ՝ վճարովի հիմունքներով և պետպատվերի շրջանակներում (օրթոպեդիկ բուժում, թերապևտիկ բուժում, ամբուլատոր վիրաբուժություն, ատամնատեխնիկական աշխատանքներ, թիրախային ռենտգեն հետազոտություն):
Կլինիկան իր մեջ ներառում է 4 կլինիկական սենյակներ, ախտահանման սենյակ, մատենավարի սենյակ, ատամնատեխնիկական լաբորատորիա, և անձնակազմի համար նախատեսված սենյակ: Օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայություններից իրականացվում են՝ անշարժ (արհեստական պսակներ, կամրջաձև պրոթեզներ) և շարժական (լրիվ և մասնակի շարժական պրոթեզներ) պրոթեզների պատրաստում, պրոթեզավորում իմպլանտների վրա:
Ամբիոնում կազմակերպվում են՝ «Անշարժ պրոթեզավորման նրբությունները օրթոպեդիկ ստոմատոլոգիայում» և «Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի արդի հարցերը» թեմաներով դասընթացներ՝ օրթոպեդ-ստոմատոլոգների վերապատրաստման համար:
Ամբիոնի աշխատակազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Վարդանյան Աննա Ռուբենի | ամբիոնի վարիչ | բ.գ.թ. | դոցենտ |
Կիրակոսյան Վահագն Պերճի | պրոֆեսոր | բ.գ.դ. | պրոֆեսոր |
Գասպարյան Հովհաննես Ռազմիկի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Հարությունյան Մինայ Վլադիմիրի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Վանյան Նվարդ Համլետի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Հովհաննիսյան Սերգո Ռոբերտի | դոցենտ | բ.գ.թ. | |
Մաշինյան Կարեն Արմենի | դոցենտ | բ.գ.թ. | |
Հեբոյան Արտակ Գագիկի | դասախոս | բ.գ.թ. | դոցենտ |
Հակոբյան Աննա Գագիկի | դասախոս | բ.գ.թ. | |
Վարդանյան Ագնեսա Լևոնի | դասախոս | ||
Զուլումյան Աննա Նշանի | դասախոս | ||
Սաղաթելյան Լիլիթ Ռոլանդի | դասախոս | ||
Բաղիյան Վահագն Կոնստանտինի | դասախոս | ||
Երանյան Մերի Հարությունի | դասախոս | ||
Թումանյան Անահիտ Էդուարդի | դասախոս | ||
Հակոբյան Մարիա Դավիթի | դասախոս | ||
Օրդոյան Միքայել Արտավազդի | դասախոս | ||
Հակոբյան Զարուհի Արտակի | դասախոս | ||
ՈՒզունյան Քրիստինե Վոլոդիայի | դասախոս | ||
Հակոբյան Աստղիկ Գագիկի | դասախոս | ||
Սարգսյան Տաթևիկ Սերգեյի | ասիստենտ | ||
Հայրապետյան Վահե Վահագնի | ասիստենտ | ||
Հայրումյան Ասյա Լևոնի | ասիստենտ | ||
Խաչատրյան Սոֆյա Մամիկոնի | ուս. վարպետ | ||
Համզյան Վիլյամ Միքայելի | ուս. վարպետ | ||
Կոստանյան Արման Մարտինի | ուս. վարպետ | ||
Ստեփանյան Ժանետա Լյովայի | լաբորանտ | ||
Աֆիյան Գևորգ Ալեքսեյի | պրեպարատոր |