Պատմություն
Հիմնադրվել է 2006թ.-ին:
Ամբիոնի վարիչ` դեղագործական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Բաբկենի Չիչոյան:
1974 թ-ին «Դեղագործական քիմիայի» ամբիոնում կազմակերպվում է Ֆարմակոգնոզիայի դասընթացը, որի շրջանակներում մինչև 1987թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետի ուսանողները ուսումնասիրում են ֆարմակոգնոզիա առարկան: Կուրսը ղեկավարել է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ.Վ. Ռևազովան, որը բազմաթիվ գիտական աշխատությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է:
1987թ.-ին ֆարմակոգնոզիայի դասընթացը կազմակերպվում է «Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի` բուսաբանության հետ» ամբիոնի շրջանակներում: Ամբիոնը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆ. Ռ.Ղ. Բորոյանը: Պրոֆ. Ռ.Ղ. Բորոյանի և դոցենտ Լ.Վ. Ռևազովայի գիտական ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ “Դեղագիտություն” մասնագիտությամբ:
Ամբիոնում իրականացվող բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքները նպաստում են ֆարմակոգնոզիայի՝որպես գիտության առանձին ճյուղի զարգացմանը: Հետազոտվում են Հայաստանի բուսաշխարհին բնորոշ դեղատու տեսակները: Ուսումնասիրվում են ՀՀ ֆլորայի բարդածաղկավորների և վարդազգիների ընտանիքի դեղատու տեսակները (Լ.Վ. Ռևազովա, Ի.Հ. Սոխիկյան, 1988), Հայաստանի տարբեր կլիմայական գոտիներում աճող Hypericum L. ցեղին պատկանող տեսակները (Ե. Ա. Մելիքյան, 1998): Կատարվում է ՀՀ ֆլորայի վարդազգի ընտանիքի պտղատու մի շարք ծառատեսակների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, նշենի) կամեդների հումքաբանական և ֆիտոքիմիական ուսումնասիրությունը (Ն.Բ. Չիչոյան, 1999): Ուսումնասիրվում են բուսական ծագման որոշ պատրաստուկների հակաօքսիդիչ հատկությունները (Լ.Ա. Ամիրյան, 2000), Հայաստանի տարբեր շրջաններում աճեցված, գալակտոմաննանի հումքային աղբյուր հանդիսացող ցիամոպսիսի (Cyamopsis tetragonoloba L.) սերմերի և կանաչ զանգվածի քիմիական կազմը և կիրառման հնարավորությունները՝ որպես սննդային հավելում (Կ.Հ. Դումանյան, 2002):
Ստեղծվում են ֆարմակոգնոզիայի առաջին ուսումնական ձեռնարկները դեղագիտական ֆակուլտետի հայալեզու (Լ.Վ. Ռևազովա, Ն.Բ. Չիչոյան, 2000) և անգլալեզու (L. A. Amiryan, 2007) ուսանողների համար:
2006թ.-ին ֆարմակոգնոզիայի ամբիոնը կազմավորվում է որպես ինքնուրույն ամբիոն, առ այսօր որի ղեկավարն է դեղագործական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՆաիրա Բաբկենի Չիչոյանը: Նա 80-ից ավել գիտական աշխատությունների, 3 գյուտ արտոնագրերի, 3 ուսումնական ձեռնարկի և 1 դասագրքի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 2 թեկնածուական աշխատանք և իրականացվում են ուսումնամեթոդական, գիտական և կազմակերպչական բարեփոխումներ:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտական թեման է «Հայաստանի ֆլորայում վայրի աճող և մշակվող դեղատու որոշ արժեքավոր տեսակների ֆարմակոգնոստիկ հետազոտումը»: Հետազոտության արդյունքները պարբերաբար տպագրվում են միջազգային հեղինակավոր ազդեցության գործակցով (Web of science, Scopus, Thomson Reutors) ամսագրերում, զեկուցվում հանրապետական, միջազգային տարբեր գիտաժողովներում:
Ամբիոնի գիտական թեմայի շրջանակներում իրականացվում է 5 թեկնածուական ատենախոսական աշխատանք:
Ամբիոնում ուսանողական հետազոտական աշխատանքների շրջանակներում իրականացվում են դեղաբուսական հումքերից եթերային յուղերի անջատում, կենսաբանական ակտիվ նյութերի լուծամզում, դեղաբուսական հումքի ֆարմակոգնոստիկ վերլուծություն, որոնց արդյունքները պարբերաբար զեկուցվում են ուսանողական գիտաժողովներում:
Համագործակցություն
Ֆարմակոգնոզիայի ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ-ի մի շարք ամբիոնների՝ «Բժշկական մանրէաբանություն», «Բժշկական ֆիզիկայի» համալսարանական գիտա-հետազոտական լաբորատորիայի հետ: Ամբիոնն ունի գիտագործնական կապեր ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկ պրոբլեմների ինստիտուտի, Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ի, ԵՊՀ «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի» ամբիոնի հետ:
Ամբիոնը համագործակցում է նաև Կալիֆորնիայի Հյումբլդի համալսարանի, Միացյալ Թագավորության Բանգորի Ուելսի համալսարանի “Բնական միացությունների” լաբորատորիայի, Թբիլիսիի բժշկական համալսարանի «Ֆարմակոգնոզիայի» ամբիոնների հետ:
Ամբիոնի աշխատակազմ
Ազգանուն, անուն, հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Չիչոյան Նաիրա Բաբկենի | ամբիոնի վարիչ | Դեղագործական գիտությունների դոկտոր | պրոֆեսոր |
Դումանյան Կարինե Հրանտի | դոցենտ | Կենսաբանական գիտությունների թեկնածու | դոցենտ |
Մողրովյան Արմենուհի Վաչագանի | դոցենտ | Դեղագործական գիտությունների թեկնածու | դոցենտ |
Ալթունյան Աստղիկ Ալեքսանդրի | դասախոս | _ | _ |
Ղուկասյան Նելլի Հովհաննեսի | դասախոս | _ | _ |
Հովհաննիսյան Վահե Գերմանի | դասախոս | _ | _ |
Արշակյան Նաիրա Իշխանի | դասախոս | _ | _ |
Ղազարյան Արշալույս Մերուժանի | ասիստենտ | _ | _ |
Կլեկչյան Գայանե Հրանտի | Համակարգչային օպերատոր | _ | _ |