Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն

Պատմություն

«Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության» ամբիոնի նախապատ­­մու­թյունը սկսվում է դեռևս 1930 թվականից, երբ Երևանի բժշկական ինստիտուտում սկսվեցին դասավանդվել ընդհանուր զինվորական պատրաստության էլեմենտներ: 1940 թվականին ձևավորվեց «Ռազմագիտության» ամբիոնը, որը 1954 թվականին վերանվանվեց «Ռազմաբժշկության» ամբիոնի: Խորհրդային միության գոյության վերջին տարիներին այն վերանվանվեց «Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության» ամբիոնի: 1991 թվականին ամբիոնը վերանվանվեց «Ռազմական և էքստրեմալ բժշկության», որի հիման վրա էլ ՀՀ կա­ռա­վա­րության 1994 թ. մայիսի 19-ի թիվ 232 որոշմամբ ստեղծվեց ռազմաբժշկական ֆակուլտետը (ՌԲՖ):

ՌԲՖ-ի պետի ու «Ռազմական և էքստրեմալ բժշկության» ամբիոնի պետերի հաստիքները համատեղվեցին և այն զբաղեցրեց ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին պետ՝ բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-1997թթ):

1997 թվականին ամբիոնը վերանվանվեց «Բժշկական ծառայության մարտավարության և էքստրեմալ բժշկության» (ԲԾՄ և ԷԲ)։

Հետագայում նշված պաշտոնը զբաղեցրել են. բ․գ․թ․, բ/ծ մայոր Մ.Ա. Թումանյանը (1997-1998թթ․), բ.գ.թ, դոցենտ, բ/ծ գնդապետ Ա.Վ. Ղազարյանը (1998-2000 թթ): 2000 թվականին ռազմաբժշկական ֆակուլտետի պետի և ամբիոնի պետի հաստիքները տարանջատվեցին ու ամբիոնի պետ նշանակվեց բ/ծ գնդապետ Վ.Հ. Կիրակոսյանը (2000-2002թթ):

2002թ․ամբիոնը ստացավ ներկայիս անվանումը՝«Բժշկական ծառայության կազմա­կերպ­ման և մարտավարության» ամբիոն: 2002-2006թթ. Ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ, բ/ծ մայոր Ա.Ռ. Գրիգորյանը:

Ներկայումս ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ, բ/ծ փոխգնդապետ Գ․Ռ․Վարդանյանը։

Ամբիոնը համալրված է արտերկրում վերապատրաստումներ անցած, զորամասային օղակում ծառայության կազմակերպչական, ռազմաբժշկական և մանկավարժական փորձ ունեցող դասախոսական անձնակազմով:

Ուսուցում

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ԲԾԿՄ ամբիոնում դասավանդվում են հետևյալ առարկաները․

  • Բժշկական ծառայության կազմակերպում և մարտավարություն (ԲԾԿՄ),
  • Անձնակազմի բժշկական ապահովման կազմակերպում (ԱԲԱԿ),
  • Բժշկական գույքով ապահովման կազմակերպում (ԲԳԱԿ)։

Դասավանդվող առարկաների հիմքում ընկած են ԵՊԲՀ կրթական ծրագրերը և պլանները, Սանկտ-Պետեր­բուր­գի ռազմաբժշկական ակադեմիայի, Սարատովի ռազմաբժշկական ֆակուլտետի համա­պատասխան ուսումնամեթոդական փաստաթղթերը, որոնք ադապտացվել են ՀՀ ԶՈՒ բուժծա­ռա­յու­թյան առջև դրված խնդիրների լուծման համար:  Այդ իսկ պատճառով առարկաների ծրագրերի մշակման գործընթացում ամբիոնը հիմնվում է նաև ռազմաբժշկական ծառայությանն ու բանակի ուսումնամարտական պատրաստությանը վերաբերվող ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ  հրամանների և այլ ղեկավարող փաստաթղթերի վրա:

Դասավանդումն իրականացվում է ինչպես բուհական, այնպես էլ հետբուհական շարունակական կրթական ծրագրերի շրջանակներում։

Բուհական ծրագրերի շրջանակում ԲԾԿՄ առարկան դասավանդվում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուներին, ռազմաբժշկական ֆակուլտետի 2-րդ և 6-րդ կուրսերի կուրսանտներին, դեղագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներին և ԵՊԲՀ քոլեջի «Բուժակ» մասնագիտությամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսեի ուսանողներին։

ԱԲԱԿ առարկան դասավանդվում է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորող ինտերններին՝ բուն ԱԲԱԿ առարկայի տեսքով, որպես զորամասային օղակում իրականացվող զորային ստաժավորման գործընթացի հիմնական գործառույթ։

ԲԳԱԿ առարկան դասավանդվում է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներին։

Հետբուհական շարունակական կրթական ծրագրերի շրջանակներում ԲԾԿՄ առարկան դասավանդվում է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորող ինտերններին՝ բուն ԲԾԿՄ առարկայի տեսքով, «Մարտավարամասնագիտական պատրաստություն» դասընթացի շրջանակում՝ որպես դասավանդման հիմք և ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներին «Բժշկական զորամասերի և հաստատությունների կառավարում» առարկայի շրջանակում՝ որպես դասավանդման հիմնական բաղադրիչ։

ԱԲԱԿ առարկան դասավանդվում է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորող ինտերններին՝ բուն ԱԲԱԿ առարկայի տեսքով, որպես զորամասային օղակում իրականացվող զորային ստաժավորման գործընթացի հիմնական գործառույթ և ԵՊԲՀ բոլոր մասնագիտությունների կլինիկական օրդինատորներին։

ԲԾԿՄ և ԱԲԱԿ առարկաները հանդիսանում են ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորող ինտերնների համար դասավանդման համար հիմնական առարկաներ, գործնական հմտությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով զորամասային օղակում անցկացվող «Ճամբարային հավաքի» ընթացքում։

Դասավանդումը իրականացվում է յուրաքանչյուր ֆակուլտետի համար մշակված ուսումնական ծրագրերի և պլանների համաձայն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները

ԲԾԿՄ ամբիոնը լայնորեն ընդգրկված է ՌԲՖ-ի գերակա գիտական հետազոտությունների թեմաներում, որոնց ընտրությունը պայմանավորված է ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակով, մարտավարման մեթոդներով, ՀՀ ԶՈՒ բժշկական ապահովման հիմնախնդիրներով և բժշկական ծառայությանը մեթոդական ու գործնական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Համագործակցություն

Ամբիոնը կրթական և ուսումնական գործառույթների շրջանակներում սերտորեն համագործակցում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ռազմաբժշկական կրտսեր մասնագետների պատրաստման դպրոցի հետ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ միջազգային համագործակցության շրջանակներում, ամբիոնը ներգրավված է NATO DEEP-ի և NATO MilMed Coe-ի կողմից իրականացվող միջազգային կրթական և ուսումնական գործընթացներում, որի շրջանակներում իրականցվում են ամբիոնի դասախոսների վերապատրաստումներ արտերկրում:

Ամբիոնի կազմը

Հ/հ Զինվորական կոչում Ա․Ա․Հ Զբաղեցրած պաշտոն
1․ բ.գ.թ., բ/ծ փոխգնդապետ Վարդանյան Գոռ Ռոբերտի ամբիոնի պետ
2․ բ/ծ փոխգնդապետ Կիրակոսյան Ռուբեն Գուրգենի ավագ դասախոս
3․ բ/ծ փոխգնդապետ Համբարձումյան Ալբերտ Ռուբենի ավագ դասախոս
4․ բ/ծ մայոր Սարգսյան Հայկ Տիգրանի ավագ դասախոս
5․ պահեստազորի բ/ծ փոխգնդապետ Լուլուկյան Վաղարշակ Կարապետի դասախոս