Պատմություն
Հիմնադրվել է 1930թ.-ին։
Հայաստանում «ֆիզիոլոգիա» առարկայի դասավանդումը և այդ ոլորտում գիտական հետազոտությունների կատարումը սկսվել է 1922թ.-ից, երբ ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում հիմնադրվեցին կենդանիների (վարիչ` Գ. Մուշեղյան) և մարդու (վարիչ` Ա. Հակոբյան) ֆիզիոլոգիայի ամբիոնները: Այդ տարիներին նշված ամբիոնների հիմնական ուժերն ուղղված էին կադրերի պատրաստմանը, որոնք հետագայում ներգրավվեցին հանրապետության տարբեր ինստիտուտներում և լաբորատորիաներում:
1930-ին ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց որպես Երևանի պետական բժշկական ինստիտուտ (ԵՊԲԻ), և այդ ժամանակից բուհում գործում է Նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնը:
Ուսուցում
«Ֆիզիոլոգիա» առարկան դասավանդվում է Ընդհանուր բժշկության, Ռազմաբժշկական, Ստոմատոլոգիական, Դեղագիտական ֆակուլտետների և Քոլեջի տարբեր հոսքերի ուսանողներին։ Ուսանողները «Ֆիզիոլոգիա» առարկան ուսումնասիրում են 2 կիսամյակների ընթացքում, ընդ որում՝ Ընդհանուր բժշկության, Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները՝ 3-4-րդ կիսամյակներում, Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները՝ 1-2-րդ կիսամյակներում, Դեղագիտական ֆակուլտետի ուսանողները՝ 2-3-րդ կիսամյակներում։ Քոլեջի տարբեր հոսքերի 2-3 կուրսի ուսանողներին առարկան դասավանդվում է 1 կիսամյակ տևողությամբ։
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ուսանողների ինքնուրույն աշխատանքի տեսքով, ընդ որում՝ Ընդհանուր բժշկության և Ռազմաբժշկական ֆակուլտետների համար դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամաքանակը կազմում է համապատասխանաբար 68 և 136 ժամ, Ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 76 և 136 ժամ, իսկ Դեղագիտական ֆակուլտետում՝ 16 և 119 ժամ:
«Ֆիզիոլոգիա» առարկայի ուսումնառությունը և ատեստավորումը իրականացվում է մոդուլային ձևաչափով, գնահատման բազմաբաղադրիչ համակարգով: Յուրաքանչյուր մոդուլի շրջանակներում Ընդհանուր բժշկության, Ռազմաբժշկական և Ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների գիտելիքների գնահատման համակարգում բաղադրիչների համամասնությունը (10 բալային համակարգ) հետևյալն է` կիսամյակային բաղադրիչ` 2 միավոր (20%) և քննական բաղադրիչ` 8 միավոր (80%): Դեղագիտական ֆակուլտետի ուսանողների գիտելիքների գնահատման համակարգում յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում բաղադրիչների համամասնությունը (10 բալային համակարգ) կազմում է` կիսամյակային բաղադրիչ` 3 միավոր (30%) և քննական բաղադրիչ` 7 միավոր (70%):
Կիսամյակային բաղադրիչը ձևավորվում է մոդուլի բաղադրիչ առարկաներից ստացած միավորների գումարով (առավելագույնը 2 միավոր (20%) Ընդհանուր բժշկության, Ռազմաբժշկական և Ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների համար և առավելագույնը 3 միավոր (30%) Դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար): Կիսամյակային բաղադրիչը իր մեջ ներառում է մոդուլի շրջանակներում ուսանողների գործնական ունակությունների ստուգում և ընթացիկ բանավոր հարցումներ: Քննական բաղադրիչը ձևավորվում է համակարգչային թեստային քննությունից (50 թեստ) ստացած միավորով (առավելագույնը 8 միավոր (80%) Ընդհանուր բժշկության, Ռազմաբժշկական և Ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների համար և առավելագույնը 7 միավոր (70%) Դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար): Քննությունը կազմակերպվում է յուրաքանչյուր կիսամյակի վերջում՝ տեղացի և ռուսախոս բոլոր ֆակուլտետների ուսանողների համար համակարգչային թեստային եղանակով, իսկ անգլիախոս և քոլեջի ուսանողների համար՝ գրավոր թեստային եղանակով: Մոդուլի վերջնական գնահատականը ձևավորվում է կիսամյակային բաղադրիչի և քննական բաղադրիչի գումարով:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը լիարժեք և հմտորեն տիրապետում է դասավանդման ժամանակակից մոտեցումներին և բոլոր ֆակուլտետներում դասավանդումը ընթանում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է ասպիրանտուրայով՝ 3 տարի տևողությամբ:
Ամբիոնում 2019թ․-ից գործում է ուսանողական գիտական ակումբ։ Ֆիզիոլոգիայի ակումբի նպատակը ուսանողներին գիտական գրականության հետ աշխատելու, ֆիզիոլոգիական տարբեր խնդիրների շուրջ բանավիճելու, զեկուցելու հմտությունների զարգացումն է, ինչը զարգացնում է ուսման նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը և կլինիկական մտածողությունը։ Ակումբական հանդիպումների շրջանակներում կազմակերպվում են ուսանողական զեկուցումներ, հրավիրվում են փորձագետներ այլ ամբիոններից և կլինիկաներից, ովքեր ևս ներգրավվում են զեկուցվող թեմայի քննարկմանը, կազմակերպվում են ուսանողական գիտաժողովներ, այցեր են կատարվում տարբեր գիտահետազոտական լաբորատորիաներ։
Ուսանողները ներգրավված են նաև ամբիոնի գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կատարման մեջ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել և հրատարակվել են մի շարք դասագրքեր և ձեռնարկներ 3 լեզուներով, որոնք օգտագործվում են ֆիզիոլոգիայի դասավանդման ընթացքում`
- «Նորմալ ֆիզիոլոգիա» դասագիրքը հայերեն լեզվով (2020թ., 2022թ․) Դ․Ն․ Խուդավերդյանի խմբագրությամբ,
- «Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ» դասագիրքը հայերեն լեզվով (1998թ.) Դ․Ն․ Խուդավերդյանի խմբագրությամբ,
- «Ֆիզիոլոգիայի կրճատ դասընթաց» ռուսերեն (2006թ.) և անգլերեն լեզուներով (2008թ.),
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով լաբորատոր պարապմունքների ձեռնարկներ:
- 2009-2010թթ.-ին պրոֆեսոր Դ. Խուդավերդյանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հանրաճանաչ ֆիզիոլոգների հետ միասին հրատարակել է նորմալ ֆիզիոլոգիայի 2 դասագիրք ԱՊՀ երկրների բժշկական համալսարանների ստոմոտոլոգիական, մանկաբուժական և բուժական ֆակուլտետների համար, որոնք հրատարակվել են 2010 և 2011թթ.-ին:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները երկար տարիների ընթացքում իրականացվել են հետևյալ ուղղություններով՝
- «Կալցիում-կարգավորիչ հորմոնալ համակարգի դերը տարբեր համակարգերի գործունեության մեխանիզմներում՝ բնականոն, ախտաբանական և արտակարգ ազդեցությունների պայմաններում»,
- «Պրենատալ սթրեսը՝ որպես օնտոգենեզի հետծննդյան շրջանում օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման հիմք»:
Նշված թեմաների շրջանակներում ամբիոնում վերջին տարիների ընթացքում պաշտպանվել է 7 թեկնածուական ատենախոսություն, տպագրվել են 100-ից ավել գիտական աշխատանքներ տեղական և միջազգային հանդեսներում: Ամբիոնի գիտական աշխատանքներն ամփոփված են 3 մենագրություններում, ներկայացվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովների ընթացքում:
Ֆիզիոլոգիայի ամբիոնի աշխատակիցները 2011թ․-ից իրականացնում են ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից տրամադրվող թեմատիկ ֆինանսավորմամբ տարբեր դրամաշնորհային ծրագրեր։
Ներկայումս ամբիոնում կատարվում են հետևյալ գիտական թեմաները.
- «Իմունիտետի ալարմինների դերը կարդիոմիոպատիայի զարգացման գործընթացում և դրանց ազդման մեխանիզմը», որն իրականացվում է ՀՀ գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում,
- «Կալցիում-կարգավորիչ համակարգի դերը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզում»։
Համագործակցություն
Ամբիոնը տարիներ շարունակ համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ․
- Կարոլինսկա բժշկական ինստիտուտ (Շվեդիա, Ստոկհոլմ),
- Վաշինգտոնի անվան համալսարան (ԱՄՆ, Սենտ Լուիս),
- Սուանսի համալսարան (Միացյալ Թագավորություն, Սուանս),
- ՌԴ ԲԳԱ Ընդհանուր Ախտաբանության և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտ (Մոսկվա),
- ՈւԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ (Կիև),
- ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի, Կենսաքիմիայի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտներ:
Միջազգային գիտաժողովներ
Ամբիոնի աշխատակիցները բազմաթիվ անգամ մասնակցել են ԱՄՆ-ում, եվրոպական (Ավստրիա, Ֆրանսիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Սլովենիա), ԱՊՀ-ի երկրներում (ՌԴ, Ուկրաինա) և մեր հանրապետությունում տեղի ունեցող միջազգային գիտաժողովներին, ինչպես նաև պարբերաբար գումարվող ԱՊՀ երկրների ֆիզիոլոգների համագումարներին (Սոչի, Քիշինև, Յալտա և այլն):
Պրոֆեսորադասախոսական կազմ
| Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
| Խուդավերդյան Դրաստամատ Նահապետի | ամբիոնի վարիչ | բ․գ․դ․ | պրոֆեսոր |
| Տեր-Մարկոսյան Աննա Սարգսի | պրոֆեսոր | կ․գ․դ․ | պրոֆեսոր |
| Հասրաթյան Հասմիկ Աշոտի | պրոֆեսոր | կ․գ․դ․ | պրոֆեսոր |
| Ղամբարյան Հասմիկ Կառլենի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Հարությունյան Քնարիկ Ռաֆիկի | դոցենտ | կ․գ․թ․ | դոցենտ |
| Թորգոմյան Ադելինա Լևանի | դոցենտ | բ․գ․թ․ | դոցենտ |
| Մինասյան Աննա Վրեժի | ավագ դասախոս | բ․գ․թ․ | – |
| Սարոյան Մարինե Յուրայի | ավագ դասախոս | բ․գ․թ․ | դոցենտ |
| Մելքումյան Կարինե Վահանի | ավագ դասախոս | կ․գ․թ․ | դոցենտ |
| Աբրահամյան Հերմինե Տիգրանի | ավագ դասախոս | կ․գ․թ․ | դոցենտ |
| Ադամյան Սաթենիկ Հրաչի | ավագ դասախոս | բ․գ․թ․ | դոցենտ |
| Բադալյան Բենիամին Յուրիի | ավագ դասախոս | կ․գ․թ․ | դոցենտ |
| Հարությունյան Էդուարդ Յուրիի | դասախոս | կ․գ․թ․ | – |
| Միրզոյան Էդգար Արթուրի | դասախոս | կ․գ․թ․ | – |
| Աբովյան Լիլիթ Արմենի | դասախոս | – | |
| Մկրտչյան Ստելլա Սերգեյի | ասիստենտ | – | – |
| Մեժլումյան Տիգրան Արտակի | ասիստենտ | – | – |
| Ստեփանյան Գեղամ Վահրամի | ասիստենտ | – | – |