Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն

Պատմություն

2005 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկայի և հետդիպլոմային կրթության բաժնի հիման վրա հիմնադրվել է մասնագիտական ուսուցման ֆակուլտետը:

2007 թվականից այն վերակազմավորվել է մասնագիտական և շարունակական կրթության բաժնի, որի հիման վրա 2011 թվականին հիմնադրվել է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը, ուր մասնագիտացել են տարեկան մոտ 375 կլինիկական օրդինատորներ: 2004 թվականից մինչև 2011թվականը ֆակուլտետը կազմակերպել է նաև բժիշկների կատարելագործման դասընթացներ: Դասընթացներին մասնակցել են տարեկան միջին հաշվով 77 բժիշկներ:

Բժշկական կադրերի պատրաստման երկարատև բարդ ու պատասխանատու գործընթացը միօրինակ դարձնելու, ինչպես նաև ուսումնական բազաների հզորությունը և դասախոսական ներուժը ռացիոնալ ձևով օգտագործելու նպատակով ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1193-Ն որոշման համաձայն ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական համակարգին, որն ավելի ծավալուն է դարձրել ֆակուլտետի աշխատանքը:

Նշենք, որ հետբուհական և շարունակական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում 2017 թվականի վերջին հայտարարվեց մրցույթ ՝ Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը և Հետբուհական ուսումնական բաժինը դեկտեմբերի 15-ից վերակազմավորվեց դառնալով Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն:

Ուսուցում

Կլինիկական օրդինատուրան կազմակերպվում է 81 մասնագիտություններով: Ներկայումս կլինիկական օրդինատուրայում ուսանում են 1855 ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ (նշված թվերը փոփոխվում են համաձայն կլինիկական օրդինատորների շարժի):

Կազմակերպվում է լրացուցիչ (նեղ) մասնագիտացում, բժիշկների, ստոմատոլոգների և միջին բուժանձնակազմի համար:
Իրականացվում է նաև շարունակական մասնագիտական կրթություն՝ կատարելագործման դասընթացների միջոցով: ՀՀ մարզպետարանների և Արցախի առողջապահության նախարարության պատվերով կազմակերպվում են արտագնա կատարելագործման ցիկլեր:

Արտապլանային դասընթացներ են անցկացվում պայմանագրային հիմունքներով՝ հանրապետության առաջատար մասնագետների ղեկավարությամբ, ԵՊԲՀ-ի մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան:

Բուհում իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված մասնագիտացման ձևերը՝ կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա (ռազմաբժշկական ֆակուտետի շրջանավարտների, ինչպես նաև այլ երկրներում կրթությունը շարունակելու կամ աշխատելու նպատակ ունեցողների համար) և լրացուցիչ (նեղ) մասնագիտացում:

Բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժաշխատողների և դեղագործների համար կազմակերպվում է շարունակական մասնագիտական կրթություն (տես՝ կանոնակարգը):

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի գիտական խորհուրդ՝

Ղեկավար Սաթենիկ Էդուարդի Բաղդասարյան, բ.գ.թ., դոցենտ

Բժշկական մասնագիտական կրթության բաժնի պետ Թևոսյան Անահիտ Վլադիմիրի

Ստամատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժնի պետ Խաչատրյան Գագիկ Արամի

Շարունակական մասնագիտական զարգացման բաժին բաժնի պետ Դաբաևա Գալինա Վարդանի

Ինտերնատուրա

Բժշկական համալսարանում ինտերնատուրան հիմնադրվել է 1970 թվականին՝ բուժական և մանկաբուժական ֆակուլտետների շրջանավարտների համար, 1974 թվականից ներգրավվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը, 1989 թվականին՝ դեղագիտականը և 1994-ին՝ բժշկականխարգելման ֆակուլտետը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների ինտերնատուրան հիմնադրվել է 1996 թվականին և շարունակվում է մինչ օրս՝ «Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» և 2013 թվականից՝ «Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեություն» մասնագիտություններով:

Ինտերնատուրայի ուսումնական պլան-ծրագրի համաձայն ինտերները յուրացնում են գործնական հմտություններ բուհի առաջատար մասնագետների հսկողության ներքո, խորացնում են նաև տեսական գիտելիքները և պատրաստվում՝ ինքնուրույն աշխատանքի անցնելու համար:

Կլինիկական օրդինատուրա

Կլինիկական օրդինատուրայի նպատակը առողջապահության բնագավառի համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ (բժիշկներ, ստոմատոլոգներ և դեղագետներ) պատրաստելն է:

Կլինիկական օրդինատուրան կազմակերպվում է անվճար և վճարովի հիմունքներով:

Նպատակային կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար տեղեր են հատկացվում ՀՀ պաշտպանության, ՀՀ և Արցախի առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների պատվերով: Համապատասխան գերատեսչության հետ պայմանագիր ունեցող կլինիկական օրդինատորները մասնագիտացումն ավարտելուց հետո պարտադիր աշխատանքի են անցնում տվյալ գերատեսչության ստորաբաժանումներում:

Բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրայի տևողությունը 1-4 տարի է: Կլինիկական օրդինատորները ուսման ընթացքում համալսարանի ամբիոններում աշխատող հանրապետության առաջատար մասնագետների ղեկավարությամբ ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ: Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի առաջատար մասնագետները ղեկավարում են նաև հանրապետության բժշկական և ստոմատոլոգիական մասնագիտական ասոցիացիաները։

Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագրերը պարբերաբար վերանայվում և համապատասխանեցվում են համաշխարհային ստանդարտներին:

Կլինիկական օրդինատորների մասնագիտացումը կազմակերպվում է համալսարանական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանի ուսումնական բազա հանդիսացող առաջատար բժշկական և ստոմատոլոգիական հաստատություններում, ինչպես նաև համագործակցող դեղատներում:

Համալսարանական հիվանդանոցները մշտապես համալրվում են համաշխարհային պրակտիկայում լայն կիրառում ունեցող ախտորոշիչ, կլինիկական և լաբորատոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս տարեցտարի բարձրացնել կլինիկական օրդինատորների կրթության որակը:

Մասնագիտական կրթության ընթացքում կլինիկական օրդինատորին հնարավորություն և իրավունք է տրվում ծրագրի որոշ բաժիններ անցնելու օտարերկրյա առաջատար առողջապահական կազմակերպություններում և կլինիկաներում:

Մասնագիտական կրթության ծրագիրը կատարելուց և ավարտական ատեստավորման քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո, կլինիկական օրդինատորները ստանում են համապատասխան դիպլոմ, որը թույլ է տալիս նրանց իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն:

Վերապատրաստում

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ուսումնագիտական խորհրդի կազմ