Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն

Պատմություն

Ամբիոնի ընդհանուր նկարագիր

Ամբիոնը հիմնադրվել է 1924թ.-ին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում: Հիմնադիրը և առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Լևոն Ճգնավորյանը: Լևոն Ճգնավորյանը ամբիոնը ղեկավարել է 1924-1934թթ.-ին: 1934-1935թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Շ. Շուբենկոն, 1935-1943թթ.-ին` Ի. Բախրոմեևը (համատեղությամբ), 1943-1951թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1951-54թթ.-ին` Սուսաննա Բադալյանը, 1954-1970թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1970-1994թթ.-ին` Սահակ Խաչատրյանը, 1994-2006թթ.-ին` Գրիզելդա Նավասարդյանը, 2006-2011թթ.-ին` Սամվել Ավետիսյանը, 2011-2014թթ.-ին` Արտեմ Գրիգորյանը, 2014 -2021 թթ.-ին` Սամվել Ավետիսյանը: 2021թ.-ից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է Արտեմ Սերգեյի Գրիգորյանը:

Ամբիոնի կայացման, ուսումնագիտական և կադրերի պատրաստման գործում մեծ ներդրում է ունեցել գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Սարգսյանը: Հատկապես արժեքավոր են նրա ղեկավարած կոլեկտիվի գիտական ուսումնասիրությունները պրոֆեսիոնալ թունավորումների և ռեանիմատոլոգիայի ասպարեզներում: Ա. Սարգսյանը եղել է նաև Հայաստանի ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարը մինչև իր կյանքի վերջը:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս. Խաչատրյանի՝ ամբիոնի ղեկավարման տարիներին շարունակվել են օրգանիզմի սահմանային վիճակների և հետռեանիմացիոն շրջանի փորձարարական ուսումնասիրությունները, ինչպես նաև որոշակի հետազոտական աշխատանքներ են տարվել մթնոլորտային գերճնշման պայմաններում օրգանիզմում ընթացող մետաբոլիկ-ֆունկցիոնալ տեղաշարժերի պարզաբանման ուղղությամբ: Պաշտպանվել են թեկնածուական թեզեր, տպագրվել են հոդվածներ և թեզիսներ, արվել են տպագիր հրապարակումներ:

Ամբիոնի կայացման, ուսումնագիտական արդյունավետ գործընթացի ապահովման մեջ իրենց անուրանալի ներդրումն ունեն դոցենտներ Շ. Բադալյանը, Է. Աթաջանյանը, Գ. Ադամյանը, Մ. Մարտիրոսյանը, Ա. Պապյանը:

Ամբիոնի գործունեության արդիականացման գործում մեծ դեր է կատարել պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը: Նրա ղեկավարման տարիներին ախտաֆիզիոլոգիայի դասավանդման մեջ առաջնայնությունը տրվել է ժամանակակից գիտելիքի ներկայացմանը, տարվել է մեծածավալ մեթոդական աշխատանք, որի պտուղներն առկա են մինչ այժմ: 1995թ.-ին նա հեղինակել է հայերեն լեզվով ախտաֆիզիոլոգիայի առաջին դասագիրքը` «Երկխոսություններ ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ» վերնագրով: Հետագայում նրա և ամբիոնի անձնակազմի ջանքերով հրատարակվել է նաև մասնավոր ախտաֆիզիոլոգիայի ձեռնարկը: Պրոֆեսոր Գ. Նավասարդյանը հեղինակն է «Ընդհանուր ախտաֆիզիոլոգիա» դասագրքի (2007 թ.), որը ԿԳՆ կողմից հաստատված է որպես բուհական դասագիրք: Նա Հայաստանի ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ընկերակցության հիմնադիրն ու նախագահն է:

2006թ.-ից սկսած՝ Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ ամբիոնում իրագործվել են մի շարք բարեփոխումներ, հարստացվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող թեստերի բազան:

Դասավանդման բարձր մակարդակով և կարգապահությամբ այսօր էլ ամբիոնը շարունակում է մնալ լավագույններից մեկը, ինչի վկայությունը ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհդարանի կողմից ամբիոնին տրված «2010-2011 ուստարվա լավագույն ամբիոն» և «2013-2014 ուստարվա լավագույն ամբիոն» պարգևներն են:

Ուսուցում

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը դասավանդում է «Ախտաֆիզիոլոգիա» և «Ախտաբանություն» առարկաները: Ուսուցումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով՝

  • ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և ռազմաբժշկական ֆակուլտետներում` 2 կիսամյակների ընթացքում, 3-րդ կուրսում դասավանդվում է «Ախտաֆիզիոլոգիա»,
  • դեղագիտական ֆակուլտետում՝ 2-րդ կուրսի գարնանային կիսամյակում և 3-րդ կուրսի աշնանային կիսամյակում դասավանդվում է «Ախտաբանություն»:

Կլինիկական օրդինատորների համար 2 կիսամյակներում կազմակերպվում է «Կլինիկական ախտաֆիզիոլոգիայի» կուրս:

Գործնական պարապմունքների հիմնական նպատակն ախտաֆիզիոլոգիական անալիզի հմտության ձեռքբերումն է: Այդ նպատակով ուսանողներին առաջադրվում են իրավիճակային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն իմանալ տարբեր հիվանդությունների էթիոլոգիան և պաթոգենեզը, այլև ի վիճակի լինել կոնկրետ դեպքում այդ գիտելիքը կիրառել, զարգացնել բժշկական դատողությունն ու տրամաբանությունը:

Գործնական պարապմունքների մի մասի ժամանակ ուսանողները հնարավորություն են ստանում ինքնուրույն մոդելավորելու այս կամ այն ախտաբանական պրոցեսը:

Որպես խնդրի հիման վրա կառուցվող ուսուցման (problem based learning) բաղադրիչ` պարբերաբար կազմակերպվում են կլոր սեղաններ, ուսանողական գիտաժողովներ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնուրույն ուսումնասիրել և վերլուծել (ամբիոնի դասախոսների ուղղորդմամբ և խորհրդատվությամբ) հավելյալ գրականություն, այնուհետև գործընկերների առաջ ելույթ ունենալ, գիտական քննարկման մասնակից լինել: Այսպիսով, փորձեր են արվում ուսանողակենտրոն դասավանդման տարրերը ուսումնական գործընթացում իրագործելու ուղղությամբ:

2008թ.-ից, որպես տեղեկատվության և հաղորդակցման արդյունավետ միջոց, կիրառվում է ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի բլոգը` http://pathphys.livejournal.com/, որտեղ տեղադրվում են դասախոսությունների ներկայացման էլեկտրոնային տարբերակները, հայտարարություններ, հարցաշարեր, հետաքրքիր հոդվածներ և այլն: 2020 թվականից գործում է նաև ախտաֆիզիոլոգիայի անբիոնի տելեգրամյան ալիքը http://t.me/pathphys: Ամբիոնն ունի նաև Յութուբյան ալիք, որտեղ տեղադրվում են դասախոսություններ, ներկայացումներ և պոդկաստներ: Վերջին տարիներին դասախոսությունների մեջ ներդրվել է նաև ինտերակտիվ բաղադրիչ Mentimeter գործիքի կիրառմամբ։

2019 թվականից ուսումնական պրոցեսի բաղկացուցիչ են նաև ամենամսյա սեմինարները, որոնք անցկացվում են ինտերակտիվ գործիքների կիրառմամբ, և ապահովում կայուն են հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիա այլ առարակների հետ: Սեմինարների հիմնական կմախքը NEJM-ի ինտերակտիվ կլինիկական դեպքերն են.

Ամբիոնը ուսուցողական պրոցեսի մեջ են նաև սիրված սեղանի խաղ «Դարձիր քաղցկեղը» և կրթական համակարգչային ծրագրերը, օրինակ` «ախտորոշիր քսուկի օգնությամբ»:

2015թ.-ի մայիսին ամբիոնում տեղի է ունեցել պոստերների մրցույթ մասնավոր ախտաֆիզիոլոգիայի տարբեր թեմաների շուրջ՝ 3-րդ և 4-րդ կուրսերի անգլալեզու և հայալեզու ուսանողների մասնակցությամբ:

2020 թվականից դեղագիտական ֆակուլտետի ուսանողները պաթոլոգիա առարկան ուսումնասիրում են Moodle հարթակի կիրառմամբ բազմաբաղադրյալ գնահատման համակարգով։

Ամբիոնը ամեն տարի կազմակերպում է օլիմպիադաներ՝ ախտաֆիզիոլոգիայի տարբեր հարցերի շուրջ։

Գիտահետազոտական աշխատանքներ 

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն ունեն 2 հիմնական ուղղություն`

  • կրկնվող սակավաշարժության, որպես համապարփակ վտանգի գործոն, ախտաֆիզիոլոգիայի խնդիրներ,
  • աուտոբորբոքային հիվանդությունների ժամանակ բնական իմուն համակարգի վիճակի և նրա կանոնավորման հարցերի պարզաբանում:

Վերջին տարիներին ամբիոնի անձնակազմը մասնագիտացել է կենդանական տարբեր մոդելներում վարքային հետազոտությունների անցկացման հարցում: Աշխատանքների մեջ ընդգրկված է ամբիոնին կից ուսանողական գիտահետազոտական խումբը, որը ղեկավարում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մերի Առաքելյանը: 2009թ.-ին այս խմբի ջանքերով անգլերենից հայերեն լեզվով թարգմանվեց «Նեյրոգիտություն» գիտահանրամատչելի գրքույկը:

2015թ.-ի հուլիսի 6-15-ն անցկացվել է «Ախտաֆիզիոլոգիան արծվի թռիչքի բարձրությունից» ամառային դպրոցը: Դպրոցի գլխավոր թեման էր հիվանդությունը՝ որպես ազդանշանման մեխանիզմների խանգարում դիտարկելը: Մասնակցում էին բժշկական կրթությամբ տարբեր կուրսերի 20 ուսանողներ, այդ թվում՝ 3 ուսանողներ Ռուսաստանից, մեկական ուսանող Չեխիայից և Սլովակիայից: Դասընթացներն անցկացվում էին անգլերեն լեզվով: 10 օրվա ընթացքում Ծաղկաձորում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու դասախոսություններ, թիմային աշխատանքով լուծելու հետաքրքիր խնդիրներ, մասնակցելու «Տխուր մակրոֆագի արկածները» ֆիլմի նկարահանումներին և այլն:

Դպրոցի հիմնական կազմակերպչական աշխատանքները, դասընթացների կազմակերպումը և անցկացումը կատարվում էր ախտաֆիզիոլոգիայի ամբինոի դասախոսապրոֆեսորական աշխատակազմի կողմից: Դպրոցի հրավիրյալ դասախոսներից էին Էհուդ Կոհենը (Իսրայել), Զդենկո Կովաչը (Խորվաթիա), Մարտին Օպպերմանը (Գերմանիա), Մանիկ Գեմիլյանը (Հայաստան), Տիգրան Դավթյանը (Հայաստան), Արմեն Սանոսյանը (Ֆրանսիա): Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և 3 կրեդիտային միավոր:

Համագործակցություն 

Ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ գրեթե բոլոր ստորաբաժանումների, առավել ակտիվ` Կենսաքիմիայի, Ընդհանուր քիմիայի ամբիոնների, Ուսանողական խորհրդարանի, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հետ: Համագործակցության որոշ փորձ կա նաև Հայկական բժշկական ասոցիացիայի հետ:

Միջազգային ասպարեզում ամբիոնը համագործակցում է Ախտաֆիզիոլոգների միջազգային ընկերակցության հետ, իսկ ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն այդ ընկերակցության վարչության անդամ է:

Ախտաֆիզիոլոգների Միջազգային Ասոցիացիայի շրջանակներում ամբիոնը համագործակցում է ոլորտի բոլոր առաջատար ներկայացուցիչների, այդ թվում՝ Լ.Պ. Չուրիլովի, Ա.Վ. Կուբիշկինի, Պ.Ֆ. Լիտվիցկու (Ռուսաստան), Զ. Կովաչի (Խորվաթիա), Է. Կոհենի (Իսրայել), Մ. Թրեմբլիի (Կանադա) և այլոց հետ:

Դասավանդման մեթոդների ոլորտում առավել բեղուն եղավ համագործակցությունը Զագրեբի Համալսարանի բժշկական ակուլտետի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի և, հատկապես, վերջինիս ամբիոնի վարիչ պրոֆ. Ժդենկո Կովաչի հետ: Խնդիր-կենտրոնացված դասավանդմանը և ուսուցմանը հնարավոր եղավ հասնել ախտաֆիզիոլոգիական մշակումների և ընդհանրացումների շնորհիվ: Արդյունավետ համագործակցության ուղիներից մեկը եղավ Հայաստանում 2015թ.-ին կայացած ամառային դպրոցը, որի շրջանակներում պրոֆ. Կովաչը, Է. Կոհենը և Մ. Օպերմանը (Գերմանիա) մի քանի օրերի ընթացքում ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու մեթոդները, ինչպես նաև գրականությունը՝ նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության կիրառման վերաբերյալ:

Համագործակցության առանձնակի դրական արդյունքներ են ձեռք բերվել 2014թ.-ին Ռաբաթում կայացած Ախտաֆիզիոլոգիայի 7-րդ  Միջազգային Կոնգրեսի ընթացքում կազմակերպված սեմինարների և խմբային քննարկումների միջոցով, մասնավորապես՝ «Նեյրոգիտություն» և «Դասավանդման մեթոդաբանություն» ուղղություններում:

Սեչենովի անվան Համալսարանի (ՄՊԲՀ) հետ համագործակցությունը խոստումնալից է կլինիկական ախտաֆիզիոլոգիայի համատեղ օնլայն կուրսի իրականացման առումով:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը համագործակցում է COBRAIN հետազոտական կենտրոնի հետ և ամենամյա Brain awareness weak -ի մշտական մասնակից է։

Ամբիոնը համագործակցում է «Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական ՀԿ» -ի հետ, հայալեզու հանրագիտարանում բժշկագիտական կարևորագույն հոդվածների ստեղծման գործում։

2023 թվականից ամբիոնը համագործակցում է նաև գիտության և տեխնոլոգիաների Եվրոպական համագործակցության COST-ի հետ, որտեղ մասնակցում է «բորբոքային լայն շրջանակների ճանաչումը և բորբոքման հանգուցալուծումը» եվրոպական հետազոտության անցկացմանը։

Ամբիոնի կազմը

Անուն Ազգանուն Պաշտոն Կոչում
Գրիգորյան Արտեմ Սերգեյի Ամբիոնի վարիչ բ․գ․թ․ Դոցենտ
Ավետիսյան Սամվել Արծրունի Պրոֆեսոր բ․գ․դ․ Պրոֆեսոր
Նավասարդյան Գրիզելդա Ասատուրի Պրոֆեսոր բ․գ․դ․ Պրոֆեսոր
Պապյան Արմինե Արամի Դոցենտ բ․գ․թ․ Դոցենտ
Խաչատրյան Վարդուհի Գաբրիելի Դոցենտ բ․գ․թ․ Դոցենտ
Վարդերեսյան Սիրանուշ Գառնիկի Դասախոս
Պետրոսյան Լուսինե Ջիվանի Դասախոս
Ղազարյան Դավիթ Մհերի Դասախոս
Մկրտումյան Ոսկեհատ Ռուբենի Դասախոս
Պողոսյան Մարգարիտա Արթուրի Դասախոս
Շահինյան Արշակ Ֆայենբերգի Դասախոս
Լաչինյան Ամալյա Արշակի Ասիստենտ
Մանուկյան Լիլիթ Ռուբենի Ասիստենտ
Աբրահամյան Արմեն Արթուրի Ասիստենտ
Անտոնյան Գայանե Գեղամի Ասիստենտ
Գալստյան Սոնա Արմենի Ասիստենտ
Մուրադյան Թինա Մարտունի Ասիստենտ