Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների, տվյալ ժողովրդի կենսասիրության հետ: Հենց այս տրամաբանությամբ է երեք տասնամյակ առաջ ստեղծվել, իսկ այժմ լիովին վերանորոգվել և արդիականացվել Հայաստանի բժշկության պատմության թանգարանը՝ տեղակայված ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում:
Մասնաշենքի ճեմասրահի մուտքից արդեն զգացվում է բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատմական, ակադեմիական շունչը, որը հարազատ է շատ սովորողներին և շրջանավարտներին:
Համալսարանական թիմի ջանքերով՝ այցելուները շուտով 4 սրահներում կծանոթանան բժշկագիտության պատմությանը՝ըստ ժամանակաշրջանների (հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար), բժշկագիտության հիմնադրմանը մեր երկրում, կայացմանն և զարգացմանը, բուհի հաջողություններին:
Շուրջ 5000 ցուցանմուշներից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև`գեղարվեստական ստեղծագործություններ`քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ: Չորրորդ սրահը ևս հատուկ նշանակության է: Այն ամբողջովին նվիրված է ռազմական բժշկության պատմությանը:
Թանգարանագետ Նարինե Ղազարյանն արդեն 25 տարի աշխատում է թանգարանում, իսկ 2007 թվականից ղեկավարում է համալսարանական այս ստորաբաժանումը:
«Թանգարանը ստեղծվել է բժշկական համալսարանի 18-րդ ռեկտոր Վիլեն Հակոբյանի մտահղացմամբ և նրա ջանքերով 1990 թվականին: Մինչ այդ թանգարանը գործել է կաբինետային սիստեմով: Հանրապետությունում միակը համարվող Հայաստանի բժշկության թանգարանում պատմությունը ներկայացված է հին օրերից մինչև մեր ժամանակները: Հենց դրանում է թանգարանի գլխավոր արժեքը»,- պատմում է թանգարանի վարիչը:
Հանրապետության բուհական թանգարանների շարքում Հայաստանի բժշկության պատմության թանգարանը միշտ արժանի տեղ է զբաղեցրել:
Թանգարանի ղեկավարի խոսքով՝ այն կարևոր նշանակություն ունի նաև ուսումնական տեսանկյունից և եզակի է «Բժշկության պատմություն» առարկան սովորողների և բժիշկ-հետազոտողների համար:
Բժշկական համալսարանի բոլոր առաջին կուրսեցիների համար թանգարանում կազմակերպվել են դասաժամեր, իսկ բժշկական քոլեջների ուսանողների և այլ բուհերի թանգարանագիտական բաժնի ուսանողների համար այցելություններ: Մասնագիտական հետազոտություններ, գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվել ԵՊԲՀ թանգարանի նյութերից: Մշտապես գիտական աշխատանքներ են կատարվել և այս ավանդույթը, աշխատակիցները վստահ են, որ շարունակական է լինելու:
«Ստեղծման առաջին տարիներից համալսարանի սովորողները «Բժշկության պատմություն» առարկան ուսումնասիրելիս պարտադիր մեկ դաս անցկացնում են մեզ մոտ: Անշուշտ, բժշկագիտության պատմությամբ կատարած այս էքսկուրսիան տպավորիչ և ուսուցողական է ապագա բժիշկների համտար»,- նշում է Նարինե Ղազարյանը՝ հավելելով, որ բժշկագիտության պատմությունը հարստանում է նաև սփյուռքահայ անվանի բժիշկների, համալսարանի ստեղծման ակունքներում կանգնած բժիշկ-գիտնականների, ակադեմիկոսների մասին հիշատակումներով:
Թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանը և ավագ մասնագետ Քնարիկ Գարասեֆերյանը լավ գիտեն յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը: Վստահ են, որ թանգարանային գործը պահանջում է առաջին հերթին նվիրում. նվիրում ոչ միայն բժշկագիտությանը, այլ ժողովրդի պատմությանը, որովհետև բժշկագիտությունը տվյալ ժողովրդի մշակույթի մի մասն է:
Վերաբացվելուց հետո թանգարանի դռները բաց են բոլոր հետաքրքրվողների համար:
Ոչ միայն ապագա բժիշկներին, այլև յուրաքանչյուր այցելուի ներկայացվում է բժշկի մասնագիտությունը, սիրո ու անձնուրացության կարևորությունը մասնագիտության և մարդու հանդեպ:
Պատմական ակնարկ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա: 1985 թվականին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվում են Սարդարապատում գտնվող Հայաստանի ազգագրության թանգարանին, քանի որ նախատեսվում էր այնտեղ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծել: Սակայն այդ մտահղացումը չի իրականանում:
1990-ին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: 1998-ին` Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը: Թանգարանում տեղ գտած շատ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, Արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։