Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դպրոցի մասին

2012 թ. ՀՀ կառավարության հուլիսի 4-ի N865-Ն որոշմամբ Երևանի հ. 30 ավագ դպրոցը վերակազմակերպվել է որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոց, որն իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրեր: Ուսուցման տևողությունը 3 տարի է՝ 10-12-րդ դասարաններ:

2011թ.-ի հոկտեմբերից դպրոցի տնօրենն է Նարինե Ռազմիկի Սարգսյանը:

Կապ մեզ հետ

9.00-17.00
(+37410) 22 03 60
hischool30@mail.ru

Կրթությունն իրականացվում է բնագիտամա­թեմա­տիկական հոսքում՝ կենսաքիմիական և տնտեսագիտական ենթահոսքերով։

Դպրոցն ապահովում է սովորողի՝ մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերումը։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի պահանջներին համապատասխան։ Կենսաքիմիական ենթահոսքում խորացված ուսումնասիրվում են «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները, տնտեսագիտական ենթահոսքում՝ «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Աշխարհագրություն» և «Ֆիզիկա»։

«Հերացի» ավագ դպրոցում 2022-23 ուստարում սովորում է 514 աշակերտ:

Դպրոցում գործում են 7 առարկայական մեթոդական միավորում, աշակերտական խորհուրդ և ծնողական խորհուրդ, որոնց աշխատանքը նպատակաուղղված է ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները համակարգվում են փոխտնօրենների կողմից, իսկ մանկավարժական կազմը համալրված է բանիմաց, հմուտ, բազմաթիվ վերապատրաստումների մասնակցած, ինչպես նաև պետական տարբեր մրցանակների արժանացած, տարակարգ և գիտական կոչումներ ունեցող ուսուցիչներով:

Դպրոցում դասավանդում են 49 մանկավարժներ, որոնցից 4-ը ունեն գիտությունների թեկնածուի գիտական կոչում: 2021-2022 թթ. կամավոր ատեստավորման դիմել են 23 ուսուցիչ։ Տարբեր չափերի հավելավճար ստացել է 14-ը։

3 ուսուցիչներ տարբեր ժամանակներում ճանաչվել են «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող։

2017 թվականի հունվարից ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը ՀՀ ԿԳՆ «Աջակցություն գյուղական դպրոցներից» ծրագրի շրջանակներում որպես մենթոր դպրոց աջակցում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Տրետուք, Կուտական գյուղերի միջնակարգ դպրոցներին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի միջնակարգ դպրոցին: 2023 թ. Ընտրվել է որպես մենթոր դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան համայնքների դպրոցների համար։

Դպրոցի աշակերտներն ակտիվ մասնակցում են դպրոցականների առարկայական օլիմպիադաներին և ինչպես հանրապետական փուլում, այնպես է միջազգային հարթակներում գրանցում են բարձր ցուցանիշներ:

Դպրոցում գործում են Մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի խմբակ, գերմաներենի DSD դասընթաց, որն իրականացվում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան հետ համագործակցությամբ։ ԿԳՄՍՆ սահմանված կարգով 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում կազմակերպվում են «Բժշկական ֆիզիկա» և «Ռուսերենի հաղորդակցական հմտություններ» դասընթացները։

Դպրոցի աշակերտների կողմից իրականացվում են հետազոտական աշխատանքներ, որոնք տարբեր տարիների արժանացել են ինչպես ԿԳՄՍՆ գիտության փառատոնի, այնպես էլ AESA ամենամյա միջազգային գիտական օլիմպիադայի մրցանակների։ Հետազոտական աշխատանքների պաշտպա­նությունը կազմակերպվում է գիտական տարբեր հաստատություններում, դրանց մասնակցում են նաև անկախ փորձագետներ։

Դպրոցը սերտորեն համագործակցում է կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Աշակերտների համար կազմակերպվում են քաղաքացիական կրթության դասընթացներ, որոնք նպաստում են աշակերտի՝ որպես երկրի ապագա քաղաքացու արժեքային համակարգի ձևավորմանը։

Դպրոցում գործում են «Վերնատուն» գրական ակումբ, ինչպես նաև բանավեճի, պատանի երկրապահի և բնապահպանական ակումբներ, աշակերտներն ընդգրկված են համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում և կամավորական աշխատանքներում։

Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպվում են դասընթացներ, տեղեկատվական և ճանաչողական այցեր տարբեր կազմակերպություններ, արտադրամասեր և բուհեր, հանդիպումներ արհեստավարժ մասնագետների հետ։

Դեռահասների սոցիալ-հոգեբանկան խնդիրների լուծման, քաղաքացիական ակտի­վության բարձրացման, հայրենասիրական դաստիա­րակության, առողջության պահ­պանման, վնասակար սովորություններից զերծ մնալու դիրքորոշման, անձնային բարձր որակների ձևավորման, մասնագիտական կողմնորոշման և յուրաքանչյուր սովորողի նկատմամբ անհատական մոտեցման ապահովմանն ուղղված աշխատանքների կազ­մակերպման նպատակով դպրոցում գործում է դասարանի ղեկավար-համակարգողների ինստիտուտ։

Դպրոցի գործունեության առանցքային ուղղություններից մեկը բարեգործական տարբեր նախաձեռնություններին սովորողների մասնակցությունն է։ Ամեն տարի դպրոցում կազմակերպվում են տարաբնույթ բարեգործական միջոցառումներ`աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառք, բարեգործական համերգներ, այցեր հիվանդանոցներ, մանկատներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, սահմանամերձ գյուղեր:

Ուսուցումը դպրոցում անվճար է: