• Հայ
  • Рус
  • Eng
«Բարձր դասել, ոչ թե անհատի շահը, այլ հանրային անվտանգությունը». Արմեն Մուրադյանն ու ԵՊԲՀ մասնագետները հանդիպեցին մշակութային գործիչներին
«Բարձր դասել, ոչ թե անհատի շահը, այլ հանրային անվտանգությունը». Արմեն Մուրադյանն ու ԵՊԲՀ մասնագետները հանդիպեցին մշակութային գործիչներին
22.09.2021

Համալսարանական մասնագետները ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող թեմաների շուրջ հանդիպում ունեցան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմի՝ սիրված ու ճանաչված մշակութային գործիչների հետ:

Ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, հանդիպման առանցքում բժշկությանը վերաբերող և շատերին հետաքրքրող հարցերն են:

Բուհի ղեկավարը ներկաներին հիշեցրեց, որ Հայաստանն անցնում է կորոնավիրուսային համավարակի 4-րդ ալիքի միջով, որն ունի ավելի ագրեսիվ ընթացք, հատկապես երիտասարդ և քրոնիկ հիվանդություններ չունեցող հիվանդների մոտ:

«Հունվարից վարակն ավելի կառավարելի է, սակայն պատվաստվածների, հիվանդների և մահացածների թիվը խոսում է այն մասին, որ մեր երկրում հիվանդության հաղթահարման տեսանկյունից դեռ հաջողություններ չունենք: Վերջին տվյալների համաձայն՝ այսօր մեր երկրում կորանավիրուսային հիվանդության հետևանքով 1 ժամում մահանում է 1 մարդ»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելեով, որ վարակը կառավարելի է, երբ այն հնարավոր է կանխել:

Կորոնավիրուսային համավարակի դեմ առաջին պատվաստումը Հայաստանում արվել է ապրիլի 13-ին: Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ ԵՊԲՀ ռեկտորը հիշեցրեց, որ պատվաստված և վարակված հիվանդների մոտ «Քովիդ-19»-ն ավելի թեթև ընթացք է ունենում, քան նրանց շրջանում, որոնք պատվաստված չեն:

«Հարուստ երկրներն իրենց բոլոր ռեսուրսներն ուղղելով համաճարակի դեմ պայքարին՝ պատվաստումային գործընթացին՝ ապահովել են անհրաժեշտ ծածկույթ հանրությանը վարակից պաշտպանելու համար: Այդ գործընթացը մեզ համար նույնպես պետք է կամավոր բնույթ կրեր՝ վարակից զերծ մնալու համար»,-ասաց բժշկական բուհի ռեկտորը՝ ավելացնելով, որ դրան նախևառաջ պետք է նպաստեն կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչները, քանի որ հաճախ նրանք են օրինակ ծառայում և կողմնորոշում հանրությանը բարդ իրավիճակներում:

Արմեն Մուրադյանը Դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ հրացուպատասխանի ձևաչափով խոսեց հանրային առողջության վրա համավարակի ազդեցության, այսօր կիրառվող պատվաստանյութերի, պատվաստման հետևանքով առաջացած հնարավոր բարդությունների և այլ հարցերի շուրջ:

Հարցին՝ հնարավորն է վիրուսի ի հայտ գալուց մեկ տարի անց գտնել հիվանդության դեմ պատվաստանյութը, ռեկտորը նշեց, որ 21-րդ դարում այնքան էլ ճիշտ չէ քննարկել պատվաստումների գործընթացը, քանի որ կիրառության մեջ դրված պատվաստանյութերը այս իրավիճակում ձեռքբերում են:

«Այս գործընթացը վարկաբեկելը և դրանից առաջացած թերահավատության մթնոլորտը խանգարում է համավարակի դեմ պայքարին: Մասնագետները շարունակում են փնտրել հավարակի ազդեցության օրինաչափությունը, սակայն փորձը ցույց է տալիս՝ ինչպես մենք ազդում ենք, այնպես էլ հիվանդությունը հակազդում է մեզ»,-ընդգծեց նա:

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ համավարակի պայմաններում բոլոր ոլորտներում խնդիրներն արդեն ակնհայտ են՝ մասնավորապես կրթության որակը նվազել է 25 տոկոսով, տնտեսությունը շարունակում է վնասներ կրել, իսկ առողջապահական համակարգը երկար ժամանակ ծանրաբեռնված լինելու հետևանքով կարող է չդիմանալ:

Բժշկական բուհի ղեկավարը մշակութային գործիչներին կոչ արեց հանրային առողջության հարցերը քննարկելիս բարձր դասել, ոչ թե անհատի շահը, այլ հանրային անվտանգությունը:

«Գործատուն պարտավոր է լսել ու պաշտպանել անհատի շահերը, բայց առավել քան պարտավոր է ձևավորել անվտանգ միջավայր բոլորի համար»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ մայիսից արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան 1000 դեպք:

«Քովիդի հաղթահարման և բուժման առանցքում կոլեկտիվ պատվաստումն է և «հարձակվող» ու «անհանգիստ» բժիշկը, որը ժամանակին բուժօգնություն է ցուցաբերում հիվանդին»,-եզրափակեց նա:

Քննարկումը շարունակեցին համալսարանական համաճարակաբաններ՝ Մերի Տեր-Ստեփանյանը և Արման Բադալյանը: Նրանք մասնավորապես անդրադարձան հանրության շրջանում մտահոգություններ առաջացնող և քննարկման առարկա դարձած հարցերին:

Մերի Տեր-Ստեփանյանը խոսեց վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութի հնարավոր ազդեցության մասին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով. «Մանկական տարիքում մեր բոլոր ստացած պատվաստումներն ավելի ագրեսիվ են, քան այս վարակի դեմ նախատեսված պատվաստանյութը, քանի որ դրանում կենդանի վիրուս, կարելի է ասել, չկա: Անպտղությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից են օդակաթիլային վարակները, սեռավարակները, իսկ պատվաստանյութն այս շարքում գտնվում է ամենավերջին տեղում կամ դեր չունի: Պատվաստանյութի ֆունկցիան է՝ ծանոթացնել օրգանիզմին վիրուսի հետ, որին ի պատասխան վերջինս կունենա պաշտպանվածություն»,- շեշտեց մասնագետը:

Ինչ վերաբերում է հետպատվաստումային բարդություններին՝ նշվեց, որ կողմնակի ազդեցությունից ոչ ոք պաշտպանված չէ, սակայն դրա հետևանքները հիմնականում վերահսկել է: