• Հայ
  • Рус
  • Eng
«Բոլոր դեղագետները մեկ միասնական ընտանիքի անդամներ են»․ ռեկտորն ընդունեց արտերկրի մասնագետներին
«Բոլոր դեղագետները մեկ միասնական ընտանիքի անդամներ են»․ ռեկտորն ընդունեց արտերկրի մասնագետներին
28.09.2022

Բժշկական բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի հյուրերն էին «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» եռօրյա միջազգային գիտաժողովի արտերկրի մասնագետները։ 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ռեկտորը նշեց, որ Հայաստանում բոլորի համար դժվարին ժամանակներ են։ «Կարծում եմ՝ պետք է ունենալ որոշակի քաջություն՝ այս իրավիճակում գիտությամբ ու հետագա սերնդի կրթությամբ զբաղվել շարունակելու համար։ Հավաստիացնում եմ, որ բժշկական համալսարանը վճռական է՝ զարգացնելու փոխգործակցության բոլոր ուղղությունները, միշտ պատրաստ է իր հարկի տակ ընդունել գործընկերներին և ընկերներին։ Մեզ շատ բան է կապում դեղագետների ռուսական դպրոցի հետ, և մենք շատ ենք արժևորում այդ կապերն ու ավանդույթները։ Այսօր մենք կապեր ենք հաստատում նաև եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ», - ասաց Արմեն Մուրադյանը։ 

Ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ՌԴ գիտությունների և ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, պրոֆեսոր, 1991-2017թթ․ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի Վ.Վ. Զակուսովի անվան Ֆարմակոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Սերեդենինը շեշտեց, որ նախկինում ևս առիթ է ունեցել հանդիպելու ԵՊԲՀ ռեկտորին։ «Բոլոր դեղագետ-գիտնականները մեկ միասնական ընտանիքի անդամներ են», - հավելեց մասնագետը։ 

ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի Վ.Վ.Զակուսովի անվան Ֆարմակոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ Ռուբեն Միրզոյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր «Ալմա Մատեր»-ում կայացած այս ներկայացուցչական միջոցառմանը մասնակցելը։ «Մեր համագործակցությունն արդյունավետ է, բժշկական համալսարանի աշխատակիցների հետ ունենք համատեղ նախագծեր», - ավելացրեց նա։  

Իտալիայի Կամերինոյի համալսարանի Փորձարարական բժշկության և հանրային առողջության ամբիոնի մասնագետ Կարլո Պոլիդորիի խոսքով՝ հայերի հետ շատ հեշտ է շփում հաստատելը, ընկերություն անելը։ «Դուք շատ հյուրասեր եք։ Շնորհավորում եմ Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյա հոբելյանը և մաղթում եմ ձեր երկրին կայուն խաղաղություն», - ընդգծեց իտալացի դեղագետը։ 

Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի մասնագետ Կոնսեպսյոն Գոնսալես-Բեյոն շնորհակալություն հայտնեց գիտաժողովին մասնակցության հրավերի, երկրի համար այս դժվարին օրերին իրենց ընդունելու և հայկական անսահման հյուրասիրության համար՝ մաղթելով Հայաստանին խաղաղություն ու լավ ապագա։ 

Նույն համալսարանի դեղագիտության և դեղագիտական տեխնոլոգիաների ամբիոնի մասնագետ Ֆրանսիսկո Խավյեր Օտերո-Էսպինարը ևս գոհունակություն հայտնեց գիտաժողովին մասնակցելու հնարավորության համար՝ հույս հայտնելով, որ բուհերի միջև համագործակցությունը կլինի շարունակական։