• Հայ
  • Рус
  • Eng
«Լանցետ» ծրագիրը հյուրընկալել էր ամերիկահայ ապագա բժիշկներին
«Լանցետ» ծրագիրը հյուրընկալել էր ամերիկահայ ապագա բժիշկներին
15.07.2021

Բժշկական բուհի Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրն այս անգամ հյուրընկալել էր «Բժիշկները Հայաստանում» (“Medics in Armenia” - MIA) կազմակերպության շրջանակում ներգրավված ամերիկահայ ապագա բժիշկներին:

«Լանցետ»-ի մենթոր, ապագա անոթային վիրաբույժ, 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Տիգրան Սևյանը, որը համակարգում էր սփյուռքահայ երիտասարդների ծանոթության այցը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, նշեց, որ ԱՄՆ-ում համալսարանական համակարգը հետևյալն է. ուսանողները 4 տարի ուսումնասիրում են գիտական որևէ ճյուղ, միայն դրանից հետո՝ բժշկական ճյուղերից մեկը: «Մեր նպատակն է օգնել ԱՄՆ-ից ժամանած ուսանողներին և շրջանավարտներին կողմնորոշվել՝ դուր է գալիս նրանց վիրաբուժությունը, թե ոչ: Այս պահին «Լանցետ»-ի միջոցով մենք օգնում ենք նրանց մասնագիտական կողմնորոշմանը», - շեշտեց Տիգրան Սևյանը: Միացյալ Նահանգներից ժամանած ապագա բժիշկները, նրա խոսքով, կներգրավվեն ծրագրի տարբեր փուլերում, օրինակ, կսովորեն անկենդան, ինչպես նաև կենդանի նյութի վրա վիրահատություններ անել:

Ծանոթության այցի շրջանակում Հայաստան ժամանած երիտասարդներն ականատես եղան Տիգրան Սևյանի կողմից իրականացված վիրահատությանը:

“Medics in Armenia”-ի համակարգող Անի Դավթյանի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը հիմնվել է ԱՄՆ-ում: «Մենք մեր գործունեությունը սկսել ենք Նորքի սրտաբանական հիվանդանոցում պրակտիկայից: Գալիս ենք 3 նպատակով՝ պրակտիկա անցկացնել, բարեգործություն կատարել և տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, որպեսզի Սփյռուքի մեր ուսանողները սիրահարվեն մեր հայրենիքին և մասնագետ դառնալուց հետո վերադառնան՝ ներդրում ունենալով մեր գիտական և բժշկական ոլորտներում: Մեր ուսանողները կարող են լինել 3-4-րդ կուրսում, նույնիսկ՝ ավարտած, բայց չունենալ նույն գիտելիքը, ինչ ԵՊԲՀ ուսանողները, որովհետև մեզ մոտ բակալավրի դիպլոմը ստանում են, ապա՝ դիմում բժշկական համալսարան», - հայտնեց Անի Դավթյանը:

Այցի մասնակիցներից 23-ամյա Ադդէ Վարդանյանը Հայաստան է ժամանել Կալիֆոռնիայի համալսարանի՝ Սան Դիեգոյի մասնաճյուղից: Ծնվել է Իրանում, ապա՝ ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Ադդէն ստացել է և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի աստիճանները:

«Նախանցյալ տարի ևս այցելել եմ Հայաստան և մասնակցել բոլոր միջոցառումներին: Այստեղ մենք ականատես եղանք բազմաթիվ վիրահատությունների, ինչը ԱՄՆ-ում այնքան էլ հասանելի չէր», - խոստովանում է ապագա վիրաբույժը: Նեղ մասնագիտացում Ադդէն դեռ չի ընտրել, սակայն վստահ է, որ «Լանցետ» ծրագրի միջոցով արագ և հեշտ կկողմնորոշվի: