• Հայ
  • Рус
  • Eng
«Մերօրյա հերոսները». Արեն Վերդյան
«Մերօրյա հերոսները». Արեն Վերդյան
22.12.2020
Արեն Վերդյան… Համեստ և զուսպ ռազմական բժիշկ, բուժծառայության մայոր...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, կլինիկական օրդինատոր Արեն Վերդյանն Արցախյան վերջին գոյամարտում պատասխանատու ծառայություն է իրականացրել Մարտունիում: Ցավոք, թշնամու ԱԹՍ-ն չշրջանցեց նրան. Արենը զոհվեց ռազմաճակատից վիրավորներ դուրս բերելիս:

36-ամյա Արենը Ճամբարակի Թթուջուր գյուղից էր: Ավագ եղբայրը՝ Արտյոմ Վերդյանը, հիշում է, որ նա բնավորությամբ հանգիստ էր, զուսպ: «Շատ քիչ էր խոսում իր ձեռքբերումների և հաջողությունների մասին: Չէր սիրում պատմել իր առաքելության ու կատարած դժվար գործի մասին», - ընդգծում է եղբայրը:
Մորաքրոջ աղջիկա՝ Մարիամ Սայադյանի գնահատմամբ՝ Արենը մեծատառով մարդ էր: «Միշտ լսողի դերում էր: Շատ լավ մարդ, եղբայր ու բժիշկ կորցրինք», - ասում է Մարիամը:

Արենը տասը տարի շարունակ Հադրութի զորամասերից մեկի բուժծառայության պետն էր, այնտեղ ծառայությունն ավարտելուց հետո եկել էր Երևան՝ շարունակելու ուսումը կլինիկական օրդինատուրայում, բայց քանի որ ի պաշտոնե բուժծառայության պետ էր, պատերազմի ընթացքում նրան նշանակեցին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բուժծառայության պետ:

Արենի հորաքրոջ տղան՝ ռազմական բժիշկ Արմեն Իսոյանը, նշում է, որ կրտսեր եղբայրը դեռ փոքրուց քչախոս ու համեստ էր: «Ընդամենը 4-5 տարեկան էր, երբ Արենի ուժեղ լացի ձայնը լսեցինք, դուրս եկանք ու տեսանք, որ գյուղում առուն անձրևներից վարարել էր, քույրն ընկել էր ջուրը, իսկ նա փորձում էր հանել քրոջը, բայց չէր կարողանում. ուժը չէր հերիքում: Փաստորեն դեռ այդ տարիքից մեր Արենը շտապում էր՝ օգնելու ու փրկելու», - ասում է Արմեն Իսոյանը:
Ռազմական առաքելությունն իրականացնելուց հետո Արենը որպես ակնաբույժ պիտի աշխատեր Վարդենիսում. վստահ էր, որ աչքի առաջին փոխպատվաստումն ինքն է անելու:

Արենի ընկերը՝ Էդուարդ Ավագյանը, պատմում է, որ ուսանողական տարիներին միշտ միասին էին: «Երկուսս էլ ռազմական բժիշկներ էինք: Արենը շատ համեստ ու քչախոս էր, բայց կյանքն էլ կտար ընկերոջ համար: Հադրութի զորամասում իր աշխատանքն անում էր շատ պարտաճանաչ, հենց այդ էր պատճառը, որ այնտեղ ամեն ինչ անթերի էր: Դա խոսում էր Արենի բարձր պատասխանատվության մասին», - ընդգծում է ընկերը՝ ավելացնելով, որ Արենը նաև շատ հյուրասեր էր:
Պատերազմի ընթացքում նա ընկերոջը վստահեցրել էր, որ անկախ նրանից՝ իրեն կկանչեն, թե ոչ, հաստատ գնալու է ռազմաճակատ:
Արենը մասնակցել էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին ու հպարտորեն էր ասում, որ կարողացել է բոլոր վիրավորներին օգնել:
2016թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից Արենն արժանացել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի։ Օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանով «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար» հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Արենի գործընկերը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, որի հետ միասին ակնաբուժություն էին սովորում կլինիկական օրդինատուրայում, նկարագրում է Արենին որպես ծայրաստիճան զուսպ, լուռ, շնորհալի, բարի մարդ, որը միշտ պատրաստ էր օգնել: «Նա քիչ հանդիպող բարի ու խաղաղ մարդկանցից էր, բայց՝ միշտ մտազբաղ ու թախծոտ», - ավելացնում է Լիլիթը:

Ծառայակիցը՝ ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հայկ Մարգարյանը, պատմում է, որ բուժծառայության մայոր Արեն Վերդյանը հարգված էր ամբողջ զորամասում։ Զինվորները առանց վարանելու դիմում էին նրան՝ հաստատ իմանալով, որ ինչ էլ լինի՝ մի հնար կգտնի ու կօգնի։ «Երբ ես զորակոչվեցի բանակ, ավարտել էի ԵՊԲՀ ընդամենը 1-ին կուրսը և ոչ մի պրակտիկ միջամտության չէի տիրապետում, բայց արդեն մեկ ամիս հետո Արենի ու բուժկետի մնացած բժիշկների շնորհիվ տիրապետում էի բոլոր անհրաժեշտ հմտություններին։ Մեր մեծ ընկերն էր Արենը, ինձ համար ծառայության մեջ և՛ մեծ եղբայր էր, և՛ լավ ընկեր էր, և՛ հարազատ մարդ։ Մի օր ասաց, որ կուրսեցիներիս խնդրեմ առաջին կուրսում անցած դասագրքերն ուղարկեն զորամաս։ Ու երբ հարցրի՝ ինչի համար, պատասխանեց շատ պարզ. «Որ մեկ տարվա սովորածդ չմոռանաս»։

Երբ գրքերն ուղարկեցին, բուժկետի հենց իր սենյակում տեղ հատկացրեց գրքերը դնելու, ու ասաց, որ օրվա մեջ անպայման ժամանակ գտնեմ ու վերընթերցեմ»: Այսպես բոլորիս մասին մտածում էր Արենը», - հիշում է Հայկը՝ այդպես էլ չկարողանալով ընդունել ու համակերպվել ավագ ընկերոջ կորստի հետ:
Հրադադարի հաստատումից 2 ժամ հետո՝ նոյեմբերի 10-ին, ժամը 3-ին մոտ (ժամը 1-ին արդեն հրադադարը հաստատված էր, սակայն օդում դեռ պտտվում էին թշնամու ԱԹՍ-ները), Արենը, կյանքը վտանգելով, շտապել էր մարտադաշտից վիրավորներին դուրս բերել, բայց չարաբաստիկ ԱԹՍ-ն ընդհատեց ռազմական բժշկի կյանքի ուղին:

Անմահ հերոս Արեն Վերդյան… Խոնարհվում ենք…

 

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Լուսանկարները՝ Արենի անձնական և ընտանեկան արխիվից