• Հայ
  • Рус
  • Eng
«Մերօրյա հերոսները». Ազատ Զաքարյան
«Մերօրյա հերոսները». Ազատ Զաքարյան
10.12.2020

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը մեկ տասնյակից ավելի սովորողներ ու ռազմական բժիշկներ է կորցրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով հրահրված պատերազմում: Նրանց մի մասն անմահացել է մասնագիտական, մյուսները՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս:

Ազատ Զաքարյանը Ռազմաբժշկական ֆակուլտետում սովորել է երեք տարի, որից հետո զորակոչվել է բանակ՝ զինվորական ծառայության: Արցախի հարավային ուղղությամբ մղվող մարտերում նա կատարում է իր առջև դրված խնդիրները, քաջաբար կանգնում մինչև վերջ և զոհվում հերոսաբար:

Ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանը, ով պատերազմի առաջին օրից՝ որպես կամավոր եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, ավագ գործընկերների հետ բուժօգնություն է տրամադրել վիրավորներին, անմահացած ընկերոջ մասին պատմում է խորը վշտով. «Ազատը խելացի, հոգատար, հավասարակշռված, նպատակասլաց անձնավորություն էր»:

Ապագա ռազմական բժիշկը նշում է՝ վիրաբույժ դառնալու ցանկությանը զուգահեռ, Ազատը բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ուներ, որոնք մտադիր էր կյանքի կոչել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:

Մեջբերելով Ազատի ՝ «Ամեն ինչ մեր ձեռքերում է ու գլխում» խոսքերը, Նիկոլայն ընդգծում է, որ ընկերն իր աշխարհայացով տարբերվում էր մյուսներից: Ազատը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութում: Ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրետանային արկն ընկնում է նրանից քիչ հեռու, որի հետևանքով վիրավորվում են նրա զինակիցները: Անտեսելով վտանգն՝ Ազատը շտապում է օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան:  

Վաշտի հրամանատարը պատմում է, որ կրտսեր սերժանտ Ազատն աչքի է ընկել կազմակերպվածությամբ, իր առջև դրված խնդիրները պարտաճանաչությամբ կատարելու կարողությամբ: Զոհվելուց ժամեր առաջ նա սահմանից իր ընկերների և հարազատների միջոցով օգնել է Արցախից տեղափոխված ընտանիքի՝ ժամանակավոր կացարան գտնելու հարցում:

Նիկոլայի կարծիքով՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր նահատակված հերոսների նման լինել հայրենասեր ու նվիրված մայր հողին: «Գիտակցում ենք, որ Ազատի և բազմաթիվ զինվորների կիսատ թողած գործը մենք պետք է պատվով շարունակենք: Ուժ ու համբերություն մեր բոլոր զոհված հերոսների հարազատներին և ընկերներին»,-ասում է ապագա ռազմական բժիշկը:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Արցախում անմահացած Ազատ Զաքարյանը Հրազդան քաղաքից էր: Քաղաքի բակերից մեկում տեղ գտած նրա՝ զինվորական համազգեստով դիմապատկերն անցորդներին հիշեցնում է՝  հողը արյունով են պահում...