• Հայ
  • Рус
  • Eng
«Մերօրյա հերոսները». Բաբկեն Բազունց
«Մերօրյա հերոսները». Բաբկեն Բազունց
01.12.2020

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ շրջանավարտ Բաբկեն Բազունցը` բազմաթիվ երազանքներ և նպատակներ չհասցնելով իրականացնել:

Բաբկեն Արսենի Բազունցը ծնվել է 1995թ-ի դեկտեմբերի 14-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, բժիշկների ընտանիքում: Դպրոցում սովորելու տարիներին աչքի է ընկել ոչ ստանդարտ մտածելակերպով, մշտապես մասնակցել թե՛ հումանիտար, և թե՛ բնագիտամաթեմատիկական առարկաների օլիմպիադաների և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ: Դպրոցն ավարտելով ոսկե մեդալով, բացարձակ գերազանց հանձնելով բոլոր քննությունները (20+20+20), ընդունվել է ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը՝ անվճար ուսումնառելու հիմունքով: Բարձր առաջադիմությամբ սովորելով համալսարանում վերապատրաստվել է Բուլղարիայում, սրտաբանական կենտրոնում, որպես կարդիովիրաբույժ, նաև մասնակցել է «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրին, եղել է ԵՊԲՀ վոլեյբոլի թիմի անդամ:

Իր նպատակն էր դառնալ լավ սրտային վիրաբույժ, վերապատրաստվել ԱՄՆում և վերադառնալ հայրենիք որևէ նորարարությոն բերելով բժշկական ոլորտ: Նրա ցանկությունն էր կազմել ամուր ընտանիք և ունենալ շատ զավակներ:

Համակուրսեցիներն ու դասախոսական կազմը ցավով կիսում են սիրելի ընկերոջ և ուսանողի կորստյան վիշտը:

Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը տարիներ առաջ դասավանդել է Բաբկեն Բազունցին: Դասախոսը վաղուց գործընկեր է համարել նախկին ուսանողին։ Հայարփի Սահակյանը նշում է՝ նրա մեջ էր տեսնում մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացումը:

«Կորցրինք պրոֆեսիոնալ մասնագետի, խելացի, մտածող, վերլուծող, ըմբոստ անհատի», -ասում է ԵՊԲՀ դասախոսը՝ հավելելով, որ պատերազմը բոլորիս սրտերին ու հոգիներին շատ ծանր հետք է թողել։  Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Նարեկ Շիրինյանը Բաբկենին նկարագրում է որպես վոլեյբոլի անփոխարինելի խաղացող, թիմի ոգի և շունչ: «Խաղի ամենահուսահատ վայրկյաններին Բաբկենը թիմը հավաքում էր հաղթելու գաղափարի շուրջ և առաջ տանում»,-նշում է նա:

Ավարտելով համալսարանը, «1+2» ծրագրի շրջանակներում Բաբկենը բժիշկի մասնագիտությամբ լեյտենանտի կոչումով զինվորական ծառայության է անցել՝ ՀՀ ՊՆ Բալահովիտի զորամասում՝ որպես գնդի բուժկետի պետ: Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի առաջին օրը Բաբկենը մեկնել է Երասխի պաշտպանական դիրքեր:

Հոկտեմբերի 12-ին զորամասին տրված առաջադրանքից ելնելով պետք է մեկնեին առաջնագիծ: Չնայած ի պաշտոնե պետք է մնար Կոտայքում և բուժական ծառայությունը իրականացներ զորամասի տարածքում՝ Բաբկենը դիմել է առաջնագիծ մեկնելու համար՝ գերադասելով մեկնել ռազմաճակատ:
Հոկտեմբերի 21-ին, առաջադրանք կատարելիս շտապօգնության մեքենայով Դրախտիկից Շեյխեր ճանապարհին, ազերիների կողմից փոխհրաձգության արդյունքում, Բաբկեը և 7 ընկերները զոհվել են: Բաբկեն Բազունցը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Նշենք, որ պատերազմի հետևանքով անմահացած հերոսը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ Բաբկեն Հարությունի Բազունցի ծոռն է։

Հավերժ փառք և խոնարհում բոլոր զոհված տղաներին....