• Հայ
  • Рус
  • Eng
Ամփոփվեցին դեղագիտական եռօրյա միջազգային գիտաժողովի արդյունքները
Ամփոփվեցին դեղագիտական եռօրյա միջազգային գիտաժողովի արդյունքները
28.09.2022

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային եռօրյա գիտաժողովի երկրորդ և երրորդ օրերը հագեցած էին թե՛ արծարծված արդիական թեմաներով, թե՛ մասնագետների բազմազանությամբ։  

Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ, Մարթա Սիմոնյանն անդրադարձավ դեղագետի դերին դեղերի բացթողնման ժամանակ մասնավորապես և առողջապահական համակարգում ընդհանրապես։ «Մեզնից յուրաքանչյուրը, ավելի կատարելագործվելով և տեղում մեր գործն անելով, կկարողանա ավելի լավ առողջապահական համակարգ ձևավորել։ Բոլորս շատ լավ գիտենք, որ դեղագետի գործն է միայն առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի բացթողումը», - ընդգծեց Մարթա Սիմոնյանը։

«Վիրու՞ս թե՞ բակտերիա․ ի՞նչ պետք է առաջարկի դեղագետը» խորագրով զեկույցի շրջանակում նա նշեց, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ հաճախակի են դառնում մրսածության և սուր շնչառական վարակների դեպքերը, որոնց բուժման համար հակաբիոտիկներ ընդհանրապես անհրաժեշտ չեն։ 

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Մարիա Փաշայանի զեկույցը վերաբերում էր բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետում կենսատեխնոլոգիական կրթության ներդրմանը՝ ձեռքբերումներին, մոտեցումներին և մարտահրավերներին։ «Ֆակուլտետի կարևորագույն ձեռքբերումներից են կենսատեխնոլոգիաները, որոնք մեծ ազդեցություն ունեն ժամանակակից դեղագիտության ոլորտում, և օրեցօր աճում է մասնագետների քանակը», - ընդգծեց մասնագետը։

Ի թիվս այլ թեմաների՝ քննարկվեցին նաև դեղերի որակի գնահատման և դեղերի գրանցման չափանիշները։ 

Գիտաժողովի ավարտին արտերկրից ժամանած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։ 

Հիշեցնենք, որ Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված բժշկագիտական միջոցառումը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի տանիքի ներքո էր համախմբել 12 երկրի հայ և արտասահմանցի առաջատար մասնագետներին։