• Հայ
  • Рус
  • Eng
Անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը
Անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը
02.12.2019

Բժշկական համալսարանում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը: «Անվտանգ սեռական վարքագիծ» դասախոսությունը վարում էր ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

Սեքսոպաթոլոգը կարևորելով դասախոսության անցկացումը նշեց, որ դասախոսական նյութում ընդգրկված են բոլոր արդիական հարցերը, որոնք առնչվում են սեռական վարքագծին, հատկապես դրա անվտանգությանը:

«Շատ կարևոր է խոսել սեռական խնդիրների մասին, իհարկե, ճիշտ չափաբաժնով, ճիշտ մատուցմամբ՝ հաշվի առնելով տվյալ ազգի էթնո-մշակութային առանձնահատկությունները: Սեռական առողջության պահպանման համար անձը պետք է սեռակրթված լինի: Համացանցը մեր ամենամեծ թշնամին է, որովհետև այնտեղ հեշտությամբ կարող ենք վտանգավոր նյութերը գտնել, որոնք կարող են սեռական վարքագիծը դարձնել ավելի վտանգավոր՝ խոցելով սեռական առողջության հիմքերը»,-ասաց նա:

Խոսելով սեռական վարքագծի վտանգների, սեռավարակների մասին, Վրեժ Շահրամանյանը նշեց հիմնական ախտանշանները և հնարավոր բարդությունները՝ օգնելով հասկանալ դրանցից խուսափելու եղանակները:

«Սեռական առողջության լրջագույն թշնամիներից մեկն էլ սեռավարակներ են, որոնց հետ պայքարը պահանջում է հստակ գրագիտություն: Սեռավարակ նշանակում է սեռական ճանապարհով փոխանցվող անտեսանելի միկրոօրգանիզմ, որոնք թվով շատ են՝ 30-ից ավել»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում օրական ավելի քան 1 մլն սեռավարակի դեպք է գրանցվում:

Սեքսոպաթոլոգի խոսքով՝ սեռավարակները նաև ընթանում են առանց կլինիկական նշանների և այդ պատճառով մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի, ինչը կրկին սխալ տեղեկատվության արդյունք է:

Դասախոսության ընթացքում Վրեժ Շահրամանյանը անդրադարձավ նաև անպտղությանը, ինչպես նաև ճիշտ սննդակարգին, ներկայացրեց տեսանյութեր: