• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա բժիշկն ու զինվորական հայրը ռազմի դաշտում իրար գտել են պատահական, մարտական խնդիր կատարելիս
Ապագա բժիշկն ու զինվորական հայրը ռազմի դաշտում իրար գտել են պատահական, մարտական խնդիր կատարելիս
14.07.2021

Արման Զարմանյանը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում,  3-րդ կուրսից փոխադրվել է 4-րդ կուրս: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո նա դիմել է տարածքային զինկոմիսարիատ՝ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու նպատակով: Նրան նախ ուղարկել են «Մուրացան» կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, այնտեղից ապագա բժիշկը մեկնել է Վարդենիսի հոսպիտալ:

«Վարդենիսից ուղևորվել եմ Քարվաճառ, որտեղ արդեն ակտիվ մարտեր էին ընթանում: Վիրավորների եմ տեղափոխել Երևանի հոսպիտալ, ապա մեկնել Արցախ՝ Ստեփանակերտի հոսպիտալ: Զբաղվում էի վիրավորների տեղափոխմամբ, բուժօգնություն էի ցուցաբերում: Շատ ծանր դեպքերի ժամանակ, երբ բժիշկ չէր լինում, ավտոմեքենան ինձ էին տրամադրել, 25 վիրավորի մեկ ավտոբուսով տեղափոխել եմ Սիսիան, ապա կրկին վերադարձել Ստեփանակերտ: Շատ ժամանակ վիրավորների կյանքի ցուցումը վիրահատությունն էր, իսկ այնտեղ ժամանակն ու հնարավորությունն այնքան էլ շատ չէին: Առաջին բուժօգնությունը ցուցաբերվում էր, և վիրավորները տեղափոխվում էին Երևան»,-նշում է ապագա բժիշկը:  Արման Զարմանյանը նշում է, որ ռազմաճակատ չմեկնել չէր կարող, չէ՞, որ նրա համոզմամբ, հայրենիքը բոլորինս է, որի համար պայքարը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

 «Յուրաքանչյուր հայ տղամարդու ներքին պարտքն է հայրենիքի պաշտպանությունը: Բացի այդ, ծնվել ու դաստիարակվել եմ զինվորականի ընտանիքում: Գիտակցում էի հայրենիքի արժեքը, ինչի համար շատ հարազատներ են նվիրել իրենց կյանքը: Դա ամեն գնով պետք է պահենք: Պատերազմ մեկնելիս չեմ մտածել ոչ ուսմանս մասին, ոչ ընտանիքիս մասին: Տանը երեք տղամարդ ենք՝ ՀՀ զինված ուժերի սպա, ՀՀ պաշտպանության նախարարի մարտական գծով տեղակալ, գնդապետ հայրս՝ Գրիգոր Զարմանյանը, հայկական բանակի սպա փեսաս՝ Էդգար Զարմանյան, և ես, երեքս էլ մասնակցել ենք պատերազմին, միմյանց գտել մարտի դաշտում կամ ռադիոկապի ժամանակ մեկս մյուսի ձայնն ենք ճանաչել: Թիկունքում միայն մեր ընտանիքի մայրերը և երեխաներն էին: Վտանգավոր վայր էինք մտել՝ այնտեղից դուրս բերելու վիրավորների, կարելի է ասել՝ չեզոք գոտի, մեր զորքը նահանջելիս վիրավորներ շատ են եղել, տարհանումը դժվարացել է: Որոշեցինք ինչ գնով էլ լինի, առաջնագծից հանել վիրավորներին: Մեր վարորդն էլ չափազանց խիզախ մարդ էր: Միասին գնում էինք առանց հնարավոր վտանգը հաշվի առնելու: Ռադիոկապն ինձ մոտ էր, քանի որ բժշկական ջոկատի հրամանատարն էի: Հայրս կապ է տալիս առանց իմանալու, որ ես եմ: «Խաչին կանգնեցրե՛ք, խաչին կանգնեցրե՛ք: Խաչ պտտվի՛ր, վտանգավոր է»,-հիշում  է ապագա բժիշկը, նաև բացատրում, որ խաչ ասելով նկատի ունեին բուժանձնակազմի մեքենաները:

«Հայրս, որ տեսնում է վտանգավոր հատվածում է մեր ավտոմեքենան, կապ է տալիս՝ հրահանգելով մեքենան դուրս բերել վտանգավոր հատվածից: Ես ընդունում եմ կապը՝ ասելով, որ վիրավորին վերցնում ենք, դուրս գանք կրակակետից»,-պատմում է ապագա բժիշկը:

Պատերազմի ընթացքում վիրավորներին տարհանելիս է կայանում հայր և որդի Զարմանյանների հանդիպումը: Արման Զարմանյանը որոշել է անմիջապես մեկնել ռազմաճակատ ՝ կյանքեր փրկելու համար՝ գիտակցությամբ, որ տղաների կռիվը բոլորիս կյանքի համար է.

«Մեր անվտանգությունն էին պաշտպանում, հետևաբար, պարտավոր էինք ամեն ինչ անել նրանց համար՝ տղերքի մարտական ոգին բարձր պահելու համար: Դեպք է եղել, որ բաճկոնս տվել եմ դրա կարիքը ունեցող զինվորներից մեկին, իմ փաստաղթերն այդ հագուատիս գրպանում էի թողել, հետո, երբ բաճկոնս մարտի դաշտից գտնվում է, մեր ընտանիքին լուր է հասնում, թե ձեր որդու բաճկոնն է գտնվել, այնտեղ զոհեր են եղել, մտածում են, որ ես չկամ արդեն: Բայց մեր տնից զանգ եմ ստանում, ես պատասխանում եմ , ուրախության ձայներն եմ լսում, ուռա են գոռում, որ ողջ եմ»:

Ապագա բժիշկը եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում՝ Ջրականում, Կարմիր շուկայում, հենց այդտեղ հայտնվել թշնամու դիվերսիոն խմբի թիրախում: Պատմում է, որ թշնամին հաճախ թիրախավորում էր վիրավորներին տեղափոխող ավտոմեքենան: Պատերազմի վերջին օրերին ծառայությունն անցկացրել է նաև հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի մատույցներում: Ռազմական գործողությունների ավարտից հետո Արման Զարմանյանը մեկնել է կրկին Ստեփանակերտի հոսպիտալ՝ օգնելու վիրավորներին ու նաև բուժսարքերը տեղափոխել:

«Մինչև պատերազմը, կյանքին նայել եմ այլ հայացքով, այս պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում: Վստահությունը մարդկանց նկատմամբ բարձրացել է, ձեռք եմ բերել նոր ծանոթություններ, ընկերներ, կյանքի, զինակից մոտ ընկերներ՝ 18-60 տարեկան»,-ասում է ապագա բժիշկը:

Խոստովանում է, որ պատերազմը տվեց կյանքի մեծ գաղափար: Կատակում է ՝ծնունդով գյումրեցի է, նույն ինքը՝ թասիբով լենինականցի: Պատերազմը հստակեցրել է ապագա բժշկի մասնագիտության ընտրությունը: Որոշել դառնալ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ, որի կարիքը պատերազմի օրերին շատ-շատ էր: