• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա ստոմատոլոգը ջանք չի խնայի հանրապետության լավագույն բժիշկների շարքերը համալրելու համար
Ապագա ստոմատոլոգը ջանք չի խնայի հանրապետության լավագույն բժիշկների շարքերը համալրելու համար
02.08.2021

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սևակ Պապոյանը ևս Արցախյան վերջին պատերազմում համալրել է սպիտակ բանակի շարքը: Կամավորական աշխատանք է իրականացրել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, օգնել վիրավորներին ապաքինվել։ «Իմ խնդիրն էր լավագույնս կատարել ինձ վստահված գործը՝ ցույց տալով անհրաժեշտ բուժօգնություն վիրավոր մարտիկներին և ապահովել նրանց վերադարձը մարտի դաշտ: Ունեցել ենք մարդկային կորուստներ ևս, հերոսներ, որոնք չեն մոռացվի: Մոռանալ հերոսներին՝  ասել է, թե լուռ դատապարտվել ոչնչացման»,-նշում է Սևակը։ 

ԵՊԲՀ ուսանողի խոսքով՝   ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ բժշկի խնդիրն է բազմակողմանիորեն և արդյունավետ իրականացնել տուժածների բժշկական ապահովումը. «Միակ տարբերությունն այն է, որ պատերազմական իրավիճակում պատասխանատվության ավելի բարձր է՝  հերոսների լիակատար ապաքինումն իրականացնելու համար»,- նշում է նա՝ ավելացնելով, որ պատերազմից հետո աշխարհը փորձում է ընկալել այլ կերպ, ձգտում է անել ավելին։ «Կյանքը սնվում է սիրով: Նա ուժ է առնում մեր ժպիտից, գեղեցիկ մտքերից, հավատքից, մեր ապրելու ցանկությունից, իսկ մենք պարտավոր ենք ապրել հանուն մեր հերոսների և պիտի դառնանք նրանց նպատակների կրողը։ Հենց սա է ամենաիրական քաջությունը: Մենք սխալվելու և հուսահատվելու իրավունք չունենք»,-համոզված է ապագա բժիշկը:

Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը՝ Սևակը նշում է, որ ցանկանում է որպես նեղ մասնագիտացում ընտրել դիմածնոտային վիրաբուժությունը:

«Մարդիկ նպատակներին հասնելու համար անցնում են բարդ ուղի՝ լի վերելքներով ու վայրէջքներով: Ես ևս ունեմ երազանքներ, որոնք վաղուց նպատակներ են դարձել և գտնվում են իրագործման ճանապարհին: Դիմածնոտային վիրաբուժությունը դարձել է ապագայի, ինչու չէ նաև ներկայիս բժշկության ամենաարագ զարգացող ու նոր հնարավորություններ ստեղծող բնագավառներից մեկը: Ես համոզված եմ, որ տարիներ շարունակ գիտելիքների պաշար հավաքելով ու թրծվելով, տարբեր իրավիճակներում ես էլ կլրացնեմ մեր հանրապետության լավագույն բժիշկների շարքերը: Մեր երկիրը զարգացման ուղի է անցնում, և չկա է՛լ ավելի լավ զարգացում, եթե ոչ տվյալ երկրի ներսում բանիմաց ու լավ մասնագետներ պատրաստումը: Ես իմ ապագան տեսնում եմ նորարարական ու մեծ պոտենցիալ ունեցող կլինիկայում, որը մեկը կլինի այն բազմաթիվներից, որոնք կբացվեն ու կծաղկեն մեր սերնդի ջանքերով»,-նշում է Սևակը:

ԵՊԲՀ ուսանողը համոզված է, որ բժշկի համար առաջնային հատկանիշներից են՝ համբերատարությունն ու պատասխանատվությունը։ «Բժիշկը պետք է ուշադիր և նրբազգաց լինի: Անուշադիր բժշկին հիվանդը չի հավատա, իսկ բժշկի ամեն մի անզգույշ խոսք կարող է այնպես վախեցնել հիվանդին, որ նա կկորցնի առողջանալու իր հավատն ու հույսը: Կարևոր է շարունակ ընդլայնել գիտելիքները, որպեսզի կարողանանք կիրառել բուժման ժամանակակից եղանակներն ու օգտագործել բժշկագիտության նորագույն հայտնագործությունները»։

Սևակը Պապոյանը 2015 թվականից մինչև օրս Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնագիտական խորհրդի անդամ է, 2021թ-ից ԵՊԲՀ Գիտական խորհրդի անդամ: Մասնակցել է միջազգային կոնֆերանսների, գիտաժողովների, սեմինարների, դասնթացների: