• Հայ
  • Рус
  • Eng
Առաջնագծի բժիշկը զինվորի կյանքի երաշխավորն է. Գոռ Ապրեսյան
Առաջնագծի բժիշկը զինվորի կյանքի երաշխավորն է. Գոռ Ապրեսյան
01.07.2021

Արցախյան վերջին պատերազմում սպիտակ բանակի մարտիկների կռիվը մահվան դեմ էր: Պատերազմի մասին լուրը ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի 1-ին կուրսի օրդինատոր Գոռ Ապրեսյանին բերեց Արցախ՝ առաջնագծի այն նույն զորամաս, որտեղ որպես բուժծառայության պետ անցել էր նրա ծառայությունը ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո:

«Երբ մոտ ես սահմանին, ամեն օր սպասում ես ինչ-որ միջադեպի, բայց այն ինչ տեղի ունեցավ, բոլորիս համար անսպասելի էր»,- նշում է ռազմական բժիշկը, որն առանց ժամանակ կորցնելու` հոկտեմբերի 1-ին, արդեն իր զինվորների, բժիշկ ընկերների կողքին էր:

Քանի որ նոր էր վերադարձել Մեխակավանից (Ջաբրայիլ) և շատ լավ տիրապետում էր տեղանքին, նախընտրեց մեկնել հենց այնտեղ` պատերազմի ամենաթեժ կետերից մեկը: Պատերազմի ընթացքում Գոռը մասնագիտական առաքելությունն իրականցրել է նաև Հադրութում և Մարտունի քաղաքում:

«Պատերազմի ողջ ընթացքում առաջնագծից, կրակային կետերից դուրս ենք բերել վիրավորներին, ինչպես նաև անմահացած մեր հերոսներին և տեղափոխել մոտակա հոսպիտալներ»,- պատմում է ապագա սրտաբանը` ավելացնելով, որ իր առջև դրված խնդիրները հաղթահարել է այն գիտակցումով, որ առաջնագծում կռվող զինվորն է, թիկունքում` ընտանիքն ու հայրենիքը:

«Բժիշկներն առանց վարանելու կատարում էին իրենց պարտքը: Հակառակն անելու իրավունք չունեինք. սահմանին հազարավոր զինվորների, սպաների, կռվող մարտիկների հույսը մենք էինք, որ եթե վիրավորվեն, իրենց կյանքի երաշխավորը, փրկողը բժիշկն է: Անհնար էր դավաճանել այդ մարդկանց»,- ընդգծում է նա` խոստովանելով, որ այդ ամենը ծանր էր թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, հատկապես, այն պահերին, երբ սահմանից կանչում էին «խաչը»` շտապօգնության մեքենան:

Պատերազմում ռազմական բժշկի համար ամենածանրը համակուրսեցիների՝ մերօրյա հերոսներ Արամայիս Հայրապետյանի և Հարություն Չոբանյանի զոհվելու մասին լուրն է:

«Նրանց կորուստն ամբուժելի ու չամոքվող վերք է մեր սրտերում ու հոգիներում: Մենք կուրսընկերներով մի ընտանիք էինք` նվիրված մեկս մյուսին: Հարութը նաև կնոջս եղբայրն է: Մեր ընկերությունը հարաճել էր հարազատության»,- նշում է Գոռը:

Պատերազմի մասնակից բժիշկը պատմում է, որ ռազմաճակատ մեկնելը եղել է իր կյանքի ամենակշռադատված և ճիշտ որոշումը, և եթե կարիք լինի, անկախ ելքից ու հետևանքներից, կվարվի նույն կերպ: «Հերոս են այն տղաները, որոնք գնացել են մինչև վերջ ու անմահացել հանուն հայրենիքի: Մարդկանց ուշադրությունը, հոգատարությունը և աջակցությունը պետք է ամբողջությամբ ուղղվի զոված տղաների ընտանիքներին»,- շեշտում է կրկնակի երդման ներքո ծառյող սպիտակ բանակի բժիշկը:

Գոռի կարծիքով` բժշկի մասնագիտությունն ընտրում են նրանք, որոնք մանկուց են երազում այդ մասին: «Դեռ փոքր տարիքում սերը բժշկի մասնագիտության հանդեպ, համակրանքը՝ դեպի Արցախյան հերոսամարտի մարտիկները և զինվորական համազգեստը, թույլ տվեց այդ երկուսը մեկտեղելով ընտրել ռազմական բժշկի ուղին»,- նշում է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, սրտաբանության ամբիոնի կլինիկական օրինատուրայի 1-ին կուրսի սովորող Գոռ Ապրեսյանը, ում պատերազմը սովորեցրել է գնահատել ժամանակը, այն ավելի շատ տրամադրել ընտանիքին, որդուն: «Ես շատ եմ փոխվել... Սովորեցի, որ անկախ մեծ սիրո և կարոտի, պետք է կատարել քեզ վստահված աշխատանքը: Սովորեցի, որ ոչ մի պարագայում չպետք է հանձնվել: Մեր վերքերը դեռ թաց են և դժվար էլ, սպիանան...»,- եզրափակում է նա` հավելով, որ ապագայի ծրագրերը չեն փոխվել` ապրել ու նվիրվել ընտանիքին, հավատարիմ մնալ զինվորական բժշկի կոչմանը: