• Հայ
  • Рус
  • Eng
Արդյունքները տպավորիչ են, կատարվելիք աշխատանքը՝ ահռելի. Գևորգ Թամամյան
Արդյունքները տպավորիչ են, կատարվելիք աշխատանքը՝ ահռելի. Գևորգ Թամամյան
15.02.2021

Փետրվարի 15-ի՝ Քաղցկեղ ունեցող երեխաների միջազգային օրվա շրջանակում ոլորտի պատասխանատուներն ամփոփում են հիվանդության դեմ պայքարում գրանցած հաջողությունները: Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, ռեկտորի խորհրդական, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի հետ: Երիտասարդ բժիշկ-գիտնականը մասնագիտական գործունեության գերակշիռ մասը նվիրել է քաղցկեղ ունեցող երեխաների ապաքինման գործին: 

-Պարոն Թամամյան, Դուք՝ որպես Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ինչպե՞ս կգնահատեք կատարված աշխատանքը, որո՞նք են ոլորտի հիմանական անելիքներն ու խնդիրները:

-Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80–100 նոր դեպք: Տարածվածությամբ առաջին տեղը զբաղեցնում են լեյկեմիաները, այնուհետև՝ գլխուղեղի ուռուցքները, լիմֆոմաները, ոսկրային ուռուցքները, նեյրոբլաստոման և այլն:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում այսօր առողջանում է քաղցկեղով հիվանդ երեխաների 80%-ը, այսինքն՝ 5 հիվանդից 4-ն առողջանում է, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջանում է երեխաների միջինում 20%-ը, այսինքն՝ 5 հիվանդից 1-ը: Հայաստանը, լինելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների շարքում, մանկական ուռուցքաբանության տվյալներով մոտ է զարգացած երկրներին: Ըստ մեր արդյունքների՝ Հայաստանում առողջանում է քաղցկեղով հիվանդ երեխաների 70–75%-ը: Սա, առաջին հերթին, մեր ուսուցիչների՝ ավագ սերնդի տասնամյակների կատարած աշխատանքի և բարեգործական հիմնադրամների աջակցության արդյունք է: Իհարկե, կարծում եմ՝ մեր երկրի համար, որտեղ ոլորտը մշտապես գտնվել և գտնվում է թերֆինանսավորման և սուղ պայմաններում, արդյունքները տպավորիչ են, սակայն դեռևս ահռելի աշխատանք կա կատարելու: Մենք երբեք չպետք է կանգ առնենք որևէ ձեռքբերման վրա, քանի որ միշտ առաջ շարժվելու տեղ կա, և ամեն հաջորդ ձեռքբերում նպաստում է նոր կյանքերի փրկությանը:

Վերջին տարիների հաջողությունների մասին խոսելիս կուզեմ նշել Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի կազմավորումը, որն արդյունք էր Հայաստանում գործող բոլոր մանկական արյունաբանական և ուռուցքաբանական բաժանմունքների միավորման և որի շնորհիվ հնարավոր եղավ ուժերը համատեղել՝ է՛լ ավելի արդյունավետ աշխատելով: Մինչ այդ գործում էին երեք բաժիններ՝ Արյունաբանական կենտրոնում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում: 2019թ. կայացվեց ռազմավարական նշանակության որոշում՝ Արյունաբանական կենտրոնի բազայի վրա, որը վերանորոգվել էր 2016թ., միավորել այդ բոլոր բաժանմունքները:

Մյուս կարևոր իրադարձությունը ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի ստեղծումն էր, որի շնորհիվ մենք առաջին անգամ կարողացանք Հայաստանում մանկական ուռուցքաբան-արյունաբան մասնագետներ պատրաստել: Պետք է նաև նշել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի աջակցությամբ մանկական քաղցկեղի տարբեր տեսակների համար աշխատանքային խմբերի ձևավորումը, որի շրջանակում ադապտացվեցին 20 հիվանդության գծով գործելակարգեր և ուղեցույցեր,  ինչպես նաև հեռաբժշկության միջոցով արտասահմանի հայտնի մասնագետների հետ բոլոր դեպքերի քննարկումը:  «Առողջության կամուրջ» հիմնադրամի աջակցությամբ մանկական քաղցկեղի ռեգիստրի ստեղծումը և վերջին 25 տարվա տվյալների թվայնացումը, որը դեռևս շարունակվում է,  բժիշկների և բուժքույրերի շարունակական վերապատրաստումներն արտասահմանի լավագույն կենտրոններում,  2018 թ-ից սկսած ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիայի իրականացումը, իսկ շուտով, հուսով ենք, կկարողանանք անել նաև ալոգեն տրանսպլանտացիա, բարձր դեղաչափով մետոտրեքսատի ներարկումների իրականացումը, հոգեսոցիալական թիմի ակտիվ աշխատանքը: Շուտով նաև կսկսի գործել Հայաստանում մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ կենտրոնը, որը կառուցվել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ջանքերով և արտերկրի լավագույն մասնագետների խորհրդատվությամբ:

2019թ. Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնն առաջինն էր աշխարհում, որ անդամակցեց աշխարհահռչակ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի կողմից ձևավորվող Սուրբ Հուդայի համաշխարհային ալյանսին, որին արդեն իսկ անդամակցում են 50-ից ավելի երկրներ: Այս համագործակցության արդյունքում կենտրոնն ակտիվորեն ներգրավված է ալյանսի աշխատանքներին, և դա, միանշանակ, իր ազդեցությունն է թողնելու նաև մեր երկրում զարգացումների վրա:

Եվ, իհարկե, չեմ կարող չնշել կարևորագույնը՝ բժշկական անձնակազմի, բարեգործական հիմնադրամների և պետության համագործակցության արդյունքում բոլոր երեխաների ախտորոշումը և բուժումը Հայաստանում կատարվում է լիովին անվճար: Մինչ այս պահը առյուծի բաժինն ընկնում էր բարեգործական հիմնադրամների վրա, վերջին տարիներին այդ բեռի մեծ մասը կրում էր «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը, բայց, հուսով եմ, մոտ ապագայում պետությունն իր վրա կվերցնի այդ պարտականությունը: 

-2019 թվականին ձևավորվեց ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնը: Ի՞նչ  աշխատանքեր է հասցրել իրականացնել Ձեր ղեկավարությամբ գործող թիմը, որո՞նք են առաջնահերթությունները:

-Ինչպես նշեցի, սա կարևոր իրադարձություն էր, որովհետև մենք առաջին անգամ կարողացանք Հայաստանում «մանկական ուռուցքաբան-արյունաբան» մասնագիտությամբ կադրեր կրթել: Ամբիոնում հավաքվեց փորձառու մասնագետներից կազմված թիմ, որը, կարծում եմ, շատ լավ արդյունքներ գրանցեց այս կարճ ժամանակահատվածում: Նախ, կրթական ծրագիրը վերցվեց և ադապտացվեց աշխարհի լավագույն համալսարանների կրթական ծրագրերին, դրվեցին համանման չափորոշիչներ, որ մեր մասնագետները բավարարեն նույն պահանջներին, ինչ այդ համալսարաններում է: Ստեղծվեց կլինիկական օրդինատուրայի 3 ծրագիր՝ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության, արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի:

Որպես պարտադիր պայման՝ նշվեց գիտահետազոտական բաղադրիչը, այսինքն՝ կլինիկական օրդինատորները պարտավոր են օրդինատուրայի ընթացքում կատարել նաև գիտական աշխատանք և տպագրվել միջազգային հայտնի ամսագրերում: Ինչպես նաև որպես պահանջ դրվեց օտար լեզուների իմացությունը, ինչը շատ կարևոր է ժամանակին համընթաց քայլող մասնագետ դառնալու համար:

Այս ամենի արդյունքում մեր ամբիոնն ընտրեցին բժշկականի լավագույն ուսանողները: Այս պահին ունենք 16 կլինիկական օրդինատոր, որոնցից 10-ը՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան մասնագիտացմամբ, ընդ որում՝ 1-ը Ռուսաստանի Դաշնությունից է, 4-ը՝ տրանսֆուզիոլոգիա, և 2-ը՝ մեծահասակների արյունաբանություն:

Հենց առաջին օրվանից օրդինատորներն ակտիվորեն ներգրավվեցին կլինիկական աշխատանքներում, ունեն իրենց պացիենտները, մինչև ուշ երեկո կլինիկայում են, այսինքն՝ դարձել են ակտիվ կլինիցիստներ: Նրանք նաև կատարում են գիտական աշխատանքներ, և միայն առաջին տարվա ընթացքում համաշխարհային գիտական կոնգրեսներին ուղարկվել և ընդունվել է 35 գիտական թեզիս: Համոզված կարող եմ ասել, որ լուրջ ձեռքբերում է: Նրանցից ոմանք արդեն հասցրել են տպագրվել հայտնի միջազգային գիտական ամսագրերում, ոմանք արդեն վերապատրաստվել կամ վերապատրաստվում են աշխարհի լավագույն կլինիկաներում՝ Ֆրանսիա, Իտալիա, Հնդկաստան, և այս առաջընթացը, միանշանակ, շարունակվելու է: 

-Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ է մեծացել սովորողների հետաքրքրությունը մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտության նկատմամբ:

-Գիտեք, մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը թե՛ հոգեբանական, և թե՛ մասնագիտական տեսանկյունից, բավականին ծանր աշխատանք է: Երբ որևէ մեկը լսում է մեր մասնագիտության անունը, նույնիսկ բժիշկները, առաջին հարցը, որ տալիս են՝ ինչպե՞ս եք կարողանում աշխատել:

Այնպիսի դժվար մասնագիտության համար, ինչպիսին է ուռուցքաբանություն-արյունաբանությունը, կարող եմ փաստել, որ կադրային հարցը, ինչը տասնամյակներ շարունակ լուրջ խնդիր էր, գրեթե լուծված է: Առանց ավելորդ համեստության նշեմ, որ այսօր մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը հայկական բժշկության առաջատար ճյուղերից է, և մեր մասնագետներն ապագայում է՛լ ավելի տեսանելի արդյունքներ կգրանցեն:

-Հաշվի առնելով, որ մեր լսարանի  գերակշիռ մասն ապագա բժիշկներ են, ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, որոնք, ոգեշնչվելով նաև Ձեր օրինակով, կցանկանան ապագայում մասնագիտանալ այս ոլորտում, ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ մանկական ուռուցքաբանին:

-Խորհուրդ եմ տալիս նեղ մասնագիտացումն ընտրել միայն սիրելով: Հակառակ պարագայում շատ դժվար կլինի: Մենք հիանալի ուսանողություն ունենք, և դա միայն իմ կարծիքը չէ: Աշխարհի տարբեր երկրներից եկած մասնագետներ, երբ հանդիպում են նրանց հետ, միայն հիացմունքով են խոսում: Կցանկանամ, որ անպայման օտար լեզուներ սովորեն, որովհետև բժշկությունն ու գիտությունը լոկալ չեն: Թող ձգտեն լավագույնին, փորձեն վերապատրաստվել աշխարհի լավագույն կենտրոններում, անպայման վերադառնան և ներդնեն ձեռք բերված գիտելիքները մեր երկրում:

Մանկական ուռուցքաբան-արյունաբան, մեծահասակների արյունաբան կամ տրանսֆուզիոլոգ դառնալ ցանկացողներին, որոնք կբավարարեն պայմաններին, ուրախ կլինենք ընդունել մեր ամբիոն և աջակցել առավելագույնս մասնագիտանալու հարցում: Ցանկանում եմ, որ ուսանողներն ուշադրություն դարձնեն նաև մեծահասակների արյունաբանություն և տրանսֆուզիոլոգիայի մասնագիտություններին: Դրանք ևս արագ զարգացում են ապրում: Այսօր մեր երկրում այդ մասնագիտություններով պահանջը մեծ է, և այդ ուղղություններով կան բազմաթիվ միջազգային ծրագրեր: