• Հայ
  • Рус
  • Eng
Արմեն Մուրադյանն ընդունել է ստոմատոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներին
Արմեն Մուրադյանն ընդունել է ստոմատոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներին
18.10.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է բուհի պատվավոր դոկտոր, Նյու-Յորքի համալսարանի վիրաբուժական և վերականգնողական ստոմատոլոգիայի գծով կլինիկական հայազգի պրոֆեսոր Բեդրոս Յավրու Սակուկին։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված միջազգային վեհաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մասնագետների հետ հանդիպմանը Արմեն Մուրադյանը, ներկայացնելով բժշկական բուհը, նշեց․ «Սա մի համալսարան է, որտեղ սովորում է 2000-ից ավելի օտարերկրացի ուսանող 33 երկրից։ Մեզ համար կարևոր է փաստել, որ բժշկական համալսարանը միջազգային հարթակ է։ Մեր շրջանավարտներն աշխատում են աշխարհի ավելի քան 40 երկրում»։

Ռեկտորի խոսքով՝  համալսարանի առաքելությունն է նպաստել, որպեսզի ուսանողները գերազանցեն իրենց դասախոսներին։

«Մենք ուզում ենք իրական ազդեցություն ունենալ, ոչ թե ուղղակի տպավորություն գործել։ Շատ քչերը կարող են իրենց թույլ տալ այդպիսի ազդեցություն ունենալ, օրինակ լինել: Հիրավի, համալսարանական բժիշկները դա կարող են անել», - ընդգծեց Արմեն Մուրադյանը։

Բեդրոս Յավրու Սակուկը նշեց, որ առաջին անգամ Հայաստան էր ժամանել 34 տարի առաջ, իսկ սա իր 48-րդ այցն էր մեր երկիր։

Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի (FDI) նախկին նախագահ և Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի (ADI) նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Գերհարդ Կոնրադ Սիբերգերը կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսային համավարակը բժիշկների թշնամիներից միայն մեկն է, մյուսը մարդկային ծուլությունն է։

«ԵՊԲՀ-ն յուրահատուկ կրթական հաստատություն է, որտեղ մենք կարող ենք զարգացնել մարդկային համընդհանուր առողջապահական նախագծերը», - ավելացրեց մասնագետը։