• Հայ
  • Рус
  • Eng
Բժիշկ դառնալու գործընթացն անվերջանալի է. Կարեն Գրիգորյան
Բժիշկ դառնալու գործընթացն անվերջանալի է. Կարեն Գրիգորյան
16.02.2021

Ինչպես ընդունված է բժշկական աշխարհում, Կարեն Գրիգորյանի դեպքում էլ  բժշկի մասնագիտությունն իրեն փոխանցվել է ժառանգաբար: Պապը, ծնողները, հարազատների մեծ մասը բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչներ են: Տասնամյակների փորձ ունեցող ստոմատոլոգ-իմպլանտոլոգին քաջ ծանոթ է եղել բժշկի ծանր աշխատանքի նրբությունները, հերթապահությունները, հիվանդի առողջական վիճակով պայմանավորված տրամադրության փոփոխությունները:

«Դատապարտված էի բժիշկ դառնալ: Մասնագիտությունն ընտրել եմ ծնողներիս հորդորով, խորհրդով և պահանջով»,- ժպիտով նշում է «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և էսթետիկ կոսմետոլոգիայի բժշկական կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Ժպիտն, առհասարակ, նրա գործունեության մեջ կարևոր դեր ունի: Տարիների աշխատանքի ընթացքում նա հարյուրավոր պացիենտների է վերադարձրել առողջ ու գեղեցիկ ժպիտներ: Իսկ ատամների գեղեցկությունը կամ դրան վերաբերող մասնագիտական խորհուրդները շատ քննարկված են, այստեղ կարևոր է ժառանգականությունը, կծվածքը, լավ ստոմատոլոգ ունենալը, սննդակարգը:

Տարիների հեռվից Կարեն Գրիգորյանը խոստովանում է, որ բժշկական համալսարանում սովորելու 1-ին, 2-րդ կուսում դեռ չէր  բացահայտել իր ընտրած մասնագիտության ողջ հմայքը: Արդեն 3-րդ կուրսում սկսեց սիրել մասնագիտությունը:

Պրպտուն միտքը՝ հետագա մասնագիտացման մեկնակետ

Պատմում է, որ դեռևս դպրոցական տարիքից նա եղել է պրպտող, փնտրող ինչպես ինքն է ասում «պաթոլոգիական» աստիճանի: Հատկապես բնության գրկում որևէ գեղեցիկ քար կամ հետաքրքիր ծառի ճյուղ նրան անտարբեր չէին թողնում:

Հետևել է խորհրդային տարիներին մեծ ճանաչում վայելող  «Наука и жизнь» գիտահանրամատչելի ամսագրի նորություններին, հրատարակության էջերի միջոցով ծանոթացել գիտության ձեռքբերումներին: Հենց այստեղ է առաջին անգամ ընթերցել ատամնային իմպլանտացիայի մասին, սակայն  ստոմատոլոգիայի, բժշկագիտության ոլորտի ինչ-որ մի հեռավոր երկրում կատարած  նորարարության հասնելիության մասին խոսելն ու անգամ պատկերացնելն այդ տարիներին, գրեթե, անհնար էր:

Ընդգծում է, որ իր մասնագիտացման մեջ իրեն մշտապես հետաքրքրել է ինժեներական, «կոնստրուկտորական», ոչ թե բջջաբանական, քիմիական կողմը: 

Կենսագրական տվյալներ

Կարեն Գրիգորյանը բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո  1994-1995 թթ. ինտերնատուրա է անցել Հանրապետական ստոմատոլոգիական  կենտրոնում: 1995-1998 թթ. օրդինատուրան անցել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտում:

Առաջինն է եղել, ով Հայաստանում հեղինակել և մշակել է «Ատամնային իմպլանտատների հայկական համակարգը»:

1998 թ.  նշանակվել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան  ազգային  ինստիտուտի  վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ: 2001 թ. պաշտպանել է ատենախոսական թեզը «Նոր կառուցվածքի  իմպլանտատների ներտունկի  կիրառումը   ժամանակակից ստոմատոլոգիայում» թեմայով, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուական աստիճան: 2002 թ. հիմնել է «Ավանտա»  նորագույն ստոմատոլոգիայի կենտրոնը, որը 2004 թվականից  ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կլինիկական կենտրոն է: 2003-2007 թթ. աշխատել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան  Առողջապահության Ազգային ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան: 2003-2005 թթ. գլխավորել է Հայկական բժշկական ինստիտուտի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը: 2003- 2010 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգի պաշտոնը: 2012 թ. հիմնել է և ընտրվել է իմպլանտալոգիայի Հայկական Ասոցիացիայի առաջին նախագահ:2015 թ.-ից  ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգն էր: 100-ից ավելի վերապատրաստումներ է անցել արտերկրում: Ունի 16 գյուտի արտոնագրեր իմպլանտոլոգիայի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ոլորտում` կատարած հայտնագործությունների համար, ինչպես նաև հեղինակ է ավելի քան 50 գիտական հոդվածների: Համարվում է Օստեոինտեգրացիայի Եվրոպական ստոմատոլոգների ասոցացիայի իրական լիիրավ անդամ: Աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած գերմանական իմպլանտոլոգիական հայտնի «Իմ Պլազա» ընկերության գիտական խորհրդատուն և փորձագետն է: 

Հայաստանը՝ բժշկական տուրիզմի կենտրոն

Իր անցած ուղին ներկայացնելիս բժիշկը նշում է, որ դեռևս 1990-ականներին,  ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան Աոողջապահության Ազգային ինստիտուտում, օրդինատուրան ավարտելուց հետո, երբ իրեն վստահվեց բժիշկների համար  ատամնային իմպլանտացիայի մասին թեմատիկ նյութեր ներկայացնելը, լսարանում ներկա փորձառու մասնագետների մեծ մասը քննադատում էր և միանշանակ չէր ընդունում տարիներ անց սրընթաց զարգացում ապրող այս ոլորտի հնարավորությունները: Այդ բժիշկների կարծիքով՝ բիոլոգիական տեսակետից իմպլանտատները չէին կարող կենսական լինել, մինչդեռ իմպլանտացիայի զարգացումը մեր երկրում և աշխարհում բոլորովին այլ բան վկայեց: Հիշում է, որ հենց ամբիոնական աշխատանքի ընթացքում ավագ գործընկերներից մեկը, որը թերապևտ էր, իրեն սովորեցրեց ատամները դիտարկել բազմակողմանի՝ «չորս կողմից»:

Ատամնային իմպլանտացիայի առաջին փորձը մեր երկրում կատարվել է 1986 թվականին Արտաշատում, մինչդեռ տարբեր հանգամանքներից, նյութատեխնիկական հնարավորությունների պակասից ելնելով՝ այդ նորարարությունն անհաջողությամբ է պսակվել:

Արդեն 90-ականների կեսերին, Կարեն Գրիգորյանը դարձավ մեր երկրում ատամնային իմպլանտատների համակարգում առաջին կլինիկական և կիրառական փորձի ներդրողներից մեկը:

Տարիների համառ աշխատանքը տվեց իր արդյունքը:  Բժիշկն ու իր թիմն այսօր առաջատարներից են ոչ միայն Հայաստանում: Գաղտնիք չէ, որ հատկապես ստոմատոլոգիական ծառայությունների հասանելիությունը, և ինչու ոչ նաև որակը գրավիչ է, ինչպես  արտերկրում ապրող մեր հայրենակիցների, այնպես էլ օտարերկրացիների համար:

Ժամանակի ընթացքում  մեր երկիրը ևս բժշկական տուրիզմի քարտեզում իր արժանի տեղն էր զբաղեցրել, սակայն նախորդ տարվա սկզբին մեկնարկած համավարակն այս ուղղությամբ տարվող աշխատանքները հետաձգեց:

Կարեն Գրիգորյանի խոսքով՝ նախքան համավարակն իրենք ունեցել են պացիենտներ, որոնք,  շատ բան չիմանալով Հայաստանի մասին, ընտրել են մեր երկիրը բժշկական տուրիզմի քարտեզում և, որպես որակյալ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող վայր, վստահել ատամների բուժումը տեղի մասնագետներին:

Նա շեշտում է, որ նպատակ ունեն, որպեսզի օտարերկրացիները մատուցվող ոչ միայն ստոմատոլոգիական ծառայություններին ծանոթանան, այլև ճանաչեն մեր երկրի հարուստ պատմությունն ու մշակույթը, նաև այս գաղափարախոսությունն է ընկած բժշկական տուրիզմի հիմքում: ԱՊՀ, Ավստրալիա, ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Չինաստան. տարբեր երկրներից ժամանող պացիենտների երկրների աշխահագրությունը լայն էր:

Որպես մասնագիտացում ընտրեք այն ոլորտը, ինչի նկատմամբ անտարբեր չեք

Աշխատելով կլինիկական օրդինատորների հետ հարուստ փորձ ունեցող ստոմատոլոգ-իմպլանտոլոգը փաստում է, որ մեծ է երիտասարդների հետաքրքրությունն իմպլանտոլոգիայի նկատմամբ:

«Բժիշկ դառնալու գործընթացն անվերջանալի է»,- նկատում է նա՝ հավելելով, որ  բժշկի մասնագիտությունը ենթադրում է ինքնակրթության և մասնագիտական շարունակական կրթության անվերջանալի ուղի: Նա համոզված է, որ անկախ ստացած կրթությունից, եթե մասնագետն ամեն օր չթարմացնի գիտելիքները,  չառերեսվի ամենօրյա խնդիրների հետ, չփնտրի ելքեր, ապա չի կարող ապահովել մասնագիտական աճ:

Նա գտնում է, որ յուրաքանչյուր զբաղվածության հիմքում էլ սերն է դեպի այն գործը, որը կատարում ես:  Ապագա բժիշկներին նա հորդորում է որպես մասնագիտացում ընտրել այն ոլորտը, որի հանդեպ անտարբեր չեն:

Բժիշկները բոլոր ժամանակներում հասարակության բազմակողմանի զարգացած, տարբեր հետաքրքրություններ ունեցող ներկայացուցիչներն են եղել:

Կարեն Գրիգորյանը ևս բացառություն չէ: Շնորհակալ է ծնողներին, որ վաղ դպրոցական հասակից կիթառի դասերի է հաճախել, այնուհետև նա ներգրավվել է էստրադային խմբերից մեկի կազմում որպես սոլո կիթառահար: Սերը դեպի երաժշտությունը, կիթառը նրա մոտ մանկուց են ձևավորվել: Աշխատասենյակում էլ կիթառը  «դեկորատիվ» չէ, այլ նրա՝ ինչպես ինքն է բնորոշում, անդավաճան ընկերը:

Յուրաքանչյուր ԵՊԲՀ շրջանավարտի համար բժշկական մայր բուհի 100-ամյա հոբելյանը խոսուն տարեթիվ է: Հոգաբարձուների խորհրդի անդամն ընդգծում է, որ մայր բուհն ապագա բժիշկների հետագա ճանապարհի սկիզբն է: Նա առանձնակի կարևորում է շրջանավարտների հետ կապը, որպեսզի հաջողությունների հասած մասնագետները կարողանան առավել նպաստել իրենց բուհի առաջընթացին:

 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի անձնական արխիվից