• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկի մասնագիտությունը՝ մարդասիրական առաքելություն
Բժշկի մասնագիտությունը՝ մարդասիրական առաքելություն
17.08.2021

Արմեն Հարությունյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում էր սովորում, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Ապագա բժիշկը մասնակցել է Ջրականի ռազմական գործողություններին: Իրականացրել է նաև բուժակի աշխատանք: «Մեկ բուժակը քիչ էր, ես երկրորդ կուրս էի, բայց բժշկությունից հասցրել էի որոշ բաներ սովորել: Վերցրել էի բժշկական որոշ պարագաներ՝ բինտ, բամբակ, լարան»,-նշում է ուսանողը:

Արմեն Հարությունյանը, որը, որպես հետախույզ, ժամկետային զինծառայությունն անցկացրել է Արցախում՝ Ասկերանում, պատերազմի ամենաթեժ պահին Ջրականի տաբեր վայրերում մասնակցել է հետախուզական գործողությունների:

«Պետք էր սառնասիրտ լինել, հաղթահարել հոգեբանական խնդիրները՝ զինակիցներիդ օգնելու համար: Առջևում հակառակորդն էր, օդում՝ ԱԹՍ-ները. իրականացնում էինք մեր առջև դրված խնդիրը, անհրաժեշտության դեպքում օգնում՝ վիրավորներին: Մեկին ժգուտ եմ դրել՝ կանգնեցրել արյունահոսությունը, մյուսին ցավազրկող տվել: Ցավոք, եղան դեպքեր, երբ հնարավոր չեղավ փրկել հերոս տղաների՝ ստացած վնասվածքների՝ կյանքի հետ համատողելի չլինելու պատճառով»,-վերհիշում է ապագա բժիշկը:

Պատերազմի օրերին Արցախում գտնվել է երկու ամիս: Արցախից վերադառնալիս տեղեկացել է համակուրսեցու՝ Արսենի զոհվելու մասին լուրը: Նա Արցախից էր: Միասին պարապել, միասին ընդունվել ենք բժշկական համալսարան, միասին էլ սովորում էինք»,-պատերազմական անցկացրած ծանր օրերի մասին պատմում է ապագա բժիշկը՝ ավելացնելով, որ իր համար շոկային էր նաև մյուս ընկերոջ՝ Գրիգոր Թագվորյանի զոհվելու լուրը:

Արմեն Հարությունյանը խոստովանում է, որ փոքրուց է որոշել բժիշկ դառնալ՝ այս մասնագիտությունը համարելով մարդասիրական առաքելություն: «Եթե կարող ես օգնել մարդկանց, ունես համապատասխան գիտելիքներ, որոնք կարող ես մարդկանց առողջության համար ներդնել, պարտավոր ես անել: Փոխադրվել եմ 3-րդ կուրս, դեռ հստակ չեմ որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կընտրեմ նյարդավիրաբույժի մասնագիտացումը»,-ընդգծում է սովորողը:

Պատերազմը շատ բան է փոխել նրա կյանքում: Ամրապնդվել է բժիշկ դառնալու վճռականությունը: «Հասկացա, որ մասնագիտության ընտրության հարցում ճիշտ որոշում եմ կայացրել: Առաջին օգնություն ցուցաբերելով՝ կարողացել եմ փրկել կյանքեր, մինչև կհասներ շտապօգնության ավտոմեքենան» ,-ասում է Արմեն Հարությունյանը:

Նա ծնունդով Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից է: Ապագա բժշկի խոսքով՝ պատերազմի ժամանակ փրկվել է մահից. թշնամու արկերն ընկել է մի քանի մետր հեռավորության վրա, Աստծո շնորհիվ միայն՝ հրաշքով չեն զոհվել: «Այդ օրերին միայն մեկ բան էի մտածում, մեռնելու ժամանակը չէ, դեռ շատ գործ կա անելու, միայն, թե խաղաղություն լինի»,- եզրափակում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը: