• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկագիտությունը պահանջում է պատրաստ լինել մարտահրավերներին. ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր
Բժշկագիտությունը պահանջում է պատրաստ լինել մարտահրավերներին. ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր
26.08.2021

Միացյալ Նահանգներում հետազոտությունների բնագավառում մեծ հեղինակություն վայելող Ջոնս Հոփքինսի համալսարանի ուրոլոգիական ուռուցքաբանության Sibley Memorial հիվանդանոցի տնօրեն, Ուրոլոգիայի ասիստենտ պրոֆեսոր Արմինե Սմիթը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր է։ Մեր հայրենակցուհու, առաջատար մասնագետի, ԱՄՆ-ում նշանակալի ձեռքբերումներ գրանցած մասնագետի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ինչպես նաև կայացման ճանապարհին հանդիպած մարտահրավերների և առավելությունների մասին։ 

- Սկսենք բժիշկ դառնալու Ձեր որոշումից: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:

Ինձ միշտ դուր է եկել ուրիշներին օգնելը և նրանց խնդիրները լուծելը, բայց մասնագիտության ընտրությունը ես վերագրում եմ քրոջս: Երբ փոքր էի, նա բժշկական դպրոց էր հաճախում, իսկ ինձ միշտ շատ էին գրավում նրա բժշկական գրքերը: Երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, ես գնացի նրա հետքերով և երբևէ չեմ զղջացել իմ որոշման համար:

- Ինչպիսի՞ դժվարությունների է բախվում բժիշկն իր գործունեության ընթացքում:

Ամենամեծ խնդիրն աշխատանքից ամբողջովին դուրս լինելու անկարողությունն է: Ես ստանում և պատասխանում եմ զանգերին ու նամակներին օրվա բոլոր ժամերին, ինչպես նաև հանգստյան օրերին, ինչը խլում է ընտանիքի հետ անցկացրած իմ ժամանակը:

- Ի՞նչ առավելություններից է օգտվում բժիշկը:

Որպես բժիշկներ՝ մեր առավելությունը մեզ վստահված մարդկային կյանքերն են, և չկա ուրիշ ոչինչ, որ համեմատելի լինի այս զգացողության հետ: Լսել, թե ինչպես են հիվանդները վստահում ինձ, և փորձել լուծել նրանց խնդիրները` նրանց կյանքը բարելավելու և երկարացնելու ջանքերով, ինձ մեծ գոհունակություն է պատճառում:

- Մի փոքր պատմե՛ք Ձեր կարիերայի մասին:

Իմ կարիերայի սանդուղքը մի փոքր խճճված է, քանի որ սկսել եմ բժշկական ուսուցումը Հայաստանում, այնուհետև տեղափոխվեցի ԱՄՆ, որտեղից զրոյից պետք է սկսեի ամեն ինչ: Գնացի անգլերենի ուսուցման դպրոց, այնուհետև համայնքային քոլեջ, ապա՝ համալսարան, իսկ հետո, ի վերջո, բժշկական դպրոց և ուրոլոգիայի գծով օրդինատուրա: Դրանից հետո ես արժանացա եռամյա կրթաթոշակի ուրոլոգիական ուռուցքաբանության ոլորտում և, ի վերջո, հաստատվեցի Ջոնս Հոփքինսի համալսարանում: 

- Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:

Ցավոք, հանգստանալու ժամանակս սակավ է, բայց ինձ հաջողվում է օգտագործել այս ժամանակը վազելու և մարտարվեստով զբաղվելու համար: Խոհարարությունը նույնպես իմ նախասիրությունների շարքում է:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Ամուսնացած եմ, ունեմ դեռահաս աղջիկ: Ես և ամուսինս ամեն կերպ փորձում ենք հանգստյան օրերն անցկացնել ընտանեկան միջավայրում։ Ձմռանը գնում ենք դահուկներով սահելու, իսկ ամռանը սովորաբար բացօթյա սպորտաձևերով ենք զբաղվում, քայլում և լողում: 

- Հայրենիքի հետ կապված ի՞նչն եք կարոտում։

Ամենից շատ կարոտում եմ հայրենակիցներիս: Մանկությունից հիշում եմ աներևակայելի համեղ մրգերն ու բանջարեղենը: Աշխարհում չկա որևէ այլ ծիրան կամ լոլիկ, որը մոտ լինի Հայաստանինին:

- Պլանավորու՞մ եք ապագայում այցելել Հայաստան:

Երբ ճանապարհորդելը կրկին ապահով դառնա, ես անպայման նորից կայցելեմ Հայաստան:

- Որպես հարուստ մասնագիտական ուղի անցած փորձառու բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին:

Հետևե՛ք ձեր սրտին: Եթե կյանքում լրջորեն ձգտեք, ուրեմն լավ մասնագետ կլինեք: Ես ականատես եմ եղել, թե ինչպես են իմ բազմաթիվ գործընկերներ հրաժարվում մասնագիտությունից, քանի որ ընտրել էին այն սխալ պատճառներով և պատրաստ չէին դիմակայելու բժշկությամբ զբաղվելու մարտահրավերներին:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան