• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկական բուհի ղեկավարն ԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկեց վերականգնողական բուժման ոլորտի խնդիրները
Բժշկական բուհի ղեկավարն ԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկեց վերականգնողական բուժման ոլորտի խնդիրները
27.10.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի հաշմանդամության, վերականգնողական, աջակցող միջոցների և պալիատիվ խնամքի գծով պատասխանատու Սաթիշ Միշրային։

Ներկայացնելով բժշկական 100-ամյա համալսարանի պատմությունն ու գործունեությունը՝ ռեկտորն առանձնակի անդրադարձ կատարեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնադրմանը։ «Կենտրոնի ստեղծման աշխատանքները սկսվեցին 2016 թվականի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ 2018 թվականի հունվարի 29-ին արդեն բացվեց կենտրոնի շուրջ 40%-ը։ Զինվորների կլինիկական բուժմամբ սկսեց զբաղվել շուրջ 20 կլինիկական օրդինատոր։ Այս պահին շահագործվում է շենքի 75-80%-ը», - նշեց Արմեն Մուրադյանը։

Բուհի ղեկավարը հավելեց, որ Զինվորի տանն իրականացվում են նաև սոցիալական ուղղվածության աշխատանքներ․ գործում է «Մեկ պատուհանի» ծառայությունը, հատուկ կրթական ծրագիր բուժում ստացող զինվորների համար, ամբիոնական հարթակ վերապատրաստումների համար, Կարիքների գնահատման հանձնաժողով, Մշակութային կենտրոն և այս տարվա ապրիլին բացված Պրոթեզավորման կենտրոնը, որտեղ որպես պրոթեզիստ պատրաստվում է ԵՊԲՀ քոլեջի շուրջ 25 ուսանող։

«Մի քանի տարվա ընթացքում մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի և բացեց 220 աշխատատեղ։ Դրամահավաքի միջոցով մեծ ներդրումներ ներգրավելով՝ մեզ հաջողվեց ձևավորել կրթական 3 հարթակ՝ վերականգնողական բուժում, պրոթեզավորման գործ և կրթական հնարավորություններ զինվորների համար։ Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում պլաստիկ և միկրովիրաբուժության, ինտենսիվ թերապիայի և մի շարք այլ բաժանմունքների ստեղծման ուղղությամբ», - հայտնեց Արմեն Մուրադյանը։ Ռեկտորի փոխանցմամբ՝ առաջիկա ծրագրերում է Վետերանների հոսպիտալի հիմնումը։

Բժշկական համալսարանը, նրա խոսքով, համարվում է միջազգային խոշոր արտահանող․ բուհում սովորում է 35 երկրից շուրջ 2000 ուսանող։

ԱՀԿ ներկայացուցիչ Սաթիշ Միշրան նշեց, որ ապրել և աշխատել է աշխարհի 40 երկրում, որտեղ զգալի են եղել պատերազմի հետևանքները։

«Պետք է ասեմ, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համապատասխանում էր բոլոր չափանիշներին», - ընդգծեց նա։

Սաթիշ Միշրան հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկվում է մեր երկրում վերականգնողական ծառայությունների ամրապնդման ռազմավարությունը։ Տպավորված լինելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի փորձով և հնարավորություններով՝ ԱՀԿ ներկայացուցիչը նշեց․

«Մենք Ձեր աջակցության կարիքը կունենանք։ Մյուս ոլորտը, որտեղ Ձեր օգնության կարիքը կլինի, կրթությունն է»։

Սաթիշ Միշրայի համոզմամբ՝ ԵՊԲՀ-ն արդեն կարևոր ծրագրեր է իրականացնում, որոնք կարող են ծառայել նաև ողջ տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը։

Անդրադառնալով վերականգնողական բուժման առաջնային օղակի ծանրաբեռնվածությանը, հատկապես՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, Արմեն Մուրադյանը փաստեց, որ եթե նախկինում այսպես կոչված «Long COVID»-ը հանդիպում էր վարակվածների 10%-ի մոտ, ապա այսօր այն արդեն ամեն 3-րդ հիվանդի մոտ է։

«Առողջապահական մարմինները, մի կողմից, փորձում են ապահովել մահճակալային ֆոնդը, մյուս կողմից՝ պատվաստման միջոցով նվազեցնել առաջինի անհրաժեշտությունը։ Առաջնային օղակի բարեփոխման անհրաժեշտություն կա, բայց մենք չենք կարող անվերջ զբաղվել ինֆեկցիոն հիվանդությունների բուժմամբ։ Դա կբերի առողջապահական դեֆոլտի և կազդի տնտեսության վրա՝ հանգեցնելով մեծ ծախսերի», - մտավախություն հայտնեց ռեկտորը։

Նրա խոսքով՝ համավարակի ազդեցությունն ամենուր է․ օրեցօր ձևավորվում են առողջապահական նոր խնդիրներ։

Բուհի ղեկավարն առանձնացրեց 2 ուղղություն, որտեղ աշխատանքների կատարման անհրաժեշտություն կա․ դրանք են տեղեկատվական դաշտի ամբողջականացումը և կրթական բաղադրիչը։

«Առաջնային և երկրորդային օղակներում պետք է կրթական և լուսավորչական աշխատանք իրականացնել։ Պետք է համարժեք գնահատական տանք ինքներս մեզ։ Կրթական ցենզի բացակայության դեպքում խոսքի ազատությունն անթույլատրելի շռայլություն է։ Ես՝ որպես բժիշկ և քաղաքացի, պարտավոր եմ բացատրություններ տալ՝ ինչու է մահացության ցուցանիշն այդքան բարձր, ինչու են ավելանալու կրկնավարակները», - ընդգծեց Արմեն Մուրադյանը։

Սաթիշ Միշրան տեղեկացրեց, որ հաջորդ տարվա մարտի վերջին ԱՀԿ հովանու ներքո կկայանա վերականգնողական բուժման թեմայով աշխատաժողով ամբողջ տարածաշրջանի համար։

Աշխատաժողովի նպատակն է լինելու հասկանալ կադրային ներուժի ապահովման հնարավորությունը՝ ըստ բնակչության պահանջմունքների։

«Մեր միակ խնդիրն է ապահովել վերականգնողական բուժումը դրա կարիքն ունեցող յուրաքանչյուր անձի համար», - շեշտեց նա։

Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ բժշկական համալսարանը կտրամադրի անհրաժեշտ բոլոր հարթակները՝ իր ներդրումը բերելով ԱՀԿ դաշտ։