• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկական բուհին հաջողվեց հատել հասարակածը
Բժշկական բուհին հաջողվեց հատել հասարակածը
10.06.2021

Բժշկական 100-ամյա բուհի Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Երվանդ Սահակյանը կարևոր նպատակ ուներ՝ ընդլայնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխարհագրությունը՝ հատելով հասարակածը: Եվ, իհարկե, նրան դա հաջողվեց. ԵՊԲՀ-ն արդեն ուսանող ունի Սեյշելյան կղզիներից և Ավստրալիայից:

Երկար տարիների փորձ ունեցող պրոռեկտորի հետ զրուցել ենք դեռևս ուսանողական տարիներին հաստատված միջազգային կապերի, դրանք հետագայում բժշկական բուհի միջազգայնացման գործընթացին ծառայեցնելու, ինչպես նաև դատական բժշկության ոլորտում արդյունավետ աշխատանքի և զգալի հաջողությունների մասին:   

- Պարոն Սահակյան, դատական բժշկությունը շատ հետաքրքիր ոլորտ է: Արտաշատի միջշրջանային բաժնում Դուք աշխատել եք որպես դատաբժշկական փորձագետ, 1984 թվականից առ այսօր ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի դոցենտ եք: Ինչպե՞ս կբնորոշեք դատական բժշկությունը: Ի՞նչ ուշագրավ դեպք կհիշեք այդ ոլորտում Ձեր գործունեությունից:

Նախ ասեմ, որ մասնագիտությամբ ես վիրաբույժ եմ: 6-րդ կուրսում՝ այն ժամանակ սուբօրդինատուրայում, հիմնական մասնագիտացումն ընթանում էր 3 ուղղություններով՝ թերապիա, վիրաբուժություն և գինեկոլոգիա: Ես անցա վիրաբուժության դասընթացը, ապա՝ ևս մեկ տարի ինտերնատուրա՝ վիրաբուժության գծով: Այդ ընթացքում նույնիսկ ինքնուրույն վիրահատություններ եմ կատարել: Բայց հետո Դատական բժշկության ամբիոնի վարիչի կողմից ստացա աշխատանքի շատ գրավիչ առաջարկ. իհարկե, Դատական բժշկության ամբիոնում աշխատելն ինձ համար շատ մեծ պատիվ էր, դա հնարավորություն էր տալիս նաև զբաղվելու գիտական և մանկավարժական աշխատանքով: Եվ ես ընդունեցի այդ առաջարկը: Բայց հետո, երբ արդեն ամեն ինչ համաձայնեցված էր, և ես պետք է աշխատանքի անցնեի ամբիոնում, երեկոյան շատ անակնկալ զանգ ստացա այն ժամանակվա առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանի կողմից, որը հրավիրեց ինձ իր մոտ՝ առաջարկելով Մասիսի շրջանը սպասարկող հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ բուժական գծով տեղակալի պաշտոնը: Նա ասաց, որ հիվանդանոցում լուրջ խնդիրներ կան, և հարկավոր է օգնել գլխավոր բժշկին՝ դրանք վերացնելու: Իհարկե, ես ցանկանում էի ամբիոնում մնալ, բայց քանի որ առաջարկը շատ հարգված նախարարի կողմից էր, ես անմիջապես ընդունեցի այն: Նույն օրը տվեցին հրամանը, իսկ հաջորդ օրվանից արդեն ես աշխատանքի անցա Մասիսի հիվանդանոցում: Սակայն գլխավոր բժշկի տեղակալի աշխատանքին զուգահեռ ես սկսեցի աշխատել նաև ՀՀ Դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի Արտաշատի, Արարատի, Մասիսի միջշրջանային բաժնում՝ որպես դատաբժշկական փորձագետ, ինչը հիվանդանոցի հետ որևէ առնչություն չուներ: Այն ժամանակ շատ ընդունված էր մրցակցությունը հիվանդանոցների միջև: Իմ՝ աշխատանքի անցնելուց 3 տարի հետո Մասիսի շրջանի կենտրոնական հիվանդանոցը ճանաչվեց լավագույն շրջանային հիվանդանոցներից մեկը:

Դրանից հետո ես խնդրեցի պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանին ինձ ազատել աշխատանքից, որովհետև ցանկանում էի վերադառնալ  բժշկական ինստիտուտ: Վերադառնալուց հետո ևս շատ հետաքրքիր բան կատարվեց: ԵՊԲՀ այն ժամանակվա ռեկտոր Վիլեն Հակոբյանն ինձ առաջարկեց, անհրաժեշտությունից ելնելով, մեկ կիսամյակ դասավանդել նորմալ անատոմիայի ամբիոնում: Ես համաձայնվեցի, սակայն մեկ կիսամյակը դարձավ երկու կիսամյակ: Հետո արդեն աշխատանքի անցա Դատական բժշկության ամբիոնում:

Իսկ դատական բժշկության ոլորտը հետաքրքիր և պատասխանատու է նրանով, որ քո գրած բոլոր հետևություններն անպայման պետք է լինեն հիմնավորված, ամեն բառը պետք է լինի հավասարակշռված, որովհետև այդ հետևությունները վերաբերում են մարդկանց ճակատագրին: Պետք է շատ ուշադիր լինել փորձաքննությունների անցկացման ընթացքում: Եղել են դեպքեր, երբ գործը ներկայացվել է որպես հանկարծամահություն, բայց իրականում դա եղել է բռնի մահ, և, իհարկե, հակառակը: Հաճելի էր ամեն անգամ համոզվել, որ մեր եզրակացությունները հիմնավորված էին և որևէ առարկության հիմք չէին հանդիսանում: 

- Լինելով Դատական բժշկության ամբիոնի դոցենտ՝ շուրջ 20 տարի համակարգում եք ԵՊԲՀ միջազգային գործունեությունը և արտաքին կապերը: Ինչպե՞ս ստացվեց այս անցումը:

Անցումը դեպի միջազգային ոլորտ իրականում դատական բժշկության ոլորտից չէր: Մինչև դատական բժշկության ոլորտում աշխատելը՝ սուբօրդինատուրայում, ես ընտրվեցի ԵՊԲԻ Կոմերիտական միության առաջին քարտուղար: Դա ևս հետաքրքիր աշխատանք էր: Այդ ժամանակվանից սկսվեցին ուսանողական ակտիվ միջոցառումները: Մենք հիմք դրեցինք Խորհրդային Միության մյուս հանրապետությունների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Մերձբալթյան երկրների, Բելառուսի, Ուկրաինայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի բժշկական բուհերի հետ համագործակցությանը՝ ուսանողների միջև փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով: Սա կազմակերպչական աշխատանքի փորձի կարևոր դպրոց էր ինձ համար: Բացի դրանից, ես հնարավորություն ունեցա լինելու նաև Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում: Այսինքն՝ միջազգային կապերի ոլորտում իմ գործունեությունը սկսվեց դեռ այդ տարիներին: 1979 թվականին ուսանողական կառույցների փոխանակային ծրագրերից մեկի շրջանակում ինձ հնարավորություն ընձեռվեց լինելու նաև Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում:

Երիտասարդ տարիների իմ գործունեության ընթացքում խորհրդային երկրներն արդեն ազգային զարթոնք էին ապրում, մարդիկ հասկանում էին, որ անընդհատ կենտրոնացված ղեկավարության ցուցումներով աշխատելը սահմանափակում էր նրանց իրավունքները: Հայաստանում նույնպես զգացվում էր այդ միտումը. մենք արդեն կարդում էինք Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի և այլոց անտիպ բանաստեղծությունները: Այսինքն՝ դեռ Սառը պատերազմի տարիներին ես հասցրել էի տեսնել, թե ինչ կար «երկաթե վարագույրի» ետևում: Հենց այդ տարիներին հաստատված միջազգային կապերն ինձ հետագայում օգնեցին իմ ներկայիս աշխատանքում:      

- Արդեն 30 տարուց ավելի է, ինչ գոյություն ունի և արդյունավետորեն գործում է ԵՊԲՀ արտասահմանցիների, ապա՝ օտարերկրացիների դեկանատը, որի կայացման ճանապարհին անուրանալի ներդրում ունեք նաև Դուք: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք: Հե՞շտ է աշխատել օտարերկրացիների հետ: Ի՞նչ հետաքրքիր կամ զավեշտալի դեպք կհիշեք:

Սկզբում ես աշխատում էի որպես սփյուռքահայ ուսանողների դեկանի տեղակալ: Իսկ դեկանը պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն էր: Դա 1993 թվականն էր: Այդ ժամանակ գործում էին սփյուռքահայ և արտասահմանցի ուսանողների դեկանատները: Հետո դրանք միացվեցին, և 1994 թվականին ես դարձա դեկան: Ուսանողների ընդհանուր թիվը մոտ 400 էր: Արտասահմանցիների հետ աշխատելը միշտ էլ հետաքրքիր է և, միաժամանակ, դժվար, որովհետև նրանք ընտանիքից կտրված մարդիկ են, նրանք հատուկ ուշադրության կարիք ունեն: Բացի դրանից, տարբեր երկրների քաղաքացիներ տարբեր մտածողություն ունեն, տարբեր հայացքներ ունեն երևույթների նկատմամբ: Հարկավոր է դա միշտ հաշվի առնել:

Մի զավեշտալի դեպք պատմեմ: Լավ հիշում եմ՝ դեկտեմբեր ամիսն էր, շատ խստաշունչ ձմեռ էր: Երեկոյան՝ մոտ 11-ին, մեր բնակարանի տան դուռը թակում են: Սկզբում մտածեցի, թե քամու ձայնն է, և ուշադրություն չդարձրի: Բայց երբ կրկնվեց, հասկացա, որ դուռն են թակում, գնացի, դուռը բացեցի, տեսա վերնաշապիկով օտարազգի ուսանող է կանգնած: Ես, իհարկե, անհանգստացա, հարցրի՝ ինչ է պատահել: Նա ասաց, որ մայիսի առաջին շաբաթ օրը քրոջ հարսանիքն է, և իր երկիր գնալու թույլտվություն խնդրեց: Սա վառ ապացույցն է այն բանի, թե որքան տարբեր կարող են լինել խնդիրների լուծման վերաբերյալ մեր և այլ մտածելակերպ ունեցող երիտասարդների մոտեցումները:

Նախորդ տարիների՝ իմ աշխատանքի փորձը ցույց տվեց, որ համալսարանի ֆինանսական կայունության ապահովման և զարգացման համար անհրաժեշտ է ներգրավել օտարերկրացի ուսանողների և ընդլայնել միջհամալսարանական կապերը: Մենք տեսանք, որ շատ երկրներում ուսուցումը տարվում է անգլերեն լեզվով: 1996-97 թվականներից սկսեցինք նախապատրաստվել անգլերենով ուսուցմանը. դասախոսները համապատասխան դասընթացներ անցան, որպեսզի կարողանանք ամբողջությամբ կազմակերպել այդ գործընթացը: 2001 թվականին արդեն լիովին պատրաստ էինք անգլերենով առաջին կուրսի ընդունելության համար: Եվ մեկ տարի հետո՝ 2002 թվականից, մենք սկսեցինք ուսանողներ ընդունել անգլալեզու դասավանդմամբ: Այսինքն՝ նպատակը մեծ թվով ուսանողների ընդգրկումն էր ԵՊԲՀ կազմում: Կարևոր էին նաև անհրաժեշտ տեղեկություններն այն մասին, թե ինչ է կատարվում միջազգային ասպարեզում կրթության ոլորտում: Մեր նպատակն էր դառնալ ուսանող ընդունող երկիր, այսինքն՝ օտարերկրյա պետությունների համար բժիշկ-մասնագետներ պատրաստող երկիր: Կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց դա. շատ կարճ ժամանակում մենք օտարերկրացիների թիվը կտրուկ ավելացրինք:        

- Կարո՞ղ եք ասել՝ այս պահին քանի երկրից և քանի արտասահմանցի ուսանող է սովորում բժշկական բուհում:

Այս պահին մոտ 1850 ուսանող ունենք 33 երկրից: Իհարկե, 2020-21 ուստարում մենք նախատեսում էինք, որ թիվը կանցնի 2000-ից, սակայն խանգարեցին և՛ համավարակը, և՛ պատերազմը: Այնուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում օտարերկրացիների ընդհանուր թիվը ոչ թե պակասեց, այլ ավելացավ: 

- Ո՞րն է բժշկական համալսարանում Ձեր երկարակեցության հիմքը:

Ես աշխատել եմ համալսարանի համար, հանուն համալսարանի՝ հետևողականորեն իրականացնելով բոլոր այն նպատակները, որոնք նախանշել է համալսարանը: Ոչինչ միանգամից չի լինում: Անհրաժեշտ է երկարատև ու համբերատար աշխատանք՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:

Մի քանի երկրում կարողացանք ստեղծել Շրջանավարտների միություններ, որոնք շատ մեծ օժանդակություն են ցույց տալիս համալսարանի հեղինակության բարձրացման առումով: 40-ից ավելի երկրում ԵՊԲՀ-ն ունի շրջանավարտներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում: Շրջանավարտների միություններ ունենք Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Լիբանանում, Միացյալ Նահանգներում՝ Հայ բժիշկների միությունը, Սիրիայում նույնպես ունեինք, սակայն, ցավոք, պատերազմից հետո այն դադարեց գործել:

2019 թվականին Հնդկաստանի քննությունների ազգային կենտրոնից ճշտեցինք, թե մեր շրջանավարտներից քանիսն են իրենց երկրում հանձնել արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը (FMGE – Foreign Medical Graduates Examination): Պարզեցինք, որ 88.5%-ը հանձնել է: Մեր շրջանավարտները բարձր ցուցանիշներ են գրանցել ու գրանցում նաև Միացյալ Նահանգներում հանձնած քննությունների ընթացքում: Սա, իհարկե, մեծ պատիվ է բերում մեր համալսարանին:

Նույն տարում Հնդկաստանում մրցանակաբաշխություն տեղի ունեցավ տարբեր անվանակարգերում: Մեր համալսարանը ճանաչվեց օտարերկրյա լավագույն բժշկական բուհը հնդիկ ուսանողների համար: Մրցանակն ինձ հանձնեց հանրահայտ հնդիկ դերասան Ջեկի Շրոֆը:

Ակադեմիկոս-ֆիզիոլոգ Իվան Պավլովի տեսության համաձայն՝ մարդու բոլոր ռեֆլեքսների մեջ պետք է լինի մի հատուկ՝ նպատակի ռեֆլեքսը: Փաստորեն իմ աշխատանքի ամբողջ ոճը դա է եղել՝ ունենալ համալսարանի հետ կապված նպատակ, բաժանել այն մասերի և հետևողականորեն հասնել այդ նպատակի իրագործմանը: Կարծում եմ՝ դա է ճիշտը:

Իմ նպատակներից մեկն էլ համալսարանի աշխարհագրությունը մեծացնելն էր: Ուզում էի հատել հասարակածը, այսինքն՝ ուսանող ընդունել նաև հասարակածից հարավ ընկած երկրներից: 3 տարի առաջ դա հաջողվեց. մենք Սեյշելյան կղզիներից ուսանող ունեցանք և հիմա՝ արդեն Ավստրալիայից:  

- ԵՊԲՀ-ն անընդմեջ հաստատում և վերահաստատում է միջբուհական արդյունավետ փոխգործակցությունը միջպետական մակարդակով: Հատկապես ո՞ր երկրների հետ է բժշկական բուհը սերտ համագործակցություն իրականացնում: Ի՞նչ նոր ծրագրեր են նախանշվում բուհի միջազգայնացման գործընթացն առաջ մղելու տեսանկյունից:

Պետք է նշեմ, որ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով ԵՊԲՀ նախորդ պրոռեկտորները լավ հիմքեր էին ստեղծել բժշկական բուհի միջազգայնացման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել էին մեր համալսարանի մուտքը դեպի միջազգային կրթական շուկա:

Մենք կարևորում ենք միջհամալսարանական կապերի զարգացումը: Սերտորեն համագործակցոմ ենք Գերմանիայի համալսարանների հետ: Մասնակցել ենք Եվրամիության ներկայացրած բազմաթիվ ծրագրերին, եղել են ուսանողների փոխանակումներ Հունաստանում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում: ԵՄ ծրագրերի շրջանակում համագործակցությունը մինչ այժմ էլ շարունակվում է: Զուգահեռաբար մենք զարգացնում ենք նաև ուղիղ կապերը տարբեր երկրների բժշկական համալսարանների: Վերջին շրջանում ակտիվացավ նաև ֆրանսիացի մասնագետների հետ համագործակցությունը: Հունիսի 8-ին Ֆրանսիայի դեսպանությունում մենք պայմանագիր կնքեցինք այդ երկրում գործող մեկ համալսարանի հետ: Եվս երկու համալսարանի հետ համագործակցության պայմանագրեր ստորագրվել էին մինչ այդ: Դա թույլ կտա մեր երիտասարդներին զարգացնելու մասնագիտական հմտությունները, տիրապետելու Եվրոպայում կիրառվող բուժական և ախտորոշման մեթոդներին, կատարելագործելու դասավանդման մեթոդները:

Ավանդական շատ լավ կապեր ենք ունեցել Միացյալ Նահանգների ուսումնական հաստատությունների և հիվանդանոցների հետ: Ռուսաստանի հետ կապերը շատ վաղուց են հաստատվել, մեր ուսումնական ծրագրերը նույնպես նմանություններ ունեն: Վրաստանի հետ ևս ակտիվ է համագործակցությունը:

- Ո՞ր ոլորտն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ գիտակա՞ն թե՞ մանկավարժական:

Ինձ հոգեհարազատ միշտ եղել է գիտական ոլորտը, բայց, ցավոք, դասախոսական և համալսարանական աշխատանքը ժամանակ չի թողել դրա համար:

- Դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը՝ հասցնու՞մ եք հանգստանալ: Ո՞րն է հանգստի՝ Ձեր կողմից նախընտրելի տարբերակը:

Ազնվորեն պիտի ասեմ՝ չեմ հասցնում: Եթե ամեն դեպքում գտնում եմ ազատ ժամանակ, հատկացնում եմ այն թոռնիկներիս: Իմ հանգստությունը թոռնիկներիս հետ է: Ազատ ժամանակս պատկանում է նրանց: Երբեմն ստացվում է ժամանակ տրամադրել նաև ընթերցանությանը, շախմատին: Իսկ երիտասարդ տարիներին հանգստությունս գտնում էի նկարելով:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Ձեր երեխաները և՞ս ընտրել են բժշկի մասնագիտությունը:

Մի կարևոր սկզբունք ունեմ. երբեք չեմ տեղափոխում աշխատանքային խնդիրներն ընտանիք: Իմ տրամադրությունն ու հոգսերը ես երբեք ընտանիքում ցույց չեմ տալիս: Դա ինձ մոտ ստացվում է:

Տղաս ստոմատոլոգ է, աղջիկս՝ նյարդաբան, ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում: Պետք է ասեմ, որ ոչինչ չեմ պարտադրել երեխաներիս, իրենք են ընտրել իրենց մասնագիտությունը:

Ունեմ երեք թոռնիկ, իսկ չորրորդը շուտով կծնվի:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան