• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկական բուհը կխորացնի համագործակցությունը Լիոնի Վինաթիե կլինիկայի և Բրյուսելի Բաց համալսարանի հետ
Բժշկական բուհը կխորացնի համագործակցությունը Լիոնի Վինաթիե կլինիկայի և Բրյուսելի Բաց համալսարանի հետ
22.04.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալել էր Լիոնի և Բրյուսելի մանկական հոգեբուժության ոլորտի մասնագետներին:

Օտարերկրացի բժիշկների պատվիրակության կազմում էին Լիոնի թիվ 1 համալսարանի մանկահոգեբուժության ամբիոնի վարիչ, Վինաթիե կլինիկայի երեխաների ու դեռահասների դեպարտամենտի ղեկավար Նիկոլա Ժեորժիեֆը, մանկահոգեբույժ, Վինաթիե կլինիկայի դեռահասների դեպարտամենտի հոսպիտալացման բաժնի վարիչ Թիերի Ռոշեն, Վինաթիե կլինիկայի դեռահասների բաժանմունքի հոգեբան Անի Ազարյանը, լոգոպեդ, Վինաթիե կլինիկայի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Սիլվիա Թոփուզխանյանը, Բրյուսելի Բաց համալսարանի մանկաբուժության ամբիոնի դասախոս, Թագուհի Ֆաբիոլայի հիվանդանոցում մանկահոգեբուժության բաժանմունքի ղեկավար Վերոնիկ Դելվենը:

Լիոնից ժամանած հյուրերը պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու մանկահոգեբուժության ոլորտը Հայաստանում, հատկապես՝ հետպատերազմական ժամանակաշրջանում՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում այս ոլորտը զարգացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Բրյուսելի Բաց համալսարանի մանկաբուժության ամբիոնի դասախոս Վերոնիկ Դելվենը կարևորեց հայկական բժշկական բուհի հետ երկարամյա հաջող համագործակցությունը “FOSFOM” կրթաթոշակային ծրագրի շրջանակում, որն ապագա բժիշկներին 1 տարվա ընթացքում մասնագիտական կատարելագործման հնարավորություն է ընձեռում:

ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի առաջարկով համաձայնություն ձեռք բերվեց հայ և ֆրանսիացի մասնագետների կողմից մասնագիտական համատեղ աշխատանքներ իրականացնել երեխաների և դեռահասների հոգեբուժության ոլորտում:

Որոշում կայացվեց կնքել պայմանագիր, որի շրջանակում կանցկացվեն ուսանողների, կլինիկական օրդինատորների և մասնագետների այցեր Լիոնի Վինաթիե կլինիկա: