• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկությունը սեր է. սիրտդ շահում է՝ ավելին տալով. վստահ է սպիտակ բանակի հերոսուհին
Բժշկությունը սեր է. սիրտդ շահում է՝ ավելին տալով. վստահ է սպիտակ բանակի հերոսուհին
09.03.2021

Բժշկությունը սեր է. քեզնից խլում է շատ բաներ, բայց եթե սիրեցիր մասնագիտությունդ, անպայման սիրտդ շահում է՝ ավելին տալով: Այս խոսքերով է սկսում իր պատմությունը սպիտակ բանակի հերոսուհին՝ առաջին հայացքից փխրուն, բայց իրականում անսահման ուժեղ Գայանե Պապոյանը:

Պատերազմի ծանր օրերին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում վիրավոր զինծառայողներին առաջին բուժօգնություն ցույց տվող Գայանեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի է:

«Չեմ հիշում՝ ինչից առաջացավ բժշկության հանդեպ սերը, միայն հիշում եմ՝ երբ արդեն պետք է սկսեի պարապել բուհ ընդունվելու համար, հստակ գիտեի, որ բժշկական համալսարան եմ գալու: Ինձ ոչ մի ուրիշ ոլորտում չէի պատկերացնում», - ասում է Գայանեն: 

Ապագա բժշկուհին, հավանաբար, կընտրի ռեանիմատոլոգիա և անեսթեզիոլոգիա նեղ մասնագիտացումը: «Պատերազմը որոշակի ազդեցություն ունեցավ, անեսթեզիան ինձ շատ գրավեց», - անկեղծանում է Գայանեն:

Նրա խոսքով՝ բժշկի համար շատ կարևոր է չտրվել էմոցիաներին, գործն արագ և ճիշտ կազմակերպել: «Երբ պատերազմի օրերին վիրավոր էին բերում, փորձում էի ամեն ինչ արագ անել, ժամանակը խնայել: Վիրահատությունն ավարտվում էր, վիրավորին տանում էին, նոր սկսում էի վերլուծել՝ ինչ կատարվեց, ինչ կարողացա անել, արդյո՞ք օգնեցի», - ասում է Գայանեն:

Սպիտակ բանակի ներկայացուցիչը հիշում է, որ հերթական վիրահատության ընթացքում, երբ անեսթեզիայից հետո վիրաբույժները սկսեցին իրենց գործը, իսկ ինքը հետևում էր վիրավորի ցուցանիշներին՝ ճնշում, պուլս, սատուրացիա, վիրավորի գրպանից ժամացույց ու զինգրքույկ գտավ, որտեղ նշված էր, որ զինծառայողը զորակոչվել է բանակ 2020 թվականի հուլիսի 14-ին: «Պատկերացնու՞մ եք՝ 2,5 ամսվա ծառայող, բայց երկու ոտքն էլ ամպուտացրին, ահավոր էր…», - սարսափով պատմում է ապագա բժշկուհին:

Պատերազմի ընթացքում ամենադժվար օրը Գայանեի համար հոկտեմբերի 4-ն էր՝ Շուշիի մշակույթի տան ռմբակոծման ամսաթիվը: «Վիրավորների հոսքը շատ մեծ էր, չէինք հասցնում վիրասեղանից տեղափոխել մի վիրավորին, երբ արդեն մյուսին էին բերում, հատակը՝ լրիվ արյուն, չէին հասցնում մաքրել, միջացքներում ամեն տեղ վիրավորներ էին, մի խոսքով՝ սարսափ ֆիլմի նման էր, չեմ էլ ուզում վերհիշել», - ցավով նշում է նա:

Այդ դաժան օրերին, ըստ Գայանեի, սերն ու համախմբվածությունն էր ուժ տալիս բժիշկներին: «Երևի պատերազմները նաև գալիս են, որպեսզի սովորեցնեն սիրել, գնահատել, արժևորել կյանքը… Շատ սիրե՛ք իրար, գուցե հետո ուշ լինի…», - կոչ է անում նա:

Իսկ ապագա բժիշկներին Գայանեն խորհուրդ է տալիս բժշկությունն ընտրելուց առաջ երկար մտածել, առաջին կուրսերում հնարավորինս շատ լինել հիվանդանոցային միջավայրում, ծանոթանալ հիվանդանոցային կյանքին, հասկանալ՝ արդյո՞ք իրենցն է բժշկությունը, որովհետև բժշկությունն ապրելակերպ է, պետք է պատրաստ լինել դրան:

«Եվ վերջում՝ շնորհակալություն մեր խաղաղ կյանքի երաշխավորներին, իսկական հերոսները նրանք են: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան հայրենիքի ու մեր պաշտպանության համար», - եզրափակում է Գայանեն: