• Հայ
  • Рус
  • Eng
Չթերագնահատելով աշխատանքի և կրթության բացարձակ արժեքները՝ պետք է լինել նախաձեռնող և պատասխանատու
Չթերագնահատելով աշխատանքի և կրթության բացարձակ արժեքները՝ պետք է լինել նախաձեռնող և պատասխանատու
10.07.2021

Բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է, կոչում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի համար լինել կոչումով բժիշկ՝ նշանակում է լինել նախաձեռնող, աշխատել անձնվեր ու անձնազոհ, պատասխանատու և՛ արածների, և՛ չարածների համար, ինչպես նաև լինել մտավորական, անել ավելին, քան պարտավոր ես և ստանալ ավելի քիչ, քան իրավունք ունես: Այս մոտեցմամբ է նա ղեկավարում 100-ամյա բժշկական դարբնոցը, կրթօջախ, որտեղ հայ բժշկության արմատներն են, մեր բժշկապետերի կենսագրությունը, ուր կերտվել ու թրծվել է հայկական բժշկությունը:

Մեկդարյա կառույցի հոբելյանին նվիրված՝ «Բժշկի ուղին» շարքի շրջանակում ներկայացնում ենք ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի մասնագիտական կայացման անցած ճանապարհը: Բժիշկ-գիտնականը վստահ է՝ յուրաքանչյուր հասարակության մեջ մտավորականության ողնաշարը բժիշկներն են:

Ֆելդշերից, սանիտարից մինչև վիրաբույժ 

Արմեն Մուրադյանն ընդգծում է, որ բոլոր ժամանակներում, կյանքի բոլոր շրջափուլերում իր հաջողությունների անբաժան մասն են ընտանիքը, գործընկերներն ու ուսուցիչները: Նա մշտապես հատուկ ակնածանքով է վերաբերվում բժշկագիտության ավագ սերնդի ներկայացուցիչներին, ինչպես նրանց անվանում են բժշկականում՝ «նահապետներին»: Իր օրինակով ավագ սերնդին մեծարելն ու նրանց կատարած աշխատանքը գնահատելն արդեն ձևավորված ավանդույթ է:

Արմեն Մուրադյանին ճանաչողները՝ գործընկերներն ու ուսանողները, վստահաբար, կհամաձայնեն՝ գերպահանջկոտ լինելով՝ նա նպաստում է, որպեսզի շրջապատող մարդիկ իրենց վստահված աշխատանքում ևս լինեն պարտաճանաչ և պատասխանատու:

Տասներեք տարեկան էր, երբ սկսեց մտածել բժշկության մասին: Շատ կապված էր տատիկի՝ անվանի վիրաբույժ Մելիտա Պետրոսի Բաղդասարյանի հետ: Վերջնական որոշումը կայացրել է 1987 թվականի հուլիսի 10-ին՝ իր ծննդյան օրը, և արդեն մեկ ամիս հետո աշխատանքի անցել Միքայելյանի անվան ինստիտուտում՝ որպես վիրաբուժական բլոկի սանիտար: Տասնամյակներ հետո հենց իր նախաձեռնությամբ ու ջանքերով վիրաբուժական այս խոշոր կենտրոնը դարձավ համալսարանական կառույց:

«Սովորում էի Պուշկինի անվան դպրոցում, և քանի որ աշխատանքի էի անցել, ուսումս փոխեցի հեռակայի: Այդ պահից սկսած՝ ամբողջովին ընկղմվեցի հիվանդանոցային կյանքի մեջ: Միևնույն ժամանակ պատրաստվում էի ընդունելության քննություններին: Պետք է խոստովանեմ՝ առաջին տարում կտրվեցի քիմիայի քննությունից… 15 տարեկան երիտասարդներին բնորոշ է ընկերների խնդիրներով տարվելը:

Տեսնելով մի քանի նստարան հեռու նստած ընկերոջս ընկճվածությունը, վստահ լինելով, որ իմ հարցատոմսի բոլոր պատասխանները ճիշտ են լրացված՝ տարվեցի իր հարցատոմսը լուծելով՝ մոռանալով առավել մանրակրկիտ ստուգել իմը: Բողոքարկման ժամանակ պարզվեց, որ իմ գրավոր աշխատանքում, անուշադրության պատճառով, սխալներ էի թույլ տվել:  Ընկերս ընդունվեց, ես՝ ոչ, սակայն ափսոսանքով չեմ հիշում նրան օգտակար լինելու փաստը»,-բժիշկ դառնալու իր ուղին ներկայացնելիս պատմում է Արմեն Մուրադյանը:

Իր գնահատմամբ՝ առաջին տարում համալսարան չընդունվելը լավ դաս էր, ինչպես նաև քննություններին առավել մեծ պատասխանատվությամբ պատրաստվելու առիթ. «Կատարվածն օրինակ էր, թե հանուն ընկերության ինչպես պետք է պատասխանատվություն կրել նախաձեռնողականության և մարդասիրության համար»:

Չընդունվելով` նա գնաց հիվանդանոց և արդեն աշխատում էր մեկ դրույքով: Մեկ տարվա փորձով օպերացիոն սանիտար էր, որն ուներ վիրահատարանում աշխատելու որոշակի հմտություն: Այդ ժամանակահատվածը համընկավ 1988 թվականի երկրաշարժի հետ: Երբ առաջին կուրս ընդունված ուսանողները եկան հիվանդանոց, նա արդեն վարժ էր հիվանդանոցային, կլինիկական միջավայրում: Փորձում էր նորեկներին փոխանցել ձեռք բերած գիտելիքները, որոնք վերաբերում էին վիրահատարանի գործելակարգերին, երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ աշխատանքի կատարմանը, հիվանդանոցային տեղաշարժին:  

«Մանկությունից, պատանեկությունից միանգամից անցում կատարեցի դեպի հասունություն: Պատանեկությունս շատ կարճ է տևել: Դպրոցական վերջին զանգի, ավարտական երեկոյի արարողությունները, կարծես, շրջանցել են ինձ: Շատ հպարտ էի, որ ինձ հաջողվեց համոզել ծնողներիս, որպեսզի հանրակրթական դպրոցն ավարտեմ հեռակա և աշխատեմ: Այդ տարիքում ես ինձ վստահ ու ազատ էի զգում «Միքայելյան» հիվանդանոցի աշխատանքային միջավայրում: Ինձ համար բացվեց կյանքի նոր շրջան՝ պատասխանատվություն, նոր հետաքրքրություններ, նոր մարդիկ: Աշխատում էինք կայացած մասնագետների հետ: Այդ շրջանում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը: Մենք մեծ փորձություն անցանք: Գրեթե մեկ ամիս ապրում էինք հիվանդանոցում»,- պատմում է բժիշկը:

Հաջորդ տարի քննություն հանձնելիս ամենաբարձր գնահատականը ստացավ  քիմիայից: Այսպիսով, քննությունները բարեհաջող հանձնելով՝  հավաքեց բարձր միավորներ և այդ մասին բարեխղճորեն զեկուցեց տանը (ժպիտով է հիշում):  

«Հիվանդանոցում աշխատանքի ընդունման պահից չեմ դադարել աշխատել՝ սկզբում որպես վիրահատական բլոկի ութ վիրասրահների սանիտար, հետո որպես բուժակ վերակենդանացման բաժանմունքում, և արդեն ընտրության պահին հասցրել էի առնչվել բոլոր մասնագիտությունների հետ. ունեի հստակ ձևավորված պատկերացում մասնագիտությունների մասին: Իսկ իմ ընտրության մեջ մեծ դեր խաղաց ոլորտի առաջատարներից՝ Յուրի Գեորգիի Զոհրաբյանը: Ես տպավորված էի ոչ միայն նրա մասնագիտական հմտություններով, այլև մարդկային հատկանիշներով: Ուրոլոգիան ինձ գրավում էր այն հանգամանքով, որ բացի  վիրաբուժական գիտելիքներից պահանջում էր նաև գիտելիքների ահռելի պաշար թերապիայից: Այս բոլոր գործոնները գումարվեցին, և առանց ավելորդ կասկածի դիմեցի կլինիկական օրդինատուրա»,- հիշում է Արմեն Մուրադյանը: 

Խոստովանում է՝ բժշկական համալսարանում ուսումնառության տարիներին ամենամեծ դժվարությունն իր համար Կենսաքիմիայի ամբիոնում քննություն հանձնելն էր, քանի որ այդ ամբիոնն իրեն հարազատ է շատ փոքր տարիքից: Ամբիոնի աշխատակիցներն ավելի շատ ընտանիքի ընկերներ էին, քան դասախոսներ: Հենց այդ պատճառով էլ ցանկանում էր պատվով հանձնել բոլոր քննությունները: Բժշկական աշխարհում բոլորը գիտեն, որ Արմեն Մուրադյանի մայրը, որը կյանքից հեռացել է 2018 թվականին, մինչև կյանքի վերջ դասախոսել է Կենսաքիմիայի ամբիոնում: Դոցենտ Լիլիա Չիլինգարյանն ավելի քան 5 տասնամյակ մասնագիտական կայացման ճանապարհ է անցել հարազատ բուհում՝ սովորելով և սովորեցնելով:

Լիլիա Չիլինգարյանն իր մասնագիտությունը ժառանգել էր մորից՝ անվանի վիրաբույժ Մելիտա Բաղդասարյանից: Նա վիրաբույժի, այն էլ կին վիրաբույժի խստության հետ մեկտեղ՝ բյուրեղյա մաքրություն ունեցող, մեծահոգի ու բարի մարդ էր: Լինելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտը՝ Դիլիջանում երկու տարի աշխատելուց հետո, տարբեր ժամանակահատվածներում մասնագիտական գործունեություն է իրականացրել մայրաքաղաքի առաջատար բժշկական հաստատություններում: Մասնագիտական ուղին սկսել է Հայաստանում՝ օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր, անվանի բժիշկ Քրիստոֆոր Հայրապետի Պետրոսյանի ղեկավարությամբ, այնուհետև գործունեությունը շարունակել՝ Ռուբեն Լազարի Պարոնյանի ղեկավարությամբ՝ նախկին 3-րդ հիվանդանոցի անհետաձգելի վիրաբուժության բաժանմունքում, որի լուծարումից հետո սկսել է աշխատել Իվան Քրիստոֆորի Գևորգյանի ղեկավարությամբ, 2-րդ բուժմիավորման հոսպիտալային վիրաբուժության բաժանմունքում: Կատարել է տարբեր բարդության վիրահատություններ, փրկել բազմաթիվ կյանքեր:

Բժշկական ինստիտուտի շատ ուսանողներ, որոնք վաղուց կայացած մասնագետներ են, կլինիկաներում սուբորդինատուրա են անցել հենց Մելիտա Բաղդասարյանի ղեկավարությամբ:

Արմեն Մուրադյանի կյանքում կարևոր տեղ ունի հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանը, որն իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է մեր երկրում կլառնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը: Երաժիշտն իր արվեստով կարողացել է ոլորտում ձևավորել բարձր մակարդակ, ազնիվ մտածողություն, վարպետության բարձրագույն որակ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային նվագարանների նախկին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի անունն է կրում նաև մի քանի տարի առաջ ստեղծված դուետը: Անվանի երաժիշտի մահից հետո՝ 2011 թվականին, Մուրադյանների ընտանիքի նախաձեռնությամբ նկարահանվեց նրա հիշատակին նվիրված «Արծաթե հնչյուններ» ֆիլմը:  

Կենսագրական տվյալներ 

Արմեն Աբգարի Մուրադյանը ծնվել է 1972թ. հուլիսի 10-ին, Երևանում: 1987-1993թթ. աշխատել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, 1987-1989թթ.՝ որպես վերակենդանացման բաժանմունքի սանիտար, այնուհետև բուժակ: 1989–1995թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: 1995-1998թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնում ստացել է ուրոլոգի մասնագիտացում: 1998-2000թթ. եղել է ԵՊԲՀ ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոնի ասպիրանտ: 2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզը՝  «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր» թեմայով: 2001-2002թթ. աշխատել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում որպես հերթապահող բժիշկ, 2002-2003թթ.՝ բժիշկ-ուրոլոգ: 2003թ. մասնակցել է Առողջապահության կառավարման դպրոցի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Առողջապահության կառավարման (մենեջմենթ) և կազմակերպում» ծրագրի «Առողջապահության տնտեսագիտության, ֆինանսական կառավարման և մարքեթինգի հիմունքներ» դասընթացին, 2004թ.-ին՝ InDevelop Uppsala AB (Ստոկհոլմ, Շվեդիա) Առողջապահության համակարգի զարգացման բարձրագույն միջազգային ուսուցողական ծրագրին: 2003-2011թթ. ԵՊԲՀ-ում հիմնել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները: 2003-2008թթ. եղել է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար:

2004-2006թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, 2005-2011թթ.՝ ԵՊԲՀ պրոֆեսոր: 2005 թ-ին պաշտպանել է դոկտորական թեզը «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկակենսաբանական հիմունքներ» թեմայով: 2006-2014թթ. եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ:

2008-2012թթ. ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» աշխատել է որպես տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ: 2009 – 2013թթ. եղել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ: 2012 –2014թթ.՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 2014 թ–ից՝ ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ:

2014թ.-ի ապրիլի 23-ից 2016թ.-ի սեպտեմբերի 9-ը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը: 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է: Երկու մենագրության և ավելի քան 100 գիտական աշխատանքների հեղինակ է: Պարգևատրվել է ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»-ով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ նախագահի կողմից արժանացել է (2017թ. մայիսի 28) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: 

1990-ականների վերջին Արմեն Մուրադյանին սկսեցին հուզել հիվանդանոցի աշխատանքի կազմակերպման հետ կապված շատ հարցեր. ցանկանում էր իր և ընկերների բոլոր գաղափարները կյանքի կոչել:

Նպատակ ունենալով զբաղվել ադմինիստրատիվ գործով, առողջապահության կազմակերպմամբ՝  ի վերջո, հասավ իր նպատակին. 2003 թվականին ստանձնեց  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավարի պաշտոնը, և իր համագործակցությունը գործընկերների հետ ստացվեց: Ընկերների, համախոհների ջանքերով ձևավորվեց Ուրոլոգիայի ամբիոնը, որն այժմ կոչվում է Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոն:

Պատահական չէ, որ 2005 թվականին «Մեդիկուս» համալսարանական ուսանողական թերթը նրա ղեկավարած ամբիոնը ճանաչեց «Լավագույն ամբիոն», որն ուսանողների կողմից տրված ամենամեծ գնահատակն էր նրա համար:

«Ուզում եմ ընդգծել, որ բժշկական բոլոր հաստատություններում ֆելդշերից, սանիտարից մինչև վիրաբույժ, ջերմ հարաբերություններով կապված եմ այդ կոլեկտիվների հետ»,- շեշտում է առողջապահության փորձառու կազմակերպիչը:  

Ավելի քան երեք տասնամյակ առողջապահական համակարգում

Ավելի քան 3 տասնամյակ լինելով առողջապահության և բժշկագիտության ոլորտում՝ Արմեն Մուրադյանն իրեն վստահված բոլոր պաշտոններում՝ վիրաբույժ, խոշոր բժշկական կենտրոնի ղեկավար, նախարար և ռեկտոր, հավատարիմ է իր որդեգրած գաղափարներին ու սկզբունքներին: 

Առողջապահական համակարգը, բժշկական բուհը ղեկավարելու տարիներին նա մշտապես եղել է իր ոլորտին վերաբերող իրադարձությունների էպիկենտրոնում՝ աշխատանքներն ուղղելով առաջին հերթին  բուժօգնության կազմակերպմանը, կյանքերի փրկությանը, իրավիճակի արդյունավետ կառավարմանը:

Նշենք, որ նրա անմիջական նախաձեռնությամբ տարբեր տարիների ընթացքում իրականացվել և շարունակվում են կյանքի կոչվել նախագծեր, որոնք ուղղված են բարձրացնելու, վերարժևորելու բժիշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Նախագծերի միջոցով հանրության դատին են ներկայացվել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների, բժշկական գերդաստանների՝ մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը:

Նրա գործունեության առանցքում կարևոր, անփոխարինելի տեղ ունի 2018 թվականին «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության և Պաշտպանության նախարարության հետ ստեղծված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Այն բարեգործական հիմունքներով ծառայություններ է մատուցում զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած վիրավոր զինվորներին, զինհաշմանդամներին և ՀՀ քաղաքացիներին:  Կենտրոնը բոլորովին նոր որակ ապահովեց վիրավոր տղաների վերականգնողական բուժման կազմակերպման գործում: Այն թե՛ Ապրիլյան, թե՛ Արցախյան վերջին պատերազմներից հետո շարունակում է իր աշխատանքը՝ հանուն զինվորների ապաքինման, կյանքի որակի բարելավման: Կենտրոնում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ են այն կրճատ անվանում «Զինվորի տուն»՝ փորձելով ապահովել նաև նրանց զբաղվածությունն ու աշխատանքը:

ԵՊԲՀ ռեկտորի կողմից առաջնորդվող նախաձեռնություններում կարմիր թելի պես անցնում է պատասխանատվության զգացումը՝ նախանշված նպատակն ավարտին հասցնելու մեծ ցանկության ու թիմային ոգու ուղեկցությամբ:

Արմեն Մուրադյանն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս լինել լավատես, հայրենասեր ու փորձել ամեն կերպ կյանքը դասավորել սեփական երկրում, երբեք չթերագնահատել աշխատանքի և կրթության բացարձակ արժեքները, լինել նախաձեռնող և պատասխանատու:  Իսկ 100-ամյա ավանդույթներ ունեցող համալսարանի շրջանավարտներին, որոնք այսօր աշխատում են աշխարհի մոտ 40 երկրի ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում, նա կոչ է անում իրենց ամենօրյա աշխատանքով, բժշկի վեհ կեցվածքով բարձր պահել հերացիական լինելու պատվավոր կոչումը:

«Կցանկանայի, որ երիտասարդները միշտ հիշեն՝ յուրաքանյուր նախագիծ, նախաձեռնություն, անշուշտ, ունի  իր բաժին դժվարությունները և այն բանալիները, որոնք վերջնարդյունքում դռներ են բացում մեր առջև»,- հավելում է նա՝ շեշտելով, որ չի սիրում փոքրհոգի, նենգ, անպատասխանատու մարդկանց: Գնահատում է մեծահոգի, պատասխանատու և նախաձեռնողականություն դրսևորողներին: Այս հատկանիշները, նրա գնահատմանբ, որպես կանոն, բնորոշ են մեծ վիրաբույժներին և անվանի բժիշկներին:

Գերծանրաբեռնված առօրյայում բժշկական բուհի ղեկավարն ազատ ժամանակ ունենալու դեպքում սիրում է ընթերցել հուշագրություն և կենսագրական ժանրի գեղարվեստական գրականություն: